«Եթե միջազգային նորմերը մեզ համար ընդունելի չեն, ապա եկեք դուրս գանք Եվրոպայի խորհրդից». Լարիսա Ալավերդյան

«Հայաստանը կանգնած է իրավական լուրջ մարտահրավերների առջև: Իրականացվում են իրավական ռեպրեսիաներ: Վերջին մեկ տարում ավելացել են դատարանների վրա ճնշումները: Եթե իրավական համայնքը լռի, գնալով ավելի են խորանալու իրավական կամայականությունները»,- վերջին զարգացումների մասին խոսելիս նման տեսակետ հայտնեց «Այլընտրանքային նախագծեր» նախաձեռնության անդամ Էլինար Վարդանյանը:

Հիշեցնենք, որ հենց այս խնդիրներին անդրադառնալու համար «Այլընտրանքային նախագծեր» նախաձեռնությունը կազմակերպել է «ՀՀ իրավական մարտահրավերներ» խորագրով պանելային քննարկումը:

Քննարկմանը ներկա է նաև նախկին ՄԻՊ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նա նախ անդրադարձավ Մարդու իրավունքների կոնվենցիայի երկու հոդվածներին՝ ընդգծելով մարդուն հատուկ սահմանափակումների՝ հայհոյանքների մասին, զարմանալով, թե ինչպես այս օրերին չեն կարողանում հայհոյանքի դեմն առնել:

Նա վստահ է, որ համացանցում հայհոյանքներն աղավաղում են հայի պատկերը միջազգային հարթակներում: Նա դիմեց ԱԺ պատգամավորներին՝ կոչ անելով հրապարակայնորեն արտահայտվել ու վերջ դնել հայհոյանքներին:

Կարդացեք նաև

««Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հորդորում եմ խոսել, չսպասել, մինչև խոսի իրենց առաջնորդը»,- դիմելով իշխող ուժին՝ ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա վստահ է, որ այսօր հայհոյանքներն արվում են մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով, որ ազդեն հանրային գիտակցության վրա, ու փորձում են հանրությանը համոզել, որ այս ամենը կարող է տեղի ունենալ, քանի որ եղել է հեղափոխություն:

Նա վստահ է, որ այսօրվա «իշխողները չեն կարողանում արժևորել անցած 30 տարում պետության բոլոր մարմինների աշխատանքը ու փորձում են անցնել դրա վրայով»:

Ալավերդյանը խոսեց նաև վերջին շրջանում դատարանների վրա իրականացվող ճնշումների մասին: Ըստ նրա՝ եթե անգամ մեր Սահմանադրությունը լավը չէ, ապա կարելի է գոնե հետևել միջազգային իրավունքի նորմերին:

«Եթե ապրում ենք այլ մոլորակի վրա, ու միջազգային նորմերը մեզ համար ընդունելի չեն, ապա եկեք դուրս գանք Եվրոպայի խորհրդից»,- ասաց Ալավերդյանը:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս