Բաթոյանը դատի է տվել նախկիններին

Զինհաշմանդամության թոշակից և այլ արտոնություններից զրկված մի շարք անձանց գործերով Զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Քր. օրենսգրքի 314 և 315 հոդվածների հատկանիշներով: Քննչական կոմիտե (ՔԿ) փոխանցված գործի շրջանակներում դիտարկվում են թվով 54 այն անձանց գործերը, որոնք հաշմանդամության կարգի փոփոխման պատճառով դուրս են մնացել Պաշտպանության նախարարության (ՊՆ) բնակարանային ծրագրից կամ առհասարակ զրկվել են զինթոշակից։

168.am-ին ՔԿ-ից տեղեկացրեցին՝ այս ամիսներին հարցաքննության կանչվածների ցանկում առայժմ միայն քաղաքացիներ են, մեղադրյալներ և կասկածյալներ չկան:

Իսկ դատախազություն «գործ բերողը» ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական պաշտպանության ոլորտի նախարար Զարուհի Բաթոյանն է։ Վերջինիս մոտ կասկած էր հարուցել իրենից առաջ զինհաշմանդամների ցուցակի «սրբագրված» լինելու փաստը, և ինչպես ոլորտի փորձագետներն են հեգնում՝ «Բաթոյանն իրականում ի վիճակի չի եղել ուսումնասիրել նյութերը՝ իրեն ենթարկվող կառույցի Բժշկասոցիալական փորձաքննության մասնագետների (ԲՍՓ) հետ, նրանք հներից են, ստիպված՝ իր պարտականությունը դրել է դատախազության վրա»։

Ավելի վաղ գրել էինք, որ զինհաշմանդամների ցուցակը սրբագրվել է 2017 թվականին: Նախաձեռնությունը Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանինն էր՝ նույն շրջանում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ համատեղ:

Վերանայումների գործընթացը սկսվեց Զինվորների ապահովագրական հիմնադրամի ստեղծմանը զուգահեռ, որպեսզի զինհաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում արվող լուրջ բարեփոխումներն ավելի հասցեական լինեին։ Արդյունքում՝ բացահայտվել էին «ստեղծագործ իստորիաներ», ընդ որում, հայտնաբերվածների մեջ եղել են պատերազմ չտեսած, բանակում չեղած անձինք՝ ավտովթարից կամ այլ միջադեպից վնասվածք ունենալու պատճառով։ Պարզվել է, որ 90-ականներին ինչ-ինչ ճանապարհներով հնարվել են ծանր վիրավորում ստանալու սահմռկեցուցիչ պատմություններ՝ ընդուպ 1-ին կարգի զինհաշմանդամ դառնալու համար, ու մեծապես հաջողել են հենց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հովանավորչության միջոցով։

Եվ ահա այս մարդիկ ապօրինաբար 10-15 տարի շարունակ զինհաշմանդամության թոշակներ են ստացել, օգտվել են անվճար բուժման և այլ սոցիալական երաշխիքներից, և տարիների հանրագումարի արդյունքում ահռելի նյութական վնաս է կրել պետությունը: Ի դեպ, բացահայտումներից հետո, մեր ունեցած տեղեկությամբ՝ Վիգեն Սարգսյանը հակված է եղել օրենքով սահմանված կարգով ընթացք տալ ակնհայտ խախտման դեպքերին, նաև վնասի հետգանձում պահանջել, սակայն հետագայում խուսափել են ավելորդ աղմուկ բարձրացնել։

Ընդգծենք՝ 2017-ից սկսած այս վերանայումների գործընթացը, որ հեղափոխության պատճառով չհասավ ավարտին, կարողացել է զտել կասկածելի գրքույկների ավելի քան 330 դեպք, ընդ որում՝ այս անգամ գործընթացն իրականացվել է Սոցիալական ապահովության նախարարության ենթակայությամբ գործող ԲՍՓ-ի միջոցով, քանի որ ենթադրյալ չարաշահումները ժամանակին թույլ են տրվել հենց ՊՆ-ի այս կառույցի միջոցով:

Մի կարևոր դիտարկում․ նկատենք, որ այս «տուժած շահառուների» խումբը չաղմկեց փող և երաշխիքներ կորցնելու դեպքերի ժամանակ, այսօր նրանք բախում են հեղափոխական կառավարության դռները, թերևս, հույսով, որ նախկինների վրա «ամեն գնով գործ սարքելու» կառավարության տրամադրվածության արդյունքում՝ դատախազության ջանքերից մի օգուտ էլ իրենք կքաղեն։

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս