«Որքանով կարող են արդյունավետ լինել նման շփումները, երբ ԼՂ բանակցային գործընթացում առաջընթաց ու հաջողություններ չկան». Սկակով
«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ նման նախաձեռնությունները լավ են, բայց դրանք կարող են ցանկացած պահի դադարեցվել կողմերից մեկի ցանկությամբ այն պատճառով, որ սա ոչինչ չի փոխում բանակցային սեղանի շուրջ»,- մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ժողովրդական դիվանագիտությունն ակտիվացնելու միտումներին Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով պայմանավորվածության համաձայն՝ նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ: Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ: Վերջին ամիսների ընթացքում սա հումանիտար բնույթի երկրորդ նախաձեռնությունն է ամռանը տեղի ունեցած գերիների փոխանակումից հետո:
Ալեքսանդր Սկակովը նշեց, որ հակամարտության պատմության ընթացքում կողմերն ունեցել են ժողովրդական դիվանագիտության փորձ, սակայն դա դադարեցվել է մի պահի, երբ դիտարկվել է որպես խոչընդոտ՝ բարձր մակարդակի բանակցություններ վարելու ճանապարհին: Բնականաբար, ըստ նրա՝ ժողովուրդների միջև շփումները կարող են օգտակար լինել, երբ երկրներն իսկապես ունեն հակամարտությունը կարգավորելու ցանկություն, որի պարագայում շփումը կարող է ձևավորել դրական տրամադրվածություն մյուս կողմի նկատմամբ, բարձրացնել ճանաչելիությունը:
«Այս դեպքում հարկ է հասկանալ, թե որքանով կարող են արդյունավետ, շարունակական լինել նման շփումները, երբ բանակցային գործընթացում առաջընթաց ու հաջողություններ չկան, չեն էլ նշմարվում: Հարկ է հասկանալ, թե արդյոք նման շփումները կարո՞ղ են ազդել և նպաստել հաջողությունների բանակցային գործընթացում: Պետք է հաշվի առնել, որ միայն ժողովրդական դիվանագիտությամբ գլոբալ արդյունքների հնարավոր չէ հասնել, բայց ես դրական եմ համարում կողմերի պատրաստակամությունը՝ թեկուզ պայմանավորվելու նման հանդիպումների շուրջ, որքան էլ որ բարդ է բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրել: Հասկանալի է, որ բանակցային գործընթացը վերաբերում է կողմերի կարծր դիրքորոշումներին, որոնց փոփոխության նախադրյալներ ներկայումս չեմ տեսնում: Ժողովրդական դիվանագիտության հաջողությունը մասամբ պայմանավորված է նաև ավելի բարձր մակարդակում կողմերի տրամադրվածությամբ և դիրքորոշումներով, եթե համապատասխան մթնոլորտ և տրամադրվածություն չկա, այս նախաձեռնությունները չեն ծառայի այն նպատակին, ինչի համար կազմակերպվում են:
Բնականաբար, այս ամենի ազդեցության մասին կարելի է դատել նման մի քանի այցերի կազմակերպումից, դինամիկայի դիտարկումից հետո: Առաջին այցից հետո դժվար է երկարաժամկետ կանխատեսումներ անել՝ հաշվի առնելով, որ ժողովուրդների միջև շփումներ երկար տարիներ տեղի չեն ունեցել: Առաջին այցը նման պայմաններում ենթադրում է մտավախություններ, անհանգստություններ, որոնք կարող են վերանալ միայն ժամանակի ընթացքում մի քանի հաջողված հանդիպումներից հետո: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ նման նախաձեռնությունները լավ են, բայց դրանք կարող են ցանկացած պահի դադարեցվել կողմերից մեկի ցանկությամբ այն պատճառով, որ սա ոչինչ չի փոխում բանակցային սեղանի շուրջ»,- ասաց Սկակովը:
Անդրադառնալով օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն դիտարկմանը, թե ներքին տեղահանված անձանց և փախստականների հարազատ հողեր վերադարձի իրավունքը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների անքակտելի բաղադրիչը՝ Սկակովն ասաց, որ որևէ նորություն չի ասվել: Բնականաբար, նրա խոսքով, նման հարցեր կամ քննարկվում են, կամ քննարկվել են, կքննարկվեն համապատասխան կարգավորման կոնտեքստում:
«Կարևոր է, որպեսզի ինչպես մի շարք այլ հարցերում, այնպես էլ այս հարցում Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները համաձայնեցված լինեն, և կողմերը կամայական չմեկնաբանեն: Այս ուղղությամբ, կարծում եմ՝ անելիք կլինի, երբ կողմերը կբանակցեն իսկապես»,- ասաց Սկակովը:
Փորձագետը, դիտարկելով բանակցային գործընթացը, ինչպես նաև վերջին շրջանում հնչած հայտարարությունները, ցավով նշեց, որ, չնայած հումանիտար բնույթի պայմանավորվածություններին՝ դրական դինամիկա չի նկատում: «Բանակցային գործընթացն այնքան էլ արդյունավետ չէ, կողմերը չեն ցանկանում զիջումներ, որը, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս վտանգներ է պարունակում»,- ասաց Սկակովը:
Նա նաև չի տեսնում հնարավորություն՝ բանակցային գործընթացին Ստեփանակերտի միանալու թեմայի առնչությամբ: