«Քաղաքական դաշտում նոր բևեռներ կձևավորվեն, նոր անհատներ հայտ կներկայացնեն». Վահե Հովհաննիսյան

«Մեզ մոտ չկա մշակույթի ոլորտի ռեֆորմիստը, կրթության ոլորտի, տնտեսության ռեֆորմիստը: Չի լինում ոլորտի ռեֆորմ՝ առանց ռեֆորմիստի: Դրա համար է երկիրն այսօր թվում անօրակարգ»,- 168 TV-ում Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ հայտարարեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը:

Անդրադառնալով իշխանափոխության պատճառներին ու ընթացքին՝ Վահե Հովհաննիսյանը նշեց, որ Սերժ Սարգսյանն իր կառավարման վերջին փուլերում չգնաց բարեփոխումների, ուշացրեց այդ փոփոխությունների հանրային պահանջը, գնաց ճահճացման: Մարդիկ ուզում էին փոփոխություններ, և դրանց լոզունգը «Մերժիր Սերժինն» էր:

«Երբ որ պետությունների կյանքում տրամաբանական փուլը բաց ես թողնում, գալիս է պատահական լուծումների փուլը: 2018թ. ապրիլ-մայիսին մենք տրամաբանական լուծումների փուլը բաց թողեցինք, և եկավ պատահական լուծումը: Եղավ այն, ինչ եղավ, բայց փոփոխությունների պահանջն այսօր դեռ փողոցում է, որովհետև ժողովուրդը դեռ չի ստացել այդ փոփոխությունը, և երբ ոչ իշխանական ուժերը խոսում են ամեն ինչից, բացի դրանից, ես նույնպես զարմանում եմ: Մարդիկ ուզում են փոփոխություններ և չեն ստացել: Մարդ նստեցնելը փոփոխություն չէ»,- ասաց Վահե Հովհաննիսյանը՝ նկատի ունենալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին իշխանությունների այլ ներկայացուցիչների դեմ գործեր հարուցելու, կալանավորելու դեպքերը:

Վ. Հովհաննիսյանը կարծում է, որ, եթե լիներ պետության տեսլական, աշխատանքի, երկրի մոդեռնիզացիայի ծրագիր, չէին լինի սև-սպիտակի բաժանող թիմեր, այլ կլիներ երկիրը տրամաբանական զարգացնող թիմ:

«Մենք շոկային զարգացման փուլում ենք: Ամեն շաբաթ մեր երկիրը ստանում է ներքին շոկեր՝ սկսած պերֆորմանսից մինչև շատ ավելի լուրջ շոկեր: …Սա դասական օրինակ է՝ ինչպես երկիրը պայթեցնել ներսից, որովհետև մեր երկրում ոչինչ չի կատարվում: Եվ դա է ամենամեծ պրոբլեմը»,- նկատեց Վահե Հովհաննիսյանը:

Վերջինս կարծում է, որ իշխանությունից դուրս ինտելեկտուալ ռեսուրսը շատ ավելի մեծ է, քան իշխանության ներսում, և դա աղետ է: Նա նաև նշում է, որ մեզ առաջիկայում ծանր արտաքին շոկեր են սպասվում:

«Ադրբեջանն անթաքույց պատրաստվում է պատերազմի: Մենք ի՞նչ ենք անում: Մենք ինչքա՞ն կարող ենք ցանցառությամբ զբաղվել: Իշխանական էլիտան հանրային քննարկման օրակարգ է մտցնում մանր-մունր հարցեր»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ հասարակության առաջադեմ, մտավոր հատվածը հետ է քաշվել, և դրա համար ի հայտ են գալիս նոր կերպարներ: Համաձայնելով մտքին, որ երկրի էլիտան կոնֆորմիստ է, Վահե Հովհաննիսյանը նկատեց, որ կգա պրոգրեսիվ մարդկանց ժամանակը, բայց դրա գինը շատ ծանր կարող է լինել երկրի ու ժողովրդի համար:

«Ես չեմ ուզում հոռետես լինել, բայց եթե մենք այս էքսպերիմենտալ վիճակից դուրս չգանք, սա լուրջ խնդիրների կբերի: Դու չես կարող՝ պետության 28-րդ տարում գաս իշխանության և ասես՝ ես զրո կետից եմ սկսում: Այդպես չի լինում: Վերջապես չես կարող գալ ու ասել՝ ես Ղարաբաղյան հակամարտությունը նոր էջից եմ սկսում, որովհետև քո դիմաց Թուրքիան և Ադրբեջանը շատ էլ հին էջից են սկսել»,- ասաց Վահե Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ իշխանությունից անընդհատ ագրեսիա է գալիս:

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ են սևեռվել Հրայր Թովմասյանի և Վազգեն Մանուկյանի վրա, Վահե Հովհաննիսյանն ասաց, որ նախ՝ ուզում են ունենալ լիովին կառավարելի Սահմանադրական դատարան, իսկ Վազգեն Մանուկյանն իր հեղինակությամբ՝ կարող է հակակշիռ բևեռ ձևավորել, ինչը ռիսկային է իշխանությունների համար, ու դրա համար էլ այս անձինք թիրախավորված են:

«Արդեն սկսվել է իշխանությունից դուրս գալու շքերթը: Դուրս են գալիս, դուրս են գալու, որովհետև ամեն մեկն ունի իր խղճի ու արժեհամակարգի կոմպրոմիսը: Այստեղ մի շատ կարևոր նրբություն կա՝ ինչպես ասել՝ ցտեսություն: Եթե դու ինչ-որ անողնաշար տեքստով ես ասում ցտեսություն, ավելի լավ է՝ մնայիր, որովհետև դու պիտի հանրությանը բացատրեիր՝ ինչի ես հեռանում»,- անդրադառնալով այն հարցին, որ իշխանությունները նաև իրենցից հեռացող կադրերին են թիրախավորել, ինչպես, օրինակ, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանին, նկատեց Վահե Հովհաննիսյանը:

Հարցին, թե կարո՞ղ են արդյոք ձերբակալել, օրինակ, Արթուր Վանեցյանին, բանախոսը պատասխանեց՝ բոլորին կարող են ձերբակալել. իշխանությունների կողմից ռեպրեսիվ մեքենան միացված է:

«ԱԺ նախկին նախագահ, բժիշկ Արա Բաբլոյանին, այն մարդուն, ով երևի այնքան երեխայի կյանք է փրկել, ինչքան ոմանք լայվ են մտել, կանչում են հարցաքննության… նրան վիրահատությունից տանել և ասել՝ ամսի 5-ի՞ն ես տեքստդ տեսել, թե՞ ամսի 2-ին, սա շատ բանի մասին է խոսում… որ սահմանները վերացած են, և ռեպրեսիվ մեքենայի «հմայքը» սրա մեջ է: Սա շատ տհաճ փուլ է, բայց երկար չի տևելու»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

Նա նշում է, որ հայաստանյան հասարակությունը կարիք ունի ներհայաստանյան մեծ հաշտեցման: Մեխանիզմը լինելու է բոլոր թեմաներով բաց խոսելը: «Իշխանությունն ինչքան շուտ սկսեր հասարակության հետ այդ դժվար երկխոսությունը, այնքան երկրի համար օգտակար կլիներ»,- նշեց Վահե Հովհաննիսյանը:

Նա կարծում է, որ պետք է ձևավորվի սոլիդ իշխանություն, որի ամենաառաջին խնդիրը պետք է լինի պատերազմ թույլ չտալը և երկրում ներքին մթնոլորտը կայունացնելը: Հաջորդ, նոր իշխանությունը պետք է գնա քաղաքական համակարգի վերականգնմանը, և, վերջապես, նոր իշխանությունը պետք է ընդունի նոր ընտրական օրենսգիրք, կատարի սահմանադրական փոփոխություններ ու գնա նոր ընտրությունների:

«Այդ սոլիդ իշխանության ռեսուրսը կա»,- հիշեցրեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչը:

Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ գործող իշխանությունը միացրել է «իշխանությունը պահելու» ռեժիմը հենց առաջին օրվանից, այնինչ ցանկալի կլիներ, որ առաջին օրվանից միացներ «երկրի զարգացման» ռեժիմը:

«Ձևավորվելու են նոր բևեռներ, նոր անհատներ են հայտ ներկայացնելու: Ամեն ամիս մեր երկրում նոր իրականություն է, և ամեն ամիս նոր անհատի հայտի հնարավորություն է տալիս: Կհաջողի նա, ով կառաջարկի սոլիդ լուծումներ, ոչ թե թշնամանալ: Այդպիսի արժեհամակարգով մարդիկ այսօր կան և Ազգային ժողովում, և Կառավարությունում, և թե դրանցից դուրս: Իհարկե, դիմադրություն և հակաքարոզչություն լինելու է, աշխատելու է դատաիրավական ռեպրեսիվ մեքենան, բայց սոլիդ իշխանությունն այլընտրանք չունի»,- կարծում է Վահե Հովհաննիսյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ արտաքին խաղացողները իշխանություն պահելու դիմաց Արցախի հարցով մեր իշխանություններին մեզ ոչ ձեռնտու լուծում առաջարկեն, որին նրանք կհամաձայնեն, Վահե Հովհաննիսյանը պատասխանեց, որ չի հավատում դրան, բայց հավատում է, որ իշխանությունների կողմից չմտածված սխալներն ու չհաշվարկված սխալները նույնքան աղետալի կարող են լինել:

«Նոր իշխանությունը եկավ և ասաց՝ մենք խաղաղության օրակարգով ենք գնում բանակցությունների: Խաղաղության օրակարգով բանակցությունները սկսելուց կարճ ժամանակ անց, մենք այսօր ունենք բանակցային գործընթացի փակուղի: Սա չմտածված սխալների արդյունք է: Կան թեմաներ, որոնք ոչ մի պարագայում նոր էջ չպետք է ենթադրեն: Կան թեմաներ, որոնք ունեն հիշողություն կրող մարդկանց խումբ, որոնք ավելի լավ են տեղեկացված պրոցեսներից, և դու չես կարող ասել՝ նախկին նախագահներ ու նախարարներ, ես ձեզ չեմ սիրում, ինձ ձեր խորհուրդը պետք չէ: Ղարաբաղյան խնդիր գոյություն չունի: Սա Հայաստանի անվտանգության հարցն է: Սա 92 թիվը չէ: Պատերազմը սկսվելուց մեկ ժամ հետո Երևանի կենտրոնը լինելու է կռվի թատերաբեմ: Սա Հայաստանի լինել-չլինելու խնդիրն է: Ոչ ոք չմտածի, որ Ղարաբաղի սահմանը հեռու է: Պատերազմ լինելու դեպքում էլ մենք դուրս ենք գալու հաղթանակած, քանի որ հայ ժողովուրդը պատերազմ պարտվելու ռեսուրս չունի: Այլ հարց է, որ հաղթանակի բերկրանք մենք կարող է չունենանք: Չպետք է թույլ տալ, որ օտարները երկիրը ներսից պայթեցնեն»,- եզրափակեց Վահե Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս