Բաժիններ՝

«Զբոսաշրջիկներն ո՞ւր այցելեն, եթե անգամ զուգարան չունենք». Ավագանու անդամը՝ քաղաքապետարանին

Երևանի ավագանին այսօրվա նիստում քննարկում է 2018 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» N 47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը: Մասնավորապես առաջարկվում է.

1) եկամուտների գումարը ավելացնել 271,797.1 հազար դրամով,
2) ծախսերի գումարն ավելացնել 271,797.1 հազար դրամով և այն ուղղել Ամանոր 2020 թ. միջոցառումների շրջանակներում Երևանում իրականացվող միջոցառումների կազմակերպման և անցկացման ծառայությունների համար գեղարվեստական մասի ապահովման, ձայնային, լուսային LED էկրանների վարձակալության և սպասարկման, ժամանակակից կոնստրուկցիաներով վերգետնյա անցումի պատրաստման, ձևավորման աշխատանքների, դեկորացիաների պատրաստման համար:

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանի կարծիքով՝ նման ճոխությունների կարիք այսօրվա Հայաստանում չկա:

«Ինձ մոտ մի տարօրինակ հարց է առաջանում. անընդհատ համեմատվում ենք այլ քաղաքների հետ: Ես փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հարցազրույցը լսեցի՝ անընդհատ համեմատվում ենք հարևան Թբիլիսիի հետ. լուսավորությունն այնտեղ այսպես է, այնպես է, այնտեղ այնքան տոնածառ կա, մեզ մոտ՝ այսքան: Ուսումնասիրեցի, թե Թբիլիսիում ինչ ծախսեր են արվում, զբոսաշարժային շարժն ինչպիսին է, եկեք անկեղծ լինենք և հաշվի առնենք, որ Թբիլիսիում վերջին տարիներին  զբոսաշրջության բում է: Մեծ ակնկալիք ունեմ, որ մեր երկրում էլ, մասնավորապես՝ Երևանում, մեկ օր կկարողանանք այդ բումն ապահովել, բայց ինչպես ասում են՝ վերմակը պետք է կարողանանք մեր ոտքերի գյորա գցենք,- նշեց ավագանու անդամը՝ շարունակելով,- Հիմա բացում և տեսնում եմ, որ ամբողջ ծրագիրը, որն արվում է Թբիլիսիում, նույնականացվել է Երևանի դեպքում:

Չեմ հասկանում՝ մենք գաղափարների գեներացման, նորարարացման պրոբլեմ ունե՞նք: Մեկ ուրիշ քաղաքի լուծումները փորձում ենք Երևանում անցկացնել և ասում ենք՝ գիտեք, իրենք համադամ ուտեստների չգիտեմ ինչ են ուզում անել, մենք էլ անենք: Ամանորին ինչ պետք է տեղի ունենա Թբիլիսիում, նույնությամբ մեզ մոտ է արվում: Դրա համար որոշել ենք՝ դե, որ այնտեղ անում են, մենք ումի՞ց ենք վատ: Եկեք մենք էլ տոնածառներ դնենք, լույսերը շատացնենք, կառավարությանն ասենք, որ փող տրամադրի:

Պետք է հաշվի առնենք, որ այնտեղ քաղաքապետն ամանորյա տոներին մասնավոր սեկտորին է ներգրավել, ու մասնակցում են տաբեր նվիրատվություններով: «Կամազ» չեն նվիրում, կարող է՝ երկու տոնածառ են նվիրում, որը շատ ավելի ընդունելի է: Թբիլիսիի ավագանու անդամների հետ կապ եմ հաստատել, այո՛, այս տարի մեծ բյուջե են հատկացրել, որովհետև տոնածառներ պետք է փոխեն: Դա մոտ 1 միլիոն դոլար է արժեցել իրենց համար, իսկ մնացած ծախսերի ամսով 300.000 դոլարից ավելի դա չի կազմում: Պետք է հաշվի առնել այն, որ Թբիլիսին երեք անգամ մեր քաղաքից մեծ է: Սա զավեշտ է ինձ համար: Ուզում եք զբոսաշրջություն զարգացնել, երբ 2020թ. բյուջեում ընդամենը երկու զուգարանի բյուջե եք հաստատել: Զբոսաշրջիկներն ո՞ւր այցելեն, եթե անգամ զուգարան չունենք: Դուք տենց ճոխ-ճոխ 326 մլն ծախս արեք, որպեսզի Նոր տարի նշեք»:

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, շարունակելով գործընկերոջ խոսքը՝ նկատեց. «Եթե կարողանում ենք կառավարությունից 271,797.1 հազար դրամ բերել, ապա ինչո՞ւ այդ գումարը չենք հատկացնում, օրինակ՝ պոլիկլինիկաների վերանորոգման կամ վերելակների փոխարինման համար: Սա զավեշտալի է: ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու այս նախագծին»:

Ֆինանսավարկային տնտեսական հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Լևոն Հովհաննիսյանն արձագանքեց՝ ասելով. «Ոմանց մոտ տնտեսական մտածելակերպը բացակայում է: Գումարը տրամադրվում է հստակ ծախսեր կատարելու համար: Լինելու են կապիտալ ծախսեր, և համայնքը կարողանալու է հետագայում այդ ձեռք բերված գույքն օգտագործել: Երբ մեկ տուրիստ գալիս է Երևան՝ ապրանք  է գնում, այնտեղ կա ԱԱՀ, որը գնում է պետությանը: Երբ նույն տուրիստը հյուրանոցում է մնում Ամանորին, այդ հյուրանոցը վերջում շահութահարկ է վճարելու, որը նույնպես, կոպիտ ասած՝ պետության գումարն է: Ուղղակի չի կարելի նման պոպուլիստական ձևով վերաբերվել այս հարցին: Ես զարմանում եմ. դուք կամ ընդհանրապես տնտեսագիտությունից չեք հասկանում, կամ խոսում եք այնպիսի բաների մասին, որը չեք պատկերացնում»:

Վերջում տեղի ունեցավ քվեարկություն. կողմ քվեարկեցին 41-ը, դեմ՝ 5-ը, ձեռնպահ՝ 2-ը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս