Ադրբեջանը բանակցությունների իմիտացիա է ստեղծում. Աշոտ Ղուլյան

168.am-ի հարցազրույցը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

– Բրատիսլավայում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը դարձյալ շրջանառության մեջ դրեց իր դիրքորոշումըղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, ինչը ՀՀ-ում որոշ քաղաքագետներ և փորձագետներ գնահատեցին՝ որպես վերջնագիր: Դուք այդ կարծիքի՞ն եք, այս պայմաններում հայկական դիվանագիտությունը դիրքորոշման կոշտացման պե՞տք է գնա:

– Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված փաստաթուղթը վկայում է այն, ինչի մասին մենք՝ հայկական կողմերը, անընդհատ բարձրաձայնում ենք, Ադրբեջանը բանակցությունների իմիտացիա է ստեղծում՝ չունենալով հակամարտության կարգավորման իրական նպատակ: Փաստաթղթում շարադրվածը միանշանակ անընդունելի է մեզ համար, և Ադրբեջանը շատ լավ գիտի դրա մասին: Պատերազմում տանուլ տված կողմն ի՞նչ հովերով է տարված, որ նման դիրքորոշմամբ է հանդես գալիս: Այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանն իր համար ջնջել է 90-ական թվականների իրադարձությունների տեսագրությունը և հիմա փորձում է այդ կեղծ պատմությունը հրամցնել աշխարհին:

Հայկական կողմի պատասխանը, որը հնչել է նախարար Մնացականյանի ելույթում, կարծում եմ, ներկայացրած կետերով հիմնականում բացահայտել է հայկական կողմերի դիրքորոշումները, որոնցից կընդգծեի հատկապես երկուսը՝ Արցախի անվտանգությունը զիջման ենթակա չէ, և հակամարտությունը կարող է կարգավորվել Արցախի ընտրված ներկայացուցիչների ներգրավմամբ:

– Արցախի ԱԳ նախարարի հետ Երևանում ունեցած հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ևս մեկ անգամ ընդգծել է Արցախի իշխանությունների ուղիղ ներգրավման անհրաժեշտությունը գործընթացին, հատկապես՝ կարգավորման բովանդակային հարցերի շուրջ: Այսօր հնարավոր համարո՞ւմ եք Արցախի ուղիղ մասնակցությունը հակամարտության կարգավորման բանակցություններին:

– Նշենք, որ բանակցություններին Արցախի մասնակցության հարցը տրամաբանական պահանջ է, որն ընկալելի է նաև միջնորդների համար: Այդ մասին նշվում է հակամարտության կարգավորման հիմնարար փաստաթղթերում, և վերջերս Երևանում հայտարարել է նաև Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը: Տրամաբանական է այն առումով, որ համաձայնեցված ցանկացած տարբերակ ի վերջո կարող է կյանքի կոչվել միայն ու միայն Արցախի ժողովրդի ցանկությամբ ու մասնակցությամբ: Այն, որ առանց Արցախի մասնակցության՝ բանակցություններում առաջընթաց չի կարող գրանցվել, լավ գիտակցում են նաև Ադրբեջանում, և ,կարծում եմ՝ հենց այս գիտակցմամբ է, որ վերջին ժամանակներում փորձում են հակամարտության էությունը խեղաթյուրող նոր մեթոդների դիմել, մասնավորապես՝ ինստիտուցիոնալացնելով, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կազմակերպությունը: Պետք է ակտիվացնել քայլերը՝ հակազդելու ադրբեջանական հերթական զեղծարարությանը, և, եթե անգամ այսօր Արցախի մասնակցությունը լուրջ խոչընդոտների է հանդիպում, ապա դա չի նշանակում, որ մենք չպետք է այդ ուղղությամբ աշխատենք:Այսպես թե այնպես, միայն բանակցությունների լիարժեք ձևաչափը կարող է որոշակի հաջողություն ապահովել:

– Արցախում 2020 թ.-ին սպասվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ, և Դուք նախագահական ընտրություններին՝ որպես թեկնածու, մասնակցության հայտ եք ներկայացրել: Ձեր կարծիքով՝ Արցախն այսօր ի՞նչ տեսակ նախագահի անհրաժեշտություն ունի՝ ուժեղ «զինվորական ձեռքի՞», թե՞ ավելի մեղմ և ժողովրդավարության ձգտող քաղաքական գործչի, ըստ այդմ՝ի՞նչ ընտրապայքար սպասել:

– 2020 թվականի ընտրությունները կարևոր քննություն են լինելու Արցախի պետականաշինության գործում:Նույն օրը մենք որոշելու ենք պետության օրենսդիր մարմնի կազմը և գործադիր մարմնի ղեկավարին՝ կանխանշելով առաջիկա հինգ տարիների մեր երկրի ապագան: Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ ընտրությունները լինելու են տեսակի համար, և յուրաքանչյուր քաղաքացի իր ընտրությամբ պատասխանատվություն է ստանձնելու երկրի ապագայի համար: Ինչ վերաբերում է ընտրապայքարին, ապա ակնկալում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը շահագրգիռ վարքագիծ կդրսևորեն, որ, ինչպես ընտրապայքարը, այնպես էլ բուն ընտրություններն անցնեն ազատ, թափանցիկ և մրցակցային պայմաններում:

Նշեմ, որ իմ թեկնածությունն առաջադրելու որոշում կայացրել է Արցախի ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ): Իսկ թե ինչպիսի նախագահի կարիք ունի Արցախը՝ այստեղ հազիվ թե բավարար լինի առաջարկված տարբերակումը. Արցախին անհրաժեշտ է պետական մտածողությամբ, քաղաքական փորձառություն ունեցող և հասարակությանը համախմբող նախագահ, ով ի զորու կլինի ապահովելու և՛ երկրի կայուն ժողովրդավարական զարգացումը, և՛ անվտանգությունը. այս երկուսն իրար չեն հակասում, ավելին՝ փոխլրացնում են միմյանց:

Տեսանյութեր

Լրահոս