Կա՞, թե՞ չկա տնտեսական հեղափոխություն. Ո՞ւր են արդյունքները
Եթե հավատալու լինենք էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, ապա Հայաստանում տնտեսական հեղափոխությունն արդեն տեղի է ունեցել։ Ուրիշ բան, թե ո՞վ և ինչպե՞ս է այն պատկերացնում։
Օրինակ` նախարարը տնտեսական հեղափոխությունը պատկերացնում է այնպես, որ «Արհեստական մենաշնորհներ չկան և չեն կարող լինել, կոռուպցիա չկա և չի կարող լինել, հավասար մրցակցային պայմաններում բոլորն ազատ են իրենց գաղափարներն իրագործելու»։
Իրականում այդպե՞ս է, թե՞ ոչ, դեռ հարցի մի կողմն է։ Բայց արդյո՞ք դա բավական է ասելու, որ տնտեսական հեղափոխությունն արդեն տեղի է ունեցել։
Այն, ինչ ասում է նախարարը, ըստ էության նորություն չէ։ Մենաշնորհներ ու կոռուպցիա չլինելու, հավասար մրցակցային պայմաններում բոլորի համար ազատ գործելու հնարավորությունների ընձեռնման մասին Նիկոլ Փաշինյանը խոսում է վարչապետ դառնալուց անմիջապես հետո։ Եվ եթե դա է տնտեսական հեղափոխությունը, ապա ինչո՞ւ էր ամիսներ անց պարբերաբար հայտարարվում տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին։ Կամ՝ եթե տնտեսական հեղափոխությունը մենաշնորհների ու կոռուպցիայի մեջ է, իսկ դրանք վաղուց արդեն չկան, էլ ի՞նչ տնտեսական հեղափոխությունից ենք խոսում։
Բայց տնտեսական հեղափոխությունը միայն մենաշնորհիների ու կոռուպցիայի մեջ չէ։ Չհաշված, որ դրանց վերացման մասին հայտարարությունները խիստ չափազանցված են։
Մենաշնորհները Հայաստանում ամենևին էլ չեն վերացել։ Այսօր էլ դրանք կան ու գործում են տնտեսության տարբեր ոլորտներում։ Այդ առումով շատ բան չի փոխվել։ Եվ այն, որ առանձին շուկաներում նոր ընկերություններ են հայտնվել` դա դեռ հիմք չէ մենաշնորհների վերացման կամ հավասար մրցակցության մասին խոսելու համար։ Վաղուց հայտնի բան է, թե այդ շուկաներում ինչպե՞ս և ո՞ւմ միջոցով են նոր ընկերություններ հայտնվում` մրցակցության իմիտացիա ստեղծելու նպատակով։
Մենաշնորհներ Հայաստանում եղել են ու կան։ Հատկապես որ, դա թույլատրված է օրենքով, և խոսքը գերիշխող դիրք զբաղեցնելու մասին է։ Այնպես որ, մենաշնորհների վերացման մասին խոսելու փոխարեն՝ լավ կլիներ, որպեսզի կառավարությունը մտածեր (թեև վաղուց արդեն քայլեր ձեռնարկելու ժամանակն է) գերիշխող դիրքը շուկաներում սահմանափակելու մասին։ Թե չէ, այս պայմաններում անիմաստ է ընդհանրապես խոսել հավասար մրցակցային միջավայրի առկայության մասին։
Առավել ևս, որևէ մեկը չի կարող բացառել կռուպցիան։ Աշխարհի ոչ մի երկրում կոռուպցիան չի հաջողվել վերացնել, և Հայաստանը բացառություն չէ։
Լավ է, որ գոնե վարչապետը խոսում է համակարգային կոռուպցիայի մասին։ Չնայած փորձը ցույց տվեց, որ նույնիսկ դրա վերացման մասին խոսելն է չափազանցված։
Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ այդպես է, որ Հայաստանում չկա կոռուպցիա, չկան մենաշնորհներ, և բոլորի համար ստեղծված են գործելու հավասար պայմաններ, ապա դա շատ քիչ է տնտեսական հեղափոխության համար։ Տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են բազմաթիվ այլ գործոններ, այդ թվում` նաև կառուցվածքային և օրենսդրական բարեփոխումների տեսքով, որոնք այսօր չկան ու հազիվ էլ մոտ ժամանակահատվածում լինեն։
Տնտեսական հեղափոխությունը, ի վերջո, ինքնանպատակ չէ։ Եվ եթե ամեն ինչ այդքան լավ է, և տնտեսական հեղափոխությունն այլևս իրողություն է, ապա ո՞ւր են դրա արդյունքները։ Տնտեսական հեղափոխությունը, առաջին հերթին՝ պիտի արտահայտվեր ներդրումների տեսքով։ Բայց ո՞ւր են տնտեսական հեղափոխության բերած ներդրումները։
Այն, որ միջազգային վարկանշային կամ ֆինանսական ընկերությունները ձեն ձենի տված բարձրացնում են Հայաստանի տնտեսության գնահատականը, դա դեռ հիմք չէ խոսելու տնտեսական հեղափոխության կամ դրա հաջողությունների մասին։ Տնտեսության վիճակը և դրա նկատմամբ արտաքին ու ներքին կապիտալի հետաքրքրությունները վարկանշային ընկերությունների գնահատականներով չէ, որ որոշվում են։ Հատկապես որ, այդ գնահատականները երբեմն նաև քաղաքականացված են։
Վարկանիշի բարձրացումը գուցե և լավ է, գուցե այն դրական ազդակներ է հաղորդում ներդրողներին, բայց միայն դա բավարար չէ ներդրումներ ակնկալելու համար։ Որքան էլ ներդրողներն իրենց վարքագծում գուցե հաշվի են առնում վարկանշային ընկերությունների ասածները, այնուհանդերձ դա չի նշանակում, թե առաջնորդվում են բացառապես դրանով։ Կան բազմաթիվ այլ գործոններ, որոնք շատ ավելի կարևոր դեր են կատարում ներդրողների մտադրությունների իրականացման գործում։
Ու դրանց մեջ առաջնայինն ամենևին էլ ոչ թե վարկանշային ընկերությունների կամ ֆինանսական կազմակերպությունների գնահատականներն են, այլ տնտեսական այն միջավայրը, որտեղ ներդրողները պատրաստվում են ծավալել իրեն գործունեությունը։ Եվ ի՞նչ ունենք այդ առումով այսօր։ Զարմանալի չէ, որ ինչքան էլ վարկանշային ընկերություններն իրենց գնահատականներով փորձում են օժանդակել կառավարությանը, դրանից իրավիճակը գրեթե չի փոխվում։
Այն տնտեսական աճը, որն այս տարի ակնկալվում է, ոչ մի կապ չունի տնտեսական հեղափոխության հետ։ Ավելին, ինչպես ասում էր նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ընդերք քանդելով և արտահանելով՝ կարելի է շատ ավելի բարձր տնտեսական աճ ապահովել։ Ու ոչ մի նշանակություն չունի` կա՞, թե՞ չկա տնտեսական հեղափոխություն։
Այսօր էլ Հայաստանի տնտեսության ընդերքը նույնքան ակտիվ քանդվում ու վաճառվում է։ Եվ դրա վկայությունն է նաև հանքարդյունաբերության ոլորտի 19,5 տոկոսանոց աճը, որն ամենաբարձրն է՝ արդյունաբերության մյուս բոլոր ճյուղերի համեմատ։
Եթե սա է տնտեսական հեղափոխության արդյունքը, ապա դրանով հեռուն չենք գնա։ Զարմանալի չէ, որ «թափ հավաքող» տնտեսական հեղափոխության պայմաններում հաջորդ տարի կառավարությունն ակնկալում է ապահովել շատ ավելի համեստ` ընդամենը 4,9 տոկոս տնտեսական աճ։
Ու դա միայն կառավարության գնահատականը չէ։ Հայաստանի տնտեսության աճի պոտենցիալի մասին ճիշտ այդպիսի կարծիք ունեն նաև միջազգային ֆինանսական ու վարկանշային կառույցները։ Թե ո՞ւր մնացին տնտեսական հեղափոխության արդյունքները, որոնք պիտի ստանայինք մենաշնորհների ու կոռուպցիայի վերացումից հետո, մնում է միայն գուշակել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ