«Պարզվում է՝ նախորդ իշխանություններին այդ շքեղությունները բավարարում էին, իսկ մեր նոր, այսքան ժողովրդասեր իշխանություններին չեն բավարարում». հոգեբան
«Ստամբուլյան կոնվենցիան համակարգային կործանարար փաստաթուղթ է, և մենք որևէ կերպ սա չպետք է ընդունենք»,- «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
«Մեր պետությունը՝ իր այսօրվա ղեկավարներով, մեզ ամեն օր անակնկալներ է մատուցում, մի օր՝ Ստամբուլյան կոնվենցիայի տեսքով, մի օր՝ իրավապահ համակարգի նկատմամբ վերաբերմունքով… Աստված գիտի, թե ինչերով: Ամեն Աստծո օր մենք արթնանում ենք ինչ-որ մի նոր անակնկալով: Այսօր մենք՝ երկու լուրջ մարդիկ, նստած խոսում ենք ինչ-որ սեռական խանգարումների մասին, մինչդեռ մեր երկրում հազար ու մի գոյաբանական լուրջ խնդիր կա: Այն քայլերը, որոնք կատարվում են, այն մոտեցումները, որոնք որդեգրվում են, ընդ որում՝ արվում է մի տեսակ վերևից, ինքնասիրահարված կեցվածքով, դա ուղղակի անընդունելի է»,- ասաց հոգեբանը:
Խոսելով հասարակական տրամադրությունների մասին՝ Կարինե Նալչաջյանն ընդգծեց՝ ցանկացած հեղափոխության դեպքում հրապարակային փուլն անցնում է, և սկսվում է պալատների փուլը.
«Մարդիկ, ովքեր կարողացան ձեռք գցել իշխանությունը, տեղափոխվում են պալատներ, իսկ մարդիկ, ովքեր աջակցեցին, գնում են իրենց տները, և սկսվում է առօրյան: Հիմա մարդիկ, ովքեր այդքան ոգեշնչված մասնակցում էին այդ պրոցեսներին, ունեին դժգոհություններ և հույսեր: Եվ ահա հայտնվել էր անհատ, որը շատ ուժեղ վստահություն ներշնչեց, խոսքն ազդեցիկ էր, խոստանում էր արդարություն, այն բոլոր տհաճ, անընդունելի երևույթները, որոնց մի մասը մենք տեսնում էինք, մի մասի մասին ուղղակի լսում և հավատում էինք, այդ ամենի արմատախիլ անելու պատրաստակամություն էր հայտնում, և մարդիկ գնացին, մարդիկ հավատացին»:
Ըստ նրա՝ հիմա մարդիկ սպասում են փաստերի, որոնք ուշանում են. «Սրան կալանավորել, նրան կալանավորել. դա ուժեղ էմոցիաներ է առաջացնում հասարակության որոշակի շերտի մոտ, իսկ ավելի կոնստրուկտիվ տրամադրված մարդիկ ասում են՝ լավ, ընդունենք՝ անցյալի գործիչներն այսպիսինն էին կամ այնպիսինը, բայց մենք սպասում ենք ձեզնից, ժամանակն անցնում է, դուք ի՞նչ եք անում, և կարծես թե դրական իմպուլսներ չենք ստանում, ինչը բերում է հիասթափության: Հիմա հիասթափություն կա. հիասթափվում են նրանք, ովքեր հիացած են եղել, ովքեր հիացած չեն եղել, չեն կարող հիասթափվել»:
Հարցին՝ բյուջեի հաշվին կառավարական առանձնատունը վերանորոգելը, Նիկոլ Փաշինյանին սպասարկող ավտոմեքենան թարմացնելը, նոր ինքնաթիռ գնելու մասին հայտարարությունն արդյո՞ք հեղափոխության «պալատների փուլի» կոնտեքստում է դիտարկում, նա պատասխանեց.
«Բնականաբար: Մարդիկ հասել են իշխանության, ընդ որում՝ իշխանության հասել են ովքե՞ր. անձի հանգամանքը շատ կարևոր է: Լավ, ասենք, Փաշինյանը որոշակի ճանապարհ է անցել, երկար տարիներ պատգամավոր է եղել, բայց իշխանության եկան երիտասարդներ, որոնց մեծ մասը չունի գիտելիք, կարողություններ, հմտություններ, նաև՝ այն արժեհամակարգը, որը հարկավոր է պետական այր լինելու համար: Այսինքն՝ դու պետությունը ղեկավարելու այնպիսի լծակներ ես ստացել, որը չպետք է ընդունել՝ միայն որպես վայելք: Հարկավոր է կայուն պահել, զարգացնել այդ պետությունը, վտանգներից հեռու պահել այն: Ովքե՞ր են մեր նոր իշխանավորները. ջահելներ են, որ երկար տարիներ կապված են եղել միջազգային ինչ-ինչ կառույցների հետ, մասնակցել են ինչ-որ սեմինարների, իսկ մենք լավ գիտենք, թե դրանք ինչ ուժեր, ինչ նպատակներով են կազմակերպել. բացարձակ ուլտրալիբերալ հայացքների կրողներ, իսկ ուլտրալիբերալիզմը ժխտում է հայրենիք, ազգ հասկացությունները, իր արժեքն այդ նույն հոմոսեքսուալությունն է, ազատ սեռական կապերն են, թմրանյութեր ընդունելն է: Ընդ որում՝ չգիտեմ՝ մեր ուլտրալիբերալները գիտե՞ն, թե՞ ոչ՝ Արևմուտքում ուլտրալիբերալիզմն արդեն իր վերջին շունչն է ապրում: Ուլտրալիբերալիզմն արդեն հնոտի է, և այս մեր երիտասարդներն այդ հնոտիներով են ծածկված»:
Հոգեբանը նաև նկատեց. «Պարզվում է՝ նախորդ իշխանություններին այդ շքեղությունները բավարարում էին, հիմա մեր նոր, այսքան ժողովրդասեր իշխանություններին չեն բավարարում»:
Հարցին՝ ֆեյսբուքյան Ձեր էջում գրել էիք, որ Ձեր անվերապահ աջակցությունն եք հայտնում Թովմասյանների ընտանիքին. շատերն ասում են, որ Հրայր Թովմասյանը ենթարկվում է քաղաքական ճնշումների, այստեղ հոգեբանական ճնշումներ է՞լ եք տեսնում, նա պատասխանեց.
«Քաղաքական ճնշման ենթարկվող, հալածվող մարդը չի կարող ուղղակի չենթարկվել հոգեբանական ճնշման, այլ խնդիր է, թե ինչքան է մարդը դիմանում, ինչ վարք է հանդես բերում: Ես այդ գրառումը կատարել եմ՝ տեսնելով, որ կան բաներ, որոնք արդեն առողջ տրամաբանության սահմաններից դուրս են գալիս: Հասկանալի է, ես համամիտ եմ, որ այդ բաստիոնը գրավելը նույն «ստամբուլյանների» համար, Արցախի հարցի վերաբերյալ կանաչ ճանապարհ է բաց անում: Մենք պետք է պաշտպան կանգնենք այն համակարգին, որը պայքարում է, թույլ չի տալիս»:
Մանրամասները՝ «168 TV»-ի տեսանյութում