Բաժիններ՝

Նշանակված է Հանրայինի «Լուրեր» ծրագրի կրճատված լրագրողներ Լիանա Կարապետյանի ու Սիրանուշ Մուրադյանի գործով դատական առաջին նիստի օրը

Ամանորյա տոներից հետո՝ հունվարի 11-ին, Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նորանշանակ ղեկավար Պետրոս Ղազարյանը «Լուրեր» ծրագրի՝ երկարամյա աշխատանքային փորձ ունեցող մի քանի լրագրողների, այդ թվում՝ Լիանա Կարապետյանին ու Սիրանուշ Մուրադյանին, հետտոնական «անակնկալ» էր մատուցել՝ վերջիններիս աշխատանքից ազատվելու մասին ծանուցագրեր հանձնելով, որում նշված է, որ իրենց աշխատանքային պայմանագիրը լուծվում է 2019թ. մարտի 1-ից՝ հաստիքի կրճատման պատճառով։

Համաձայնեք՝ այնքան էլ հավատ չներշնչող պատճառաբանություն է, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ կապակցությամբ հրավիրած ժողովի ընթացքում Պետրոս Ղազարյանն առաջատար լրագրողներին, ովքեր իրենց աշխատանքային կենսագրության ընթացքում նկատողություն անգամ չեն ունեցել, հայտարարել է, որ կրճատվում են, որովհետև հին են։

Հունվարի 25-ին Լիանա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրեց. «Հարգելիներս, Հանրային հեռուստաընկերության լրատվականում 20 տարվա աշխատանքից հետո հաստիքիս անհիմն կրճատման որոշումը կբողոքարկվի… Հայցն արդեն դատարանում է… Կամայականությունների համար պետք է կարողանալ նաև, վաղ թե ուշ, պատասխան տալ»։

Լիանա Կարապետյանի հետ միասին նույն հայցադիմումով Վարչական դատարան է դիմել նաև Սիրանուշ Մուրադյանը, ով հետագայում ասել էր, որ Պետրոս Ղազարյանը դեռևս Ամանորից 10 օր առաջ էր իրեն հայտնել, որ հնարավոր կրճատվողների թվում է լինելու նաև ինքը։

Ինչևէ, լրագրողները հետևողական գտնվեցին ու դիմեցին դատարան իրենց խախտված իրավունքները վերականգնելու, իրենց նկատմամբ կայացված կամայական որոշումը բողոքարկելու համար։ Լրագրողները համարում են, որ այդ որոշումը հիմնավորված ու պատճառաբանված չէ և ամբողջովին ապօրինի է։

168.am-ը փորձեց դատական դեպարտամենտի լրատվական ծառայությունից ճշտել, թե արդյո՞ք հայցադիմումը վարույթ ընդունված է, դատական նիստ նշանակված, և ով է սույն գործով դատավորը։

Դատական դեպարտամենտից մեզ պատասխանեցին, որ գործը մակագրվել է դատավոր Սամվել Հովակիմյանին, և արդեն իսկ նշանակվել է դատական առաջին նիստի օրը՝ ս/թ ապրիլի 30, ժամը 12:00։

168.am-ը ուշի ուշով կհետևի այս գործի ընթացքին և կտեղեկացնի հետագա զարգացումների մասին։

Ի դեպ, դեկտեմբերի 25-ին «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում Պետրոս Ղազարյանը հայտարարել էր. «Կադրային ջարդ չեմ սկսել, կադրային ցեղասպանություն գրեք էդ դեպքում։ Այսինքն՝ 2 հոգու որ գործից հանում են, դա կադրային ջարդ ա, հա՞։ Քանի՞ հոգու ենք ջարդել, կարա՞ք ասեք։ Ամեն ինչին չափ կա։ Ես Ձեզ չեմ ասում: Քանի հոգու հեռացրել եմ, լավ եմ արել»։

Հետագայում, սակայն, պարզվեց, որ այդ 2 հոգուց 5-ը միայն լրագրողներն էին, էլ չենք խոսում մեկնաբանների մասին։

Այստեղ անհասկանալի է այդ հաստիքների կրճատմանը հավանության տված Հանրային հեռուստաընկերության խորհրդի դիրքորոշումը. արդյո՞ք Խորհրդի համար բավականաչափ հիմնավորված էր այդ հաստիքները կրճատելու Հանրային ու, մասնավորապես, «Լուրեր» ծրագրի ղեկավարության հիմնավորումներն ու ներկայացված փաստարկները։

Ամեն դեպքում դատարանի վճիռը կտա բոլոր հարցերի պատասխանները, իսկ այսօր Լիանա Կարապետյանը ևս մեկ գրառում է կատարել. «Մի քանի օրից` մարտի 1-ից, Հ1-ի դռները ԿՓԱԿԵՆ մեր առաջ… Քիչ անսովոր է, որովհետև 25 տարի շարունակ դրանք բաց են եղել, հարազատ տան դռան պես… Բայց հոգ չէ՝ վերադառնալու ենք … «Լուրեր»»։

ՍՈՖԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս