Դդմագույն ծուխ՝ ԿԳՄՍՆ-ին. ՎԵՏՕ-ն աջակցում է նախարարության առջև ակցիա իրականացնողներին
ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժումն աջակցում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույց անող ուսանողներին: Այսօր ՎԵՏՕ-ի հիմնադիր Նարեկ Մալյանը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի առջև «Ազատություն Նիկոլ Փաշինյանին Սորոսից» կարգախոսով ցույցի ժամանակ դդմագույն ծուխ բաց թողեց: Մեկնաբանեց, որ այն նվիրվում է ԿԳՄՍՆ-ին:
«Սա մեր կրթության և մշակույթի այսօրվա վիճակն է, այս դդմագույն ծուխը: Այն երեխաները, որոնք այսօր նստացույց են անում ԿԳՄՍՆ-ի դիմաց, հայոց լեզվի պահապաններն են, նայում եմ, սիրտս մղկտում է, աննահանջ կանգնած են»,- ասաց Նարեկ Մալյանը:
Հիշեցնենք՝ արդեն ավելի քան 2 շաբաթ ակցիաներ են տեղի ունենում ԿԳՄՍ նախարարության, ԵՊՀ շենքերի մոտ: Ուսանողներն ու ՀՅԴ երիտթևի անդամները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ