«Այսպես շարունակվելու դեպքում բանակցային սեղանին կդրվի մի փաստաթուղթ, որը մեզ համար անընդունելի է. կստանանք «Լիսաբոն 2»». Շահնազարյան

«Ակնհայտ է, որ հայկական կողմի իրարարամերժ հայտարարությունները բանակցային գործընթացը տարել են փակուղի»,- Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հիմնադրած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքի ընթացքում այս մասին ասաց ՀՀ պետական գործիչ Դավիթ Շահնազարյանը` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում վերջին մեկուկես-երկու տարվա ընթացքում արձանագրվող միտումներին:

Ելույթի սկզբում նա հայտարարեց, թե «Վերնատուն» ակումբում իրենց բոլորին հավաքել է տագնապի աստիճանի հասնող մտահոգությունը, որովհետև գտնվում ենք մեր պետության զարգացման ամենավտանգավոր փուլում: Նրա գնահատմամբ՝ անցյալում նման վտանգավոր փուլ չի եղել:

«Նախկին, կարծես թե ավանդական դարձած վտանգներին ու սպառնալիքներին, որոնք սրվել են այս վերջին մեկուկես-երկու տարվա ընթացքում, ավելացել են արտաքին քաղաքական, տարածաշրջանային նոր որակի վտանգներն ու սպառնալիքները, բայց ես այդ մասին չեմ խոսի այսօր, ինչպես նաև չեմ խոսի արտաքին քաղաքական հարցերի շուրջ: Կխոսեմ մեր անվտանգության՝ Հայաստանի ու Արցախի անվտանգության առանցքային խնդրի մասին՝ ԼՂ հակամարտության մասին»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:

Նա արձանագրեց, որ ներկայիս իշխանությունները բազմաթիվ իրարամերժ հայտարարություններով են հանդես եկել այդ հակամարտության նկատմամբ իրենց տեսակետի վերաբերյալ: Ըստ Դ. Շահնազարյանի՝ ներկայիս իշխանությունը կարգավորման հարցը կամ բանակցային գործընթացը ոչ թե շարունակում է այն կետից, ուր հասել էինք 2018 թվականի մայիսին ստեղծված իրավիճակով, այլ նոր և իր կետից:

Շահնազարյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում ծավալվող բանակցային սեղանին էր գտնվում օրակարգային միայն մեկ հարց՝ շփման գծի երկայնքով միջոցառումներ: «Կային երեք միջոցառումներ, նախաձեռնություններ՝ հատուկ սարքերի տեղադրում շփման գծի ողջ երկայնքով, ԵԱՀԿ դիտորդական խմբի ընդլայնում և զինադադարի խախտման մեխանիզմների ստեղծում: Սա ըստ էության ի՞նչ օրակարգ էր: Սա շփման գծում միջազգային տարրեր ներմուծելու հարց էր: Ակնհայտ է, որ մեզ համար չափազանց ձեռնտու օրակարգ, որը կար 2014 թվականից, իսկ 2016 թվականի քառօրյայից հետո միակ օրակարգն էր, որը կար: Այսինքն՝ միջազգային հանրությունը պատասխանատվություն էր ստանձնել շփման գծի իրավիճակի համար և փորձ էր անում միջազգային տարրեր ներմուծել: Սա, այսպես կոչված, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի օրակարգն էր»,- ասաց Շահնազարյանը:

Երկրորդը, ըստ նրա, կարգավորման իմաստով կար Մադրիդի փաստաթուղթ, որը շատ բացասական վերաբերմունքի էր արժանանում շատերի կողմից:

«Բայց եկեք հասկանանք, որ այդ երեք սկզբունքները, որոնք կային 2007 թվականից, էապես փոխել էին իրավիճակը՝ միջազգային հանրության վերաբերմունքը ԼՂ հակամարտության նկատմամբ: ԼՂ հակամարտությունը որակապես տարանջատվել էր հետխորհրդային բոլոր հակամարտություններից»,- ասաց Շահնազարյանը՝ շարունակելով, որ հետխորհրդային մյուս հակամարտությունների դեպքում միջազգային հանրության տեսակետը խիստ հստակ էր՝ միայն տարածքային ամբողջականություն, իսկ այս դեպքում կար երեք սկզբունք, և այս նույն կարծիքին էր նաև Ռուսաստանը: Եվ վերջապես, նրա կարծիքով՝ կարևորագույն մեկ այլ պահ՝ ՀՀ-ն և միջազգային հանրությունը մեկ տեսակետի էին, իսկ Ադրբեջանը՝ մեկ այլ:

Նրա կարծիքով՝ դա կարելի է փաստել բազում հայտարարությունների միջոցով՝ 2016 թվականից հետո 2 անգամ Ադրբեջանը հայտարարել է, որ միջազգային ծանր ճնշումների տակ է, քանի որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Ներկայումս, նրա փոխանցմամբ, հակառակ իրավիճակն է ստեղծվել:

«Նոր կետը ո՞րն է, եկեք հասկանանք: Առաջինն այն է, որ ներկայիս իշխանությունները կարծես թե չեն ցանկանում խոսել ինքնորոշման իրավունքից, եթե ինչ-որ ելույթում դա ասվում է, անմիջապես համեմվում է այնպիսի գնահատականներով, որոնք էապես հակասում են հենց ինքնորոշմանը: Այդ երեք սկզբունքների մասին էլ չեն խոսում, ըստ էության դա մերժում են: Փառք Աստծո, վերջերս՝ հոկտեմբերի 7-ին, Վիեննայում ԱՄՆ ներկայացուցիչ դեսպան Ջեյմս Գիլմորը խոսեց դրանց մասին, և օրերս Լավրովը՝ Երևանում»,- ասաց Շահնազարյանը՝ արձանագրելով, որ փակուղային իրավիճակի պատասխանատուն ՀՀ իշխանություններն են, քանի որ փոխվել է այն իրավիճակը, որը կար, և հիմա արդեն միջազգային հանրությունն ու Ադրբեջանը գտնվում են մի դիրքում, իսկ Հայաստանը՝ մեկ այլ:

Սա, նրա գնահատմամբ, մեծագույն վտանգ է մեզ համար:

«Ադրբեջանն արդեն ստացել է շատ լուրջ փաստարկներ՝ արդարացնելու իր հարձակողական ապագա գործսողությունները: Միջազգային հանրությունն Ադրբեջանի հետ մի դիքորոշում ունի, մենք՝ այլ: Այսպես շարունակվելու դեպքում միջազգային որևէ համաժողովում կդրվի սեղանին մի փաստաթուղթ, որը մեզ համար անընդունելի է, և առավելագույնը, որը կարող ենք անել, վետո դնելն է, և կստանանք «Լիսաբոն 2»: Սա կլինի անխոցելի փաստարկ Ադրբեջանի ձեռքին: Քիչ հավանական եմ համարում, բայց չեմ բացառում, որ առաջիկայում ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Բրատիսլավայում նման փորձ արվի»,- ասաց Շահնազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս