Սրբագրված զինհաշմանդամների ցանկն ուղարկվել է Զինդատախազություն
Գլխավոր դատախազությունը Քննչական կոմիտեին (ՔԿ) հանձնարարել է նյութեր նախապատրաստել՝ զինհաշմանդամության թոշակից և այլ արտոնություններից զրկված մի շարք անձանց գործերով:
Դրանք Գլխավոր դատախազություն էր ուղարկել Սոցիալական պաշտպանության ոլորտի նախարար Զարուհի Բաթոյանը: Մինչ ՔԿ-ին փոխանցվելը՝ նախարարության տրամադրած փաստաթղթերն ամբողջովին ուսումնասիրվել են Զինվորական դատախազությունում: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
ՔԿ ԶՔԳ վարչությունն առայժմ ինֆորմացիա չի տրամադրում, ծանոթանում է թվով 646 քաղաքացիներին առնչվող նյութերին:
168.am-ը գրել էր, որ նախարար Բաթոյանի մոտ կասկած է հարուցել այն, թե ինչու են 2018-ին՝ հեղափոխության օրերին ՊՆ-ի սոցիալական բնակարանային ծրագրի շահառուների ցանկից դուրս մղվել մեծաթիվ զինհաշմանդամներ, և, առհասարակ, ինչու է իր ղեկավարած ոլորտի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը հսկողական փորձաքննությամբ վերանայել զինհաշմանդամներին տրված կարգերը:
Այս հարցերի պատասխանները Բաթոյանը, ըստ երևույթին, հարկ չի համարել ինքնուրույնաբար պարզել՝ հենվելով իր ունեցած ԲՍՓ-ի ռեսուրսների վրա: Չեն ջանացել խորամուխ լինել արտոնություններից զրկվածների փաստաթղթերի մեջ, խոսել նախկին իշխանությունից մնացած միակ փոխնախարարի հետ՝ Սմբատ Սաիյանի, ով, ի դեպ, համարվում է կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների առանցքային դեմքերից մեկը: Նախարարն իրեն մտատանջող զինհաշմանդամների խնդրով, վստահաբար, որոշակի պարզաբանումներ ստանալու նպատակով փորձ չի արել նաև կապի դուրս գալ նախկին նախարար Արտեմ Ասատրյանի հետ: Ստացվում է` այս գլուխկոտրուկը պիտի իրավապահները մարսեն, քանի որ ոլորտի լիազոր մարմինն իրեն վերապահված գործառույթները փաստացի «հանձնարարել» է նրանց:
Չմոռանանք, հաշմանդամությունը Բաթոյանի համակարգած ոլորտի հենց այն ուղղությունն է, որին ինքը, թերևս, ամենալավն է տիրապետում, ուստի բացառված չէ, որ սպասվող պաշտոնանկությունից առաջ՝ նախարարը որոշել է ռեզյումե ցույց տալ: Թեման էական չէ, բայց երկու նախկին ՀՀԿ-ական նախարարների թիրախավորումը, բնականաբար, լուրջ դիվիդենտներ է խոստանում:
Ուշագրավ է այն, որ այս աղմուկը տիկին Բաթոյանը փորձում է անել այն շրջանում, երբ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում քննարկվում է իրեն պորտֆելից զրկելու թեման: Նույն ձեռագրով հեռացավ նաև իրենից առաջ պաշտոնավարած մյուս հեղափոխական նախարարը՝ Մանե Թանդիլյանը: Հիշեցնենք, նա էլ իր հերթին՝ առանց ՍԱԾ պետի հետ պարզաբանվելու, Դատախազություն գործեր հանձնեց, այդ մասին գրառում կատարեց ֆեյսբուքյան էջում՝ գովազդի տակ այն առավել տեսանելի դարձնելով, և ապա հրաժարականի դիմում գրեց, որպեսզի խնայող գործչի կերպարով հեռանա:
Հետագայում միայն Մանե Թանդիլյանը «խոստովանեց», որ 4 տարիների համար ՍԱԾ-ում բաշխված 50 մլն դրամի պարգևավճարի մասով իր նախարարական վարկածն ընդամենը կասկած է եղել և ոչ ուղիղ մեղադրանք՝ ՍԱԾ աշխատակազմին: Հեռացած նախարարին հավանաբար ուշացած էր հայտնի դարձել, որ նույն այդ ՍԱԾ աշխատակազմը՝ միայն անունների ու հասցեների ճշգրտումներով վատնվող կենսաթոշակից, պետբյուջե է վերականգնել ավելի քան 60 մլրդ դրամ, սակայն երբեք չի թմբկահարել այդ մասին:
Իսկ ի՞նչ կա թաքնված զինհաշմանդամների գործի հիմքերում
Նշենք, որ խոսքը նախկին իշխանության օրոք զինհաշմանդամության կարգավիճակից օգտված հարյուրավոր անձանց մասին է, որոնց գործերը վերանայվել են ՀՀԿ-ական նախկին նախարարներ Վիգեն Սարգսյանի և Արտեմ Ասատրյանի նախաձեռնությամբ:
Երբ ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հիմնեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը, ապահովագրական հատուցումներ տրամադրելու հիմնական նպատակից բացի, խնդիր էր դրել՝ առաջնայնորեն բնակարանով ապահովել Հայրենիքի սահմանները պաշտպանած զոհվածների ընտանիքներին և վիրավորում ստացած զինհաշմանդամներին:
Բանն այն է, որ այդ ցուցակներում կասկածելի հիմքերով թղթաբանություն են նկատում, և անհրաժեշտություն է առաջանում ճշգրտել, թե որքանով է արդարացված հատկապես երրորդ և երկրորդ կարգի զինհաշմանդամների համար սահմանված կարգը:
Վիգեն Սարգսյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի այն ժամանակվա նախարար Արտեմ Ասատրյանի հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշում են հսկողական փորձաքննություն նշանակել՝ վերանայելու ժամանակին տրված ողջ զինհաշմանդամության գրքույկների իրավաչափությունը: Ըստ այդմ՝ Արտեմ Ասատրյանի հանձնարարականով ԲՍՓ-ում սրբագրվում են 10-15 տարի առաջ գեներալ Մանվել Գրիգորյանի՝ ԵԿՄ-ով ու այլ զարտուղի ճանապարհներով ձեռք բերված զինհաշմանդամության գրքույկները:
2018թ. մարտ-ապրիլ ամիսներին Սոցապ նախարարության ձեռնարկած վերանայումների գործընթացը, մինչ հեղափոխությունը և այս երկու նախարարների պաշտոնանկությունը՝ հասցնում է բացահայտել զավեշտալի դեպքեր, օրինակ՝ երբ շահառուն առհասարակ կապ չունի ռազմադաշտի հետ, մինչդեռ թղթերում «նկարված» է եղել «ծառայության ընթացքում ձեռք բերված զինհաշմանդամություն», եղել են ընդհուպ զինհաշմանդամի կարգավիճակից զրկվողներ, մյուս մասի հաշմանդամության խումբն է իջեցվել, և այլն։
Ստացվում է՝ տասնյակից ավելի տարիներ այս մարդիկ կեղծիքներով թոշակ, անվճար բուժսպասարկում և այլ սոցիալական երաշխիքներ են ստացել:
Եվ սա դեռ ամենը չէ։ Խոսվում է վերանայումների արդյունքում բնակարանի իրավունքից զրկված թվով 55 զինհաշմանդամների մասին, ովքեր, փաստորեն, կասկածելի հիմքերով արտոնյալի կարգավիճակ են ստացել դեռևս ՊՆ-ի ենթակայության ԲՍՓ-ի հաստատման միջոցով:
Կարճ ժամանակի հսկողական փորձաքննությամբ, փաստորեն, կանխվել են պետության միջոցների վատնումներ, որոնք տարիներ առաջ լեգալացվել էին ուժային կառույցների ներսում գործող Բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) հանձնաժողովների կողմից:
Իսկ հիմա այդ կառույցների գործառույթը փոխանցվել է Սոցիալական ապահովության ծառայությանը (ՍԱԾ):
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տարիներ առաջ ներդրված «Էլեկտրոնային կենսաթոշակ» համակարգը և 2016-ից՝ կառավարության որոշմամբ ՍԱԾ-ի համակարգման դաշտ բերեց նաև ուժայինների ԲՍՓ-ներին:
Մինչ այդ զինհաշմանդամության կարգի տրամադրումն իրականացնում էին ՊՆ-ն, Ոստիկանությունը և ԱԱԾ-ն՝ ամեն մեկն իր ներսում։ Ծածուկ թղթեր են նկարվել, որպեսզի «ծառայության ընթացքում ձեռք բերված հաշմանդամության կարգ սահմանեն», իսկ դա մեծ առավելություն է սոցիալական տեսանկյունից:
Հիմա արդեն ՍԱԾ Էլեկտրոնային համակարգում առանձին բաժին է ստեղծված, այստեղ մուտք արված զինհաշմանդամների տվյալներն ավտոմատ համակարգով նույնականացվում են տեղեկատվական շտեմարաններում առկա անձի տվյալների հետ, ողջ տեղեկատվությունը ստուգվում է, և բանաձևը ինքնուրույն հաշվում է կենսաթոշակի նրա չափը:
Օրերս Սոցապում հրաժարական տված ԲՍՓ պետ Նունե Շահվերդյանն այս թեմայի առնչությամբ 168.am-ին հետևալը հայտնեց. «Հսկողական բժշկական փորձաքննության արդյունքները խոցելի չեն և չեն կարող իրավիճակ փոխել ՔԿ քննության արդյունքում»: Համակարգից հեռացող պաշտոնյան նաև հայտնեց իր տարակուսանքը, թե ինչ տրամաբանությամբ են պետական պաշտոններ զբաղեցնող անձինք բյուջեի մսխումները կանխելու համար մեղադրում վերանայման գործընթացն իրականացնող մասնագետներին:
Սյուզի Բադոյան