«Պարզ չի՝ ինչո՞ւ է հենց հիմա հարցը ծագել և ինչո՞ւ է այսպես հապճեպ արվում». Մեդիափորձագետը՝ ինտերնետ ոլորտը վերահսկելու մասին
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀԾԿՀ որոշումը, ըստ որի՝ առանց հանրային քննարկման փորձ է արվում ինտերնետային ոլորտում վերահսկողության մեխանիզմներ ներդնել:
168.am–ի հետ զրույցում մեդիափորձագետը ներկայացրեց այն մեխանիզմները, որոնցով այդ վերահսկողությունը հնարավոր է սահմանել.
«Ամենապարզեցված տարբերակը՝ հատուկ սարքավորումներ են, որոնք ֆիքսում են մուտքը, ելքը, ID հասցեները, ավելի խորացված էլ կան, որոնք դիտարկում են՝ ուր է մտել, ինչ է անում (վերջինի մասին դեռ խոսք չի գնում, խոսքը միայն ֆիքսելու մասին է՝ ելքը, մուտքը և այն հեռախոսի սարքը, որից օգտվել են և այդ տվյալների երկու տարով արխիվացում)»:
Սամվել Մարտիրոսյանը նաև հավելեց, որ Հայաստանում մինչ այս նման բան չի եղել. «Պարզ չի՝ ինչո՞ւ է հենց հիմա հարցը ծագել, պարզ չի ինչո՞ւ է այսպես հապճեպ արվում և ինչո՞ւ հանրային քննարկում չկա այս հարցի շուրջ: Քայլ է դեպի խստացում, իսկ նման քյալերը պետք է քննարկվեն»:
Ի դեպ, նա տեղեկացրեց նաև, որ այս որոշումը ենթադրում է նախապատրաստական աշխատանքներ. «Առնվազն ենթադրում է վերահսկողություն պրոցեսների, սարքավորումների գնում, այնպես չի, որ միայն թղթաբանություն է»:
168.am–ը կապ հաստատեց նաև ՀԾԿՀ՝ տեղեկանալու, թե ինչու է նման որոշման անհրաժեշտություն առաջացել և ինչու է առանց հանրային քննարկման որոշումը կայացվել:
Հանձնաժողովից մեզ խոստացան ավելի ուշ պատասխանել մեր հարցերին:
Զարուհի Դիլանյան