«Չոր կաթից պանիր պատրաստել չի ստացվում». Ռուբեն Հայթյանը՝ պանրային մթերքի հետ կապված ահազանգի մասին
Եթե որոշ ժամանակ առաջ թթվասերային մթերքը վաճառում էին թթվասերի անվան տակ, նույնը հիմա պանրի դեպքում է:
Քաղաքացիներն ահազանգում են՝ շուկայում հաճախ են հանդիպում պանրի, որ տուփին գրված է՝ պանրային մթերք:
«Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանից հետաքրքվեցինք՝ արդյո՞ք տեղին են այն մտահոգութունները, որ պանիրը պատրաստում են կաթի փոշուց և բուսայուղից։
««Պանրային մթերքը» նշանակում է այն, որ ասորտի է, այնտեղ թելիկներ կան, որ պանիր չեն: Պանրային մթերքը պանրի տեսականուն է վերաբերում՝ պանրի հումքից տարբեր տեսակների ձևավորման մասին է խոսքը: Ինչպես թթվասերի դեպքում է: Հիմա էլ կա կաթնայուղի փոխարեն՝ բուսական յուղով պատրաստված թթվասեր, իսկ այս դեպքում պանրի բնական հումքից ուրիշ բան են սարքում:
Գիտե՞ք, չոր կաթից պանիր պատրաստել չի ստացվում, փշրվում է: Մի ժամանակ այդպես արեցին, բայց հիմա, որ կաթն ամռանը շատ էժան են գնում, ավելի լավ է՝ բնական կաթից սարքեն»,- նշեց Ռուբեն Հայթյանը:
Նկատենք, որ Հայաստանում պանիրը սննդակարգի կարևոր մաս է եղել և շարունակում է մնալ այդպիսին: ԽՍՀՄ տարիներին մեր երկրին է պատկանել Խորհրդային Միության դեղին և կապույտ պանրի տեսակների արտադրության զգալի մասը, բայց 1988թ. երկրաշարժից և Խորհրդային Միության փլուզումից հետո արտադրությունը 95%-ով նվազել է, իսկ խոշոր արտադրությունների մեծ մասը՝ փակվել: Այժմ, համաձայն Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի՝ պանրի կայուն արտադրությունը 18-23 հազ. տոննայի միջակայքում է: Հայաստանում պանրի զգալի մասն արտադրվում է գյուղական բնակավայրերում անհատական տնային տնտեսությունների կողմից: Այս արտադրությունը հաճախ պաշտոնապես չի գրանցվում: Ըստ Համաշխարհային բանկի «Պանրի արտադրությունը և արտահանման մատակարարման շղթան» հաշվետվության (2017թ.)՝ Հայաստանում արտադրվում է շուրջ 25 տեսակ պանիր: Սա ներառում է պանրի բոլոր կատեգորիաները՝ փափուկ, կիսափափուկ, կոշտ և այլն: Հայաստանում արտադրվում են ավանդաբար տեղական ընկալվող (օրինակ՝ «Լոռի», «Չանախ», «Տաշիր», «Չեչիլ» և այլն) և արտասահմանյան (օրինակ՝ «Ֆետա», «Մոցարելլա», «Էդամ», «Գաուդա» և այլն) պանրի տեսակներ: Հիմնական ավանդական տեսակները, ինչպիսիք են «Լոռին» ու «Չանախը», արտադրվում են Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում:
Պանրի սպառման մակարդակը Հայաստանում բավական ցածր է՝ Արևելյան Եվրոպայի և ԵՄ միջին ցուցանիշների համեմատ:
Հայաստանում պանիրն ավանդական դեր ունի սննդի սպառման մեջ: Սպառվող պանրի գերիշխող տեսակներն են «Լոռին» (շուրջ 60%) և «Չանախը» (շուրջ 30%), իսկ տեղական արտադրության և ներմուծված պանրի տեսակները կազմում են պանրի ընդհանուր սպառման շուրջ 10%-ը: Հայաստանից պանիրը հիմնականում արտահանում են Ռուսաստանի Դաշնություն, իսկ փոքր ծավալներով՝ նաև Վրաստան, Ղազախստան և ԱՄՆ։
Անի Կարապետյան