«Դատավորների 80 տոկոսը ծառայում է նոր իշխանությանը, իսկ 20 տոկոսին կսանձահարեն և կուղարկեն վաղ թոշակի». Ավետիք Իշխանյան

Հարցազրույց «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հ/կ-ի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ

– Պարոն Իշխանյան, Ազգային անվտանգության ծառայությունը տարածեց հաղորդագրություն, որ 2016-2018 թթ. 3 տասնյակ երեխաներ են որդեգրվել՝ ապօրինի: Նախկին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Կառավարության նիստերից մեկի ժամանակ խոսեց երեխաների օրգանների վաճառքի և երեխաների ապօրինի որդեգրման մասին։ Այդ ժամանակ ԱԱԾ  տնօրեն Արթուր Վանեցյանին ասաց, որ ԱԱԾ-ն նման տեղեկություններ չունի։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս է ստացվում, որ Վանեցյանն ասում է՝ իր ղեկավարած ծառայությանը հայտնի չէ նման տեղեկություն, իսկ նրանից հետո  ԱԱԾ-ն  նման բացահայտում է անում։

– Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ սա ուղղված է Արթուր Վանեցյանի դեմ, և շատ հնարավոր է, ես չեմ բացառում, բայց այստեղ կարևոր մեկ այլ հարց է առաջանում՝ արդյո՞ք դա ազգային անվտանգության խնդիրն է։ Ընդհանրապես ԱԱԾ-ն պետք է լինի փակ կառույց և զբաղվի հետախուզությամբ և հակահետախուզությամբ, իսկ մեզ մոտ ԱԱԾ-ն ամեն ինչով զբաղվում է և օրվա հերոսն է. և՛ կոռուպցիոն հանցագործություններ է բացահայտում, և՛ տարբեր մարդկանց է ասֆալտին փռում… Ինչ վերաբերում է այդ 30 ապօրինի որդեգրման դեպքերի բացահայտմանը, ապա եկեք սպասենք և տեսնենք, թե ինչպիսի՞ն կլինի հետագա ընթացքը, որքանո՞վ դրանք կապացուցվեն, որովհետև մենք բազմիցս ենք լսել նման հնչուն արտահայտություններ, բայց հետո դրա շարունակությունը չի եղել։

Վարչապետը Կառավարության նիստում ասաց. «ԱԱԾ-ին հանձնարարական եմ տվել՝ պարզել որոշ շրջանակների ու Սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները», իսկ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էլ հաստատեց, որ նման հանձնարարական են ստացել…

– Ներեցե՛ք, Դուք հիմա կատա՞կ եք անում։

– Ամենևին, կատակ չի արել նաև վարչապետ Փաշինյանը։ Նա այսօր ասաց, որ այդ հանձնարարականը տվել է առանց կատակի։

– Տպավորությունս այնպիսին է, որ մենք ապրում ենք խորը միջնադարում, և աչքիս առաջ գալիս են Բոսխի նկարները։ Ես չէի պատկերացնի, որ 21-րդ դարում Հայաստանի կառավարությունում կքննարկվի սատանայի հարց, գուցե վաղն էլ քննարկվի վհուկների որսի՞ հարցը, ու սկսեն այրել խարույկների վրա…  Եվրոպայի խորհրդի անդամ երկրում կարող է սկսվել սատանայափնտրությո՞ւն։ Ես ենթադրում եմ՝ քանի որ տարբեր հարցերի հետ կապված ընդդիմությունը, կամ, ավելի ճիշտ՝ ռեակցիոն ընդդիմությունը բարձրացրեց սատանայական երևույթների մասին, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ, քանի որ մշտապես խնդիր ունի հասարակական կարծիքի հետ շարժվելու, որոշեց այդ դաշտը վերցնել, որ այդ կապը չկտրվի։

– Կառավարությունն ընդունեց դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին նախագիծն ու այն ուղարկեց ԱԺ, համարեց անհետաձգելի, ուստի այս նախագիծը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում։ Հնչում են գնահատականներ, որ Կառավարությունն այս քայլով վաղ կենսաթոշակի անցնող դատավորներին յուրայիններով փոխարինելու խնդիր է դրել։ Նման միտում տեսնո՞ւմ եք։

– Իսկ ինչո՞ւ այդ օրինագծով վաղ թոշակի չեն անցնում դատաիրավական համակարգի ներկայացուցիչները՝ ոստիկանություն, քննչական մարմիններ, դատախազություն, ԱԱԾ և նոր դատարաններ։ Ի վերջո, այդ կառույցներն այն նույն անձնակազմով, ինչով  ծառայում էին նախկին իշխանություններին, նույն նվիրվածությամբ հիմա ծառայում են նոր վարչապետին, հետևաբար՝ նրանց վաղ թոշակի ուղարկել պետք չէ, իսկ քանի որ դատավորներից ոմանք երբեմն ինքնուրույնություն են ցուցաբերում, ուրեմն, ըստ իշխանությունների, պետք է պատժել։ Իմ համոզմամբ՝ այս օրինագիծը կաշխատի այն դատավորների վրա, որոնք փորձել են լինել ինքնուրույն և չեն ենթարկվել իշխանությանը. սա լինելու է հերթական սանձահարումը 10-20 տոկոս դատավորների, իսկ 80 տոկոս դատավորները հիմա ծառայում են նոր իշխանություններին։ Եվ այս օրինագիծն ուղղված է այդ 10-20 տոկոսին, որոնք չեն ենթարկվում իշխանություններին, նրանց են թոշակի ուղարկելու։ Կապրենք՝ կտեսնենք. տա Աստված՝ ես սխալվեմ, բայց եկեք ուշադիր լինենք և տեսնենք, թե ում նկատմամբ վաղ թոշակը կկիրառվի, արդյոք, օրինակ, Գլխավոր դատախազը վաղ թոշակի կգնա՞։

– «Մարտի 1»-ի գործն արդյոք դրվա՞ծ է այս նախագծի հիմքում։

– Համոզված եմ, որ հիմնական հարցը դա է, որովհետև ամեն անգամ ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սպառնացել է դատարաններին այն ժամանակ, երբ հարց է եղել իր համար ոչ հաճո որոշումների հետ կապված. մեկը եղավ  անցյալ տարվա  օգոստոսին, մյուսը՝ այս տարվա մայիսին։ Մնացած դեպքերում ամեն ինչ մոռացվել է։ Եթե ուզում էին, որ Սահմանադրական դատարանը լիներ իրապես անկախ, ապա Հանրապետության նախագահը երկու անգամ ներկայացրեց թափուր տեղի համար  քաղաքականապես բացարձակապես չեզոք թեկնածուների, որոնք մերժվեցին, և անցավ  քաղաքականացված իրենց յուրայինը՝ իրենց ճաշակով (Վահե Գրիգորյանը,- Ա.Ս.)։ Պատկերացրեք, եթե Սահմանադրական դատարանի այլ դատավոր կամ անդամ, ինչպես իրենց քիմքին հարմար է, այդպես նիստերին չմասնակցեր, ի՞նչ կկատարվեր։ Այսքանով  այս հարցն ավարտենք։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս