Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը մասնակցել է Ալեքսան Կիրակոսյանի գրքի շնորհանդեսին

«Երբ ես ավարտեցի համալսարանը, ինձ ասաց՝ գնա բանվորություն արա, ասաց՝ բանվորի քրտինքի հոտը կքաշես, միգուցե մի բան կստացվի»,- հոր մասին խոսելիս՝ առաջինն այս պատմությունն է հիշում Աշոտ Կիրակոսյանը:

Շիրակ գավառի Այգաբաց գյուղի զավակն էր նրա հայրը՝ նշանավոր պետական-քաղաքական գործիչ Ալեքսան Կիրակոսյանը: Անցած տարի լրացել է մտավորականի 100-ամյա տարելիցը: Այդ առիթով որդու նախաձեռնությամբ այս տարի վերահրատարակվել է գործչի «Մայրամուտի շեմին: Հուշեր և մտորումներ» գիրքը:

«Կարծում եմ՝ այս գիրքը հիմա բավականին ակտուալ է, այն առումով, որ սա դասագիրք է ոչ միայն փորձված քաղաքական գործիչների, այլև երիտասարդ քաղաքական գործիչների համար, կարող է դասագիրք լինել, թե ինչպես սիրել հայրենիքը»:

Հեղինակը գրքում միայն իր մասին չէ, որ պատմում է: Հեղինակի հուշերում տեղ են գտել այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսին է, օրինակ՝ հայ քաղաքական-պետական գործիչ Կարեն Դեմիճյանը:

Վերահրատարակված գրքի շնորհանդեսին ներկա էին բազմաթիվ մտավորականներ, այդ թվում՝ Ալեքսան Կիրակոսյանի նախկին գործընկերները, ընկերները, ընտանիքի անդամները: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: Մտավորականի ընկերներից գրող Ռազմիկ Դավոյանը պատմում է՝ իրար հետ ապրել են, ասում է` եթե Ալեքսան Կիրակոսյանի հետ չես պարել, կարող ես համարել, որ շփում էլ չես ունեցել:

«Ազգային, մշակութային, տնտեսական, քաղաքական մեծագույն ներկայություն էր մեր իրականության մեջ: Նա մի մարդ էր, որը որ բնագավառին անդրադառնում էր, բաղադրում էր, թել-թել բացում էր, գտնում  էր ազգային արմատների կապված տեղերն ու միահյուսում: Ինքն այս առումով նախորդներ ուներ՝ ի դեմս Հովհաննես Թումանյանի, Խաչատուր Աբովյանի»:

Որդին հիշում է՝ հայրը  խիստ էր և՛ ընտանիքում, և՛ աշխատավայրում, բայց նաև նույնքան ջերմ էր: Ընկերները նրան հիշում են՝ որպես մեծ հայրենասերի, ով կարևորում էր մայրենի լեզուն ու գիրքը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս