«Ինչպե՞ս կարող է, օրինակ, Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի պետը չլինել մասնագիտացված պահանջներով պաշտոնյա». Արամ Վարդևանյան
Այսօր Խորհրդարանը 19 կողմ, 89 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները համարել քաղաքական և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:
Քվեարկությունից առաջ վարման կարգով խոսեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` հայտարարելով, որ դեմ են նախագծին:
Հիշեցնենք, որ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Գործող օրենսդրությամբ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:
Ոստիկանության պետ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:
Ի դեպ, նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր և ուղարկվել գրավոր առաջարկների փուլ, սակայն նախագծի` երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ իշխող քաղաքական մեծամասնությունն արդեն դեմ էր նախագծին: Ըստ «Իմ քայլի»` նախագիծն այս կերպ ընդունելով՝ Սահմանադրության հետ խնդիր է առաջանում:
168.am-ը սահմանադրագետ Արամ Վարդևանյանից փորձեց ճշտել, թե նշված նախագիծն ինչ խնդիր կարող է ունենալ Սահմանադրության հետ:
Վերջինս նշեց, որ, քանի որ ծանոթ չէ մերժման ամբողջական հիմնավորումների հետ, ինքը միայն կարող է ենթադրել հետևյալը, որ Սահմանադրությունն ըստ էության կառավարության կառուցվածքի տեսանկյունից ենթադրում է նախարարությունների սպառիչ թիվ:
«Ենթադրում եմ, որ ԱԱԾ տնօրենի ու Ոստիկանության պետի համար քաղաքական պաշտոն ձևակերպելն իրենից ենթադրելու էր նաև, օրինակ, դրանց վերակազմավորումը նախարարությունների, այլ ոչ կառավարությանը կամ վարչապետին ենթակա մարմնի: Եվ միգուցե այդ տեսանկյունից է իշխող ուժը դիտարկել հարցը, որ այդ պարագայում կարող է ուռճացվել կառավարության նախարարությունների թվաքանակը կառուցվածքի տեսանկյունից, որով Սահմանադրության խնդիր կառաջանա»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Սահմանադրագետը կարծում է, որ բացի դրանից, մասնագիտացած կառույցներում մասնագիտացման պահանջի նախատեսումը բխում է ընդհանուր օրենսդրությունից: Այսինքն՝ ներկայումս գործող օրենսդրական կարգավորումները որոշակի տրամաբանություն են ունեցել, որը տեխնիկական փոփոխությունով չէ, որ պետք է հաղթահարվի:
«Ինչպե՞ս կարող է, օրինակ, Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի պետը չլինել մասնագիտացված պահանջներով պաշտոնյա: Հիմա, ենթադրենք, թե օրենքի մեջ տեխնիկական փոփոխություն անենք, բայց դա ինքնին օրենքի նպատակին հակասող կլինի, իսկ դա հակասում է նաև Սահմանադրության՝ իրավական պետության սկզբունքին»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ հավելելով, սակայն, որ ամեն դեպքում առավելապես տրամաբանությունը հուշում է, որ քաղաքական պաշտոնյան պետք է լինի նախարար, իսկ այդ կերպ կխախտվի Սահմանադրությամբ սահմանված կառավարության անդամների թվի սահմանափակման սկզբունքը:
Սահմանադրագետը նշում է, որ թե Ոստիկանությունը, և թե ԱԱԾ-ն փոքր ինստիտուտներ չեն և իրենց բովանդակությամբ կարող են լինել նախարարություններ, և, թերևս, դա է տրամաբանությունը:
«Իհարկե, ես գտնում եմ, որ քաղաքական պաշտոնյա դիտարկել անմիջականորեն, եթե ավելի լայն ձևակերպեմ, Զինված ուժերի հետ ուղղակի առնչություն ունեցող մարմինները (Զինված ուժերը լայն հասկացություն է: Այն իր մեջ ներառում է և ոստիկանության զորքերը, և ԱԱԾ սահմանապահ զորքերը, և այլն), այս մասով ես խնդիր տեսնում եմ»,- նկատեց Արամ Վարդևանյանը:
Մեր հարցին, թե երբ առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվում էր, իշխող ուժը չէ՞ր տեսնում, որ Սահմանադրության հետ խնդիր կա, սահմանադրագետը պատասխանեց, որ պատահական չէ, որ Ազգային ժողովում որոշ օրենքներ՝ երկրորդ, մյուսները՝ երրորդ ընթերցմամբ են ընդունվում, բայց ամեն դեպքում այդ մեխանիզմները կան, և դրանցից յուրաքանչյուրն իրենից ինչ-որ ֆիլտր է ենթադրում:
«Բացի դրանից, Ազգային ժողովը, իհարկե, քաղաքական մարմին է, հետևաբար՝ քաղաքական մարմնի գործողությունները բացառապես իրավական շրջանակներում դիտարկելն ինքնին անշնորհակալ գործ է: Իհարկե, քիչ է լինում, որ առաջին ընթերցումով դրական ելք ունեցած նախագիծը երկրորդով մերժվի, բայց ամեն դեպքում դրա հնարավորությունը կա»,- եզրափակեց Արամ Վարդևանյանը: