«Որոշեցի լքել իմ երկիրը, որի համար կռվել եմ ռինգում, որի հիմնը լսվել է, ու դրոշը պատվով բարձրացրել եմ». Էդուարդ Փոռեյանը՝ իր մարզական վաստակի և վարչապետի ելույթի մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ գոհ է ԿԳՄՍ նախարարության՝ «Մել» ֆիլմը ֆինանսավորելու որոշումից:
Նշենք, որ այս ֆիլմի ֆինանսավորման համար ԿԳՄՍ նախարարությունից հատկացվել է 20 միլիոն դրամ, որը ֆիլմի ընդհանուր արժեքի միայն 14 տոկոսն է: Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, ծագումով Գյումրիից Մելը Հայաստանի դրոշի ներքո աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցել է Մելինե Դալուզյան անվամբ, նա Նիդեռլանդներում ապաստան է ստացել՝ որպես տրանսգենդեր տղամարդ։
«Ֆիլմը մի մարդու մասին է, ով Եվրոպայի եռակի չեմպիոն է, ռեկորդակիր է, որի ռեկորդը շարունակում է մինչև հիմա գոյություն ունենալ, և որի չեմպիոնության պատվին Հայաստանի դրոշը երեք անգամ բարձրացել է, և Հայաստանի հիմնը 3 անգամ հնչել է,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով,-Մարդն ունեցել է պրոբլեմ, որն ամենևին նորություն չէ մեր իրականության մեջ»։
Վարչապետը համոզված է, եթե նախարարությունը չֆինանսավորեր այդ ֆիլմի նկարահանումը, ինքը՝ որպես Հայաստանի քաղաքացի, կմտածեր, որ «երախտամոռ կառավարություն է, որովհետև այս մարդը վաստակ ունի մեր պատմության մեջ»:
Հենց այս վաստակի մասին պատկերացումներն իրարամերժ գնահատականների արժանացան հասարակական տարբեր շրջանակներում, նաև վարչապետի ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններում. Նիկոլ Փաշինյանին սկսեցին հիշեցնել ազգի հերոսների ու այլ մարզիկների վաստակի մասին:
Այդ մեկնաբանություններից մեկն աշխարհի կրկնակի չեմպիոն Էդուարդ Փոռեյանինն էր, ով նշել էր, որ 53 պետությունում բարձրացրել է ՀՀ դրոշը, բայց այսօր Պետերբուրգում տաքսի է վարում:
168.am-ի հետ զրույցում Էդուարդ Փոռեյանն ասաց, որ իր համար վիրավորական է վարչապետի ելույթը. «Փոխանակ հեռացնելու մեր տեսադաշտից, մեր երեխաների տեսադաշտից, մեր երկրում ավելանում ու պաշտպանվում են։ Եվ հետո՝ սպորտի մասին. երբ մեր պաշտոնյաները խոսում են, դա վերաբերում է միայն օլիմպիական ոճերին, ինչու կիկբոքսինգը, կարատեն կամ մյուս ոճերի չեմպիոնները ՀՀ պետություն ներկայացնողները չեմպիոն չե՞ն, սպորտսմեններ չե՞ն:
Հոլանդիան ֆիլմ է նկարում գեյի մասին, է հա, թող նկարի, իրենց մոտ նորմալ է տրանսը կամ գեյը, 14-20 տոկոս փող է ուզում, ու մենք էլ լավ երևալու համար ասում ենք՝ այո, տանք, դե հայ է:
Ես պատրիոտ եմ, ես գիտեմ՝ ինչ է նշանակում «հայ» բառը, ես չեմ ասում, որ կանայք չադրաներով լինեն, ոչ մի նման բան. կյանքը շարունակվում է, և ժամանակները փոխվում են, բայց ամեն դեպքում ազգային արժեքներն ազգը չպետք է կորցնի»:
Մարզիկը մեզ հետ զրույցում խոսեց նաև Հայաստանից հեռանալու պատճառների մասին. «Ես Ռուսաստանի Դաշնությունում եմ 2015 թվականից՝ խիստ հուսալքված, խորը ցավով, և վիրավորված եմ հեռացել հայրենիքից։
Պատճառները շատ էին. երբ ես դեռ գործող սպորտսմեն էի, սեփական միջոցներով տարբեր երկրներ էի գնում, ու ոչ մի ուշադրություն չէր լինում նույնիսկ հաղթանակների դեպքում: Գիտեմ շատ սպորտսմենների, որոնք նույն կերպ են մասնակցել դրսի մրցաշարերին։ 2006-ից մինչև 2012 թվականի վերջը ես պարտություն չեմ ունեցել։
2006-ին Սևաստոպոլ քաղաքում եմ հաղթել սիրողական կարատե + կիկբոքսինգ առաջնությունում, 2012թ.՝ Թուրքիայում՝ աշխարհի սիրողական K1 առաջնությունում, ի դեպ, Թուրքիայի առաջնությունում Հայաստանը ճանաչվեց լավագույն թիմ, իսկ ես՝ լավագույն մարզիչ։
Հետո քանդեցին Ծերեթելի փողոցի վրա գտնվող Պիոներ պալատի կեսը, որտեղ մենք մարզվում էինք, և տեղում «Երևան սիթին» կառուցվեց։ Շինարարության պատճառով կորցրեցի աշակերտներիս, որոնց հետ պարապմունքներն իմ միակ եկամուտ էին:
Նկարահանեցի ֆիլմեր, հատկապես ուզում եմ նշել «Սպանել 15 րոպեում» ֆիլմը, սակայն այդ ժամանակ ֆիլմարտադրությունը մեծ մաֆիա էր ու, կոպիտ ասած, «ոտակերություն» արեցին, և կրկին անգամ ձախողեցի։
2015թ. ես վերջնականապես որոշեցի լքել իմ երկիրը, որտեղ ես իմ տեղը, ցավոք սրտի, չգտա, որտեղ չգնահատվեցի, որի համար կռվել եմ ռինգում, որի հիմնը լսվել է ու դրոշը պատվով բարձրացրել եմ, որի անունով եմ երդվում առ այսօր ու ամեն անգամ արտասվում եմ»։
Հարցին՝ արդյո՞ք մի օր կվերադառնա Հայաստան, Էդուարդ Փառոյանը պատասխանեց. «Ներկա պահին դեռ չկան վերադարձի պլաններ: Գուցե կարոտս առնելու, մայրիկիս շիրիմին խունկ ծխելու համար մեկ-մեկ գամ ընտանիքիս հետ, բայց ապրելու համար ինձ պայմաններ են պետք։
Ինչպես նշել եմ՝ ես ակնկալիքներ չունեմ ո՛չ նախկին, ո՛չ այժմյա, ո՛չ էլ վաղվա պետական մարմիններից։ Հայաստանն ինձ համար երազանք է մնացել»:
Զարուհի Դիլանյան