Բաժիններ՝

«Մենք գործ ունենք մի թատրոնի հետ, որը բեմականացվում է Հ1-ի տնօրենի կողմից, և այդ ներկայացումը շարունակում են մնացածը». փաստաբան

168.am-ը շարունակում է հետևել ՀՀ վարչական դատարանում դատավոր Սերգեյ Հովակիմյանի նախագահությամբ ընթացող Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի լրագրողներ Լիանա Կարապետյանի և Սիրանույշ Մուրադյանի՝ ընդդեմ հեռուստառադիոխորհրդի կայացրած որոշման հայցի քննությանը:

Հիշեցնենք, որ ամանորյա տոներից հետո՝ հունվարի 11-ին, Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նորանշանակ ղեկավար Պետրոս Ղազարյանը «Լուրեր» ծրագրի երկարամյա աշխատանքային փորձ ունեցող մի քանի լրագրողների, այդ թվում՝ Լիանա Կարապետյանին ու Սիրանույշ Մուրադյանին, հետտոնական «անակնկալ» էր մատուցել՝ վերջիններիս աշխատանքից ազատվելու մասին ծանուցագրեր հանձնելով, որում նշված է, որ իրենց աշխատանքային պայմանագիրը լուծվում է 2019թ. մարտի 1-ից՝ հաստիքի կրճատման պատճառով։

Լրագրողները դիմեցին դատարան իրենց խախտված իրավունքները վերականգնելու, իրենց նկատմամբ կայացված կամայական որոշումը բողոքարկելու համար։ Նրանք համարում են, որ այդ որոշումը հիմնավորված ու պատճառաբանված չէ և ամբողջովին ապօրինի է։

Երեկ կայացել է հերթական դատական նիստը, և դեկտեմբերի 9-ին արդեն կհրապարակվի վճիռը: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց լրագրողների փաստաբան Տիգրան Ղազարյանը:

«Գործն արդեն մտել է վճռահատության փուլ: Կլինի վճիռ: Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն ընդունել է թիվ 46-Լ որոշումը, որի համաձայն՝ հաստիքների փոփոխություն է իրականացվել «Հանրային հեռուստաընկերություն» (ՀՀԸ) ՓԲԸ-ում, ինչի հետևանքով կրճատվել են լրագրողներ Լիանա Կարապետյանի և Սիրանույշ Մուրադյանի հաստիքները»,- ասաց փաստաբանը:

Վերջինս դատական գործընթացի վերաբերյալ ուշագրավ փաստ մատնանշեց.

«Հենց ամենասկզբից Հ1-ը ներգրավվեց՝ որպես երրորդ անձ, ով, ըստ էության, դատավարական իմաստով այն կողմն է, որի շահերը կարող է շոշափել տվյալ գործով դատական վճիռը: Պատասխանողը՝ ՀՀԸ-ի խորհուրդը, չէր ներկայանում և ոչ էլ պատասխան էր ներկայացրել երկշաբաթյա ժամկետում: Վերջին նիստին հեռուստաընկերության փաստաբանը՝ Թավադյան Արսենը, արդեն Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Արա Շիրինյանի լիազորագրի հիման վրա եկավ և գործում ներգրավվեց՝ որպես պատասխանող»:

Սա, իհարկե, տարօրինակ է այն առումով, որ, փաստորեն, մինչև նախավերջին դատական նիստը որևէ անգամ որպես պատասխանող չներկայացող կողմը վճռի նախօրեին ներկայանում է ի դեմս երրորդ կողմի՝ Հ1-ի փաստաբան Թավադյան Արսենի: Արդյոք սա չի՞ նշանակում, որ ՀՀԸ խորհրդի նախագահ Արա Շիրինյանի և Հանրայինի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի շահերը տվյալ գործով փաստորեն համընկել են, եթե նա որոշել է հանդես գալ նույն երրորդ կողմի փաստաբանով ու դիրքորոշմամբ, թերևս, կգնահատի դատարանը:

«Հ1-ն իր կարծիքն է առաջ տանում: Երրորդ անձը դարձավ պատասխանողի ներկայացուցիչ, ինչն առնվազն դատավարական իմաստով տարօրինակ է, քանի որ նույնիսկ երբեմն երրորդ անձի և պատասխանողի միջև, ինչպես պրակտիկան է ցույց տալիս, շահերի բախում կարող է լինել, որովհետև 3-րդ անձը, որպես կանոն, չի հետապնդում այն շահերը, ինչ պատասխանողը»,- տարակուսեց փաստաբանը:

Մեր հարցին, թե, ի վերջո, պատասխանող կողմի փաստաբանը Հանրայինի ո՞ր ստորաբաժանման իրավաբանական ծառայությունն է ներկայացնում, Տիգրան Ղազարյանը պատասխանեց. «Եվ «ՀՀԸ ՓԲԸ»,-ն, և Հանրային հեռուստառադիոխորհուրդն ունեն իրավաբանական ստորաբաժանումներ, բայց նրանք իրենց իրավաբաններին չեն գործուղում. ինչ-որ իրավաբանական ընկերության հետ պայմանագիր են կնքելու, և նրանց փաստաբանն է գալիս ներկայացնելու կողմերի շահերը»:

Փաստորեն, ստացվում է տարօրինակ մի իրավիճակ, որ կա՛մ Հանրայինի ղեկավարությունը չի վստահում իրենց մասնագետների պրոֆեսիոնալիզմին, կա՛մ էլ այդ փաստաբանական կազմակերպության հետ որոշակի պայմանագրեր ունեն, և վերջիններս այդ հարաբերությունների շրջանակում են իրավաբանական ծառայություններ մատուցում: Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչո՞ւ են այդքան գումարներ հատկացվում՝ հարկատուների հաշվին պահելու համար իրավաբանական ստորաբաժանումներ:

Ինչ վերաբերում է սպասվելիք վճռին, փաստաբան Տիգրան Ղազարյանը նշեց, որ իրենք լիահույս են, որ իրենց հայցը կբավարարվի:

«Իրենց պնդման հիմնական մեխն այն է, որ այստեղ գործ ունենք մասնավոր իրավահարաբերության հետ, չկա հանրային իրավահարաբերություն: Երրորդ անձը նախնական դատական նիստերին միջնորդություններ էր բերում, ինչին մենք հիմնավոր կերպով առարկում էինք, և դրանք չէին բավարարվում: Հիմա այդ նույն բանը երրորդ անձը չի եկել ասում, այլ պատասխանողի ներկայացուցիչ Արսեն Թավադյանը, ով, փաստորեն, պնդում էր նույն երրորդ անձի դիրքորոշումը»,- նկատեց Տիգրան Ղազարյանը:

Նա նշեց նաև, որ իրենց համոզմամբ՝ դատավորը հասկանում է վեճի էությունը, և կարծում են, որ կլինի օբյեկտիվ վճիռ, սակայն ակնհայտ է, որ երկու լրագրողների դեմ, փաստորեն, գործում են երկու՝ մեկ պետական մարմին և մեկ պետական կազմակերպություն:

«Ակնհայտ է նաև, որ Արա Շիրինյանն ինքնուրույն գործելու վճռականություն չունի: Մենք գործ ունենք մի թատրոնի հետ, որը բեմականացվում է Հ1-ի տնօրենի կողմից, և այդ ներկայացումը շարունակում են մնացածը»,- եզրափակեց Տիգրան Ղազարյանը:

Գոհար Սավզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս