«Չի կարելի թույլ տալ, որ այս անկումը շարունակվի». Սերգեյ Բագրատյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը 2020 թվականի պետական բյուջեի նախագիծն իրատեսական է համարում։
Ինչ վերաբերում է Կառավարության վարած տնտեսական քաղաքականությանը, որը վարչապետը բնորոշել էր՝ որպես ճիշտ քաղաքականություն, Սերգեյ Բագրատյանն ասաց, որ չկա ճիշտ կամ սխալ քաղաքականություն, այլ կա քաղաքականություն, որը պետք է բերի զարգացման և որոշակի կայունացման։
«Վարչապետը տնտեսական քաղաքականությունն այդպես է բնորոշել, հավանաբար նկատի ունենալով այն տեսլականը, որն իրենք գծել են։ Մենք՝ որպես ընդդիմություն, համարում ենք, որ այս ամենը չի կարող բավարար զարգացում ապահովել, մենք ավելի տեմպ պետք է ունենանք։ Միևնույն ժամանակ՝ հասկանում ենք, որ վարչապետը հաշվի է առնում այն հանգամանքը, որ սա հետհեղափոխական առաջին տնտեսական տարին է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Բագրատյանը։
Նրա խոսքով՝ այն թվերը, որոնք դրված են բյուջեի հիմքում, և այն թվերը, որոնք ստացել են այս տարվա 9 ամիսների ընթացքում, որոշակիորեն հստակ ուղերձներ են պարունակում, որոնք պետք է վերլուծեն և որպես տնտեսագետներ ներկայացնեն։
Ըստ նրա՝ խնդիրը պետք է դիտարկել լավ և վատ ցուցանիշներով։ Լավ ցուցանիշ է, որ արտահանման աճ է գրանցվել 7,9 տոկոսով, արդյունաբերական արտադրանքն ավելացել է 9,7 կետով, իսկ վատ ցուցանիշն այն է, որ 4,8 տոկոսով գյուղատնտեսության անկում կա։
«Այս թվերը վերլուծելով՝ պետք է ասեմ, որ կարևոր է արտահանումն ու ներկրումը, եթե չեմ սխալվում, ներկրման դեպքում 4,7 տոկոս աճ ունենք, իսկ արտահանումը՝ 7,9 տոկոս։ Սրանք այնպիսի թվեր են, որոնք այլ երկրներ ևս արձանագրում են, այսինքն՝ այստեղ Վիճակագրական ծառայությունն անելիք չունի։ Թվերի վերլուծությունը պետք է մեզ հստակ մեսիջ տա՝ գյուղատնտեսության մոբիլիզացիա, օրենսդրական փոփոխություններ, ներդրումներ գյուղատնտեսության մեջ, սուբսիդավորում, ներառականություն, հասցեականություն։ Պետք է ոլորտի պատասխանատուներին հրավիրել և խնդիրները դնել, քանի որ չի կարելի թույլ տալ, որ այս անկումը շարունակվի»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան