«Պետք է աշխարհում մեր սփռվածությունը դարձնենք մեր ժողովրդի առավելությունը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Միլանի Հայ առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Միլանից, վարչապետը ողջունեց ներկաներին, նշելով, որ ուրախ է հանդիպման և ստեղծված առիթի համար:
«Շատ ուրախ եմ այսօր այստեղ ներկա գտնվելու և իրար հետ լինելու առիթով, և շատ խորհրդանշական է, որ ես Իտալիա եմ ժամանել պաշտոնական այցով, բայց առայժմ գտնվում եմ բացառապես հայկական օրակարգի շրջանակներում: Մենք այստեղ եկանք Վենետիկից, որտեղ այցելեցինք Սուրբ Ղազար կղզի, Մխիթարյան միաբանություն, և ահա, մեր երկրորդ հանգրվանը Միլանի հայ առաքելական եկեղեցին է: Իսկապես, սա շատ խորհրդանշական է: Կապ չունի, թե ինչ օրակարգով, և որ երկիր ենք գնում, սկսած Սինգապուր կատարած իմ այցից, մենք տեսնում ենք հայոց պատմության յուրօրինակ նմուշներ, աշխարհի բոլոր կողմերում հանդիպում ենք մեր հայրենակիցների հետ, և մեր այսպիսի սփռվածությունն աշխարհում, որպես կանոն ընկալում ենք մեր պատմական դժբախտության հետևանք, բայց այս նոր ժամանակներում մենք պետք է փորձ անենք այդ պատմական մեր դժվարությունների հետևանքները դարձնելու մի նոր առավելություն մեր ժողովրդի, պետության համար, որովհետև այս ուժը, որ մենք ունենք ամբողջ աշխարհում, շատ կարևոր եմ համարում: Սինգապուրի ամենահին եկեղեցին հայկական եկեղեցին է: Հայերը բոլոր երկրներում նպաստել են այդ երկրի շենացմանը, ավանդ են ունեցել այդ երկրի տնտեսության, մշակույթի, կրթության, գիտության մեջ: Սա մեր ազգի ու ժողովրդին բնորոշ ամենակարևոր գիծն է: Մենք այս իմիջով պետք է ներկայանանք աշխարհին»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Եկեղեցում ՀՀ վարչապետին սպասում էին տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Բարիգալստյան աղոթքից հետո ելույթով հանդես եկավ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Դիմելով ՀՀ վարչապետին՝ նա նշեց. «Ես տեղյակ եմ, որ Ձեր կարևորագույն առաքելության հիմնակետը փոփոխությունն է՝ հայրենիքի, հայրենի ժողովրդի և մեր ազգի կյանքում: Եվ բնականաբար փոփոխությունները երբեմն դժվարություններ են բերում, հետևաբար մեր աղոթքն է, որ դուք Ձեր առաքելության ճանապարհին քաջ կերպով շարունակեք ինչ-որ սկսել եք՝ հանուն մեր հայրենիքի, հանուն մեր ժողովրդի բարելավման ու մեր հայրենիքի լուսավոր ապագայի համար: Ես գիտեմ, որ մանավանդ երիտասարդ սերունդը Ձեզնով խանդավառ է»:
Նա հիշեց հալեպահայ մի երիտասարդի, որը Երևանում է հաստատվել և անցնող 2 տարիներին Իտալիա է եկել՝ ուսումը և աշխատանքը շարունակելու համար, խանդավառված է «Իմ քայլը» շարժումով և շարժման ղեկավարով:
Շանթ Խլղաթյան