Հ1-ի լրագրողները հաղթեցին Հ1-Հեռուստառադիոխորհուրդ տանդեմին

«Վարչական դատարանը՝ Սամվել Հովակիմյանի նախագահությամբ, րոպեներ առաջ բացարձակ արդար վճիռ կայացրեց, բավարարեց իմ ու Լիանայի հայցը՝ ընդդեմ Հեռուստառադիոխորհրդի ապօրինի որոշման»,- մասնավորապես կարդում ենք Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի լրագրող, այս տարեսկզբին աշխատանքից ազատված Սիրանույշ Մուրադյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Ամանորյա տոներից հետո՝ հունվարի 11-ին, Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նորանշանակ ղեկավար Պետրոս Ղազարյանը «Լուրեր» ծրագրի՝ երկարամյա աշխատանքային փորձ ունեցող մի քանի լրագրողների, այդ թվում՝ Լիանա Կարապետյանին ու Սիրանուշ Մուրադյանին, հետտոնական «անակնկալ» էր մատուցել՝ վերջիններիս աշխատանքից ազատվելու մասին ծանուցագրեր հանձնելով, որում նշված է, որ իրենց աշխատանքային պայմանագիրը լուծվում է 2019թ. մարտի 1-ից՝ հաստիքի կրճատման պատճառով։

Հունվարի 25-ին Լիանա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրեց. «Հարգելիներս, Հանրային հեռուստաընկերության լրատվականում 20 տարվա աշխատանքից հետո հաստիքիս անհիմն կրճատման որոշումը կբողոքարկվի… Հայցն արդեն դատարանում է… Կամայականությունների համար պետք է կարողանալ նաև, վաղ թե ուշ, պատասխան տալ»։

Լիանա Կարապետյանի հետ միասին, նույն հայցադիմումով Վարչական դատարան է դիմել նաև Սիրանուշ Մուրադյանը, ով հետագայում ասել էր, որ Պետրոս Ղազարյանը դեռևս Ամանորից 10 օր առաջ էր իրեն հայտնել, որ հնարավոր կրճատվողների թվում է լինելու նաև ինքը։

Ինչևէ, լրագրողները հետևողական գտնվեցին ու դիմեցին դատարան իրենց խախտված իրավունքները վերականգնելու, իրենց նկատմամբ կայացված կամայական որոշումը բողոքարկելու համար։ Լրագրողները համարում էին, որ այդ որոշումը հիմնավորված ու պատճառաբանված չէ և ամբողջովին ապօրինի է։

Շուրջ 20 օր առաջ էլ լրագրողների փաստաբան Տիգրան Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում նշել էր, որ իրենց համոզմամբ՝ դատավորը հասկանում է վեճի էությունը, և կարծում են, որ կլինի օբյեկտիվ վճիռ, սակայն ակնհայտ է, որ երկու լրագրողուհիների դեմ, փաստորեն, գործում են երկու՝ մեկ պետական մարմին և մեկ պետական կազմակերպություն:

Այսօր դատական նիստից հետո 168.am-ի հետ զրույցում լրագրող Սիրանույշ Մուրադյանն ասաց, որ այս վճռով, փաստորեն, դատարանն ապօրինի ճանաչեց Հեռուստառադիոխորհրդի այն որոշումը, որով իրենց հեռացրել էին աշխատանքից՝ կրճատելով հաստիքները:

Մեր այն հարցին, թե վերադառնալո՞ւ են արդյոք Հ1 իրենց աշխատանքին, Սիրանույշ Մուրադյանը պատասխանեց.

«Անշուշտ, թե ես, թե Լիանա Կարապետյանը վերադառնալու ենք մեր աշխատանքին: Գնալու ենք և ավելի մեծ խանդավառությամբ ենք աշխատելու»:

Տեսանյութեր

Լրահոս