ԱՀԿ-ն կոչ է անում ավելացնել առողջության պահպանման ծախսերը կլիմայի փոփոխության պայմաններում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) անբավարար է համարել այն միջոցները, որոնք աշխարհում հատկացվում են կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերից պաշտպանվելու համար: Այդ մասին ասված է Ժնեւում հրապարակված զեկույցում, որը հիմնված է 101 երկրից ստացված տեղեկությունների ուսումնասիրության վրա։

Այդ պետություններից միայն մոտավորապես կեսում են էքստրեմալ կլիմայական երեւույթներից քաղաքացիների առողջության պաշտպանության ազգային ծրագրեր մշակվել: Զեկույցի հեղինակներն անհանգստացած են այն հանգամանքից, որ նրանց «միայն 38 տոկոսը ֆինանսական միջոցներ ունի իր ազգային ռազմավարական պլանները թեկուզ մասնակիորեն իրականացնելու համար եւ երկրների 10 տոկոսից պակաս մասն է ռեսուրսներ տրամադրում դրանց լիարժեք կատարման նպատակով»:

«Կլիմայի փոփոխությունը ոչ միայն մեծացնում է այն գումարը, որը ապագա սերունդներին հարկ կլինի վճարել, այլեւ ներկա սերնդին է ստիպում հատուցել իրենց առողջությամբ»,-զեկույցի հրապարակման կապակցությամբ հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:

«Բարոյական իմպերատիվը պահանջում է, որ երկրներն անհրաժեշտ ռեսուրսներ ունենան կլիմայի փոփոխության դեմ պայքարելու եւ այժմ ու ապագայում առողջության պահպանման համար»,-նշել է նա: Զեկույցի համաձայն, 48 երկրներ անցկացրել են այն ռիսկերի գնահատում, որոնք առողջության համար ներկայացնում է կլիմայի փոփոխությունը: Ամենից հաճախ խոսքը վերաբերում է այնպիսի հետեւանքների, ինչպիսիք են՝ սթրեսը, վնասվածքները եւ մահը էքստրեմալ եղանակային երեւույթներից, այն հիվանդություններից, որոնք կապված են ուտելիքից, ջրից վարակվելու հետ, ինչպես նաեւ միջատների կծելու հետեւանքով առաջացող հիվանդություններից, որոնք են, մասնավորապես, խոլերան, դենգեն եւ մալարիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս