Բաժիններ՝

«Պարզապես կոչ կանեմ՝ հայոց լեզուն, հայ գրականությունն ու հայոց պատմությունն ինձանից չպաշտպանել». Արայիկ Հարությունյան

Վերջին շրջանում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագծի որոշ դրույթներ թեժ քննարկումների առիթ են դարձել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ առաջարկվող օրենքի նոր նախագծով բարձրագույն կրթական հաստատություններում այլևս պարտադիր չլինի հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումը:

Այսօր լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադառնալով այս խնդրին, ասաց.

«Շատ հաճախ աղմուկն ավելի շատ է, քան իրական քննարկումները: Ես պարզապես կոչ կանեմ՝ հայոց լեզուն, հայ գրականությունն ու հայոց պատմությունն ինձանից չպաշտպանել, որովհետև հայագիտական առարկաների բլոկի դասավանդման հետ կապված իմ դիրքորոշումը շատ վաղուց եմ հայտնել: Երևի հիշում եք, որ 2010 թվականին կար «Դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը, որի  հիմնադիրներից մեկը ես եմ: Ինձ համար տարօրինակ է, որ այսքան պաթոսախառը և հայրենասիրական տեքստեր այն ժամանակ  այս ծավալի չկային: Ո՞ւր էին այդ մարդիկ, երբ որ շատ ռեալ վտանգված էր դպրոցներում այս առարկաների դասավանդումը:

Մենք ընդամենը 50-100 հոգի էինք: Հիմա բոլորը կարողանում են իրենց կուրծքը ծեծել ֆեյսբուքներում, բայց իրական քննարկումների մեջ չմտնել: Իսկ լուծումները, որոնք մենք տվել ենք, շատ տրամաբանական են: Դուք գիտեք, որ դպրոցները 12-ամյա են և, ըստ էության, մեր ուսանողներն այն ավարտում են 18 տարեկանում: Եվ, եթե նախկինում բուհ ընդունվելը 16 տարեկանից էր և շատ հաճախ ասում էին, որ դպրոցում տարիքը չի ներում, օրինակ՝ հայոց պատմությունն ընկալել այն ծավալով, ինչպես հնարավոր է հասուն տարիքում, այդ հարցը լուծված է:

Կարդացեք նաև

Մենք սրանով ուժեղացնում ենք դպրոցում տվյալ առարկաների դասավանդումը, այսինքն՝ բովանդակությունը փոխվում է այնպես, որ դրա կրկնումը բուհերում անհրաժեշտ չի լինում: Այս խոսակցությունը կար 90-ական թվականներից, երբ ես ուսանող էի և այն ժամանակ էլ, հիմա էլ դեկանները բողոքում էին այս խնդրից, որ ոչ մասնագիտական առարկաներին շատ քիչ ժամանակ է մնում: Այս քայլով մենք հայագիտական բլոկն ուժեղացնում ենք դպրոցում:

Ըստ էության, գիտելիքի հիմնական պաշարը նրանք ստանալու են դպրոցում և անցնելով բուհեր՝ մասնագիտական ուղղություններով ավելի շատ առարկաներ են կարողանալու անցնել: Սա ամենևին չի նշանակում, որ բուհերն այս առարակները հանում են: Բուհերն իրենց որոշմամբ կարող են ծրագրերում ունենալ հայագիտական բլոկի առարկաներ, այստեղ որևէ արգելք չկա: Ասեմ ավելին՝ մենք մի դրույթ ենք մտցրել, որը նախկինում չի եղել. բուհերում բոլոր ընդունվողները պարտադիր հայոց լեզու են հանձնելու: Այսինքն, մենք ևս մեկ անգամ նրա 12-ամյա գիտելիքը ստուգելու ենք»:

Նա նաև կոչ արեց այս ամենն ավելի առարկայական քննարկել:

«Հասկանում եմ, որ կան մի խումբ մարդիկ, որ կուրծք են ծեծում. Ինչի՞ համար, նրա, որ զրկելու են ավանդաբար երաշխավորված իրենց դասաժամերից, որոշակի կոռուպցիան համակարգի մեջ ներգրավվելուց: Ասեմ ավելին՝ մենք այլ պարտադիր առարկարկաների վերանայում էլ ենք անելու, մասանվորապես՝ իրավագիտությանը, որովհետև նախկինում կար մի խումբ, այդ թվում նաև կառավարությունում, որ իրենց գործընկերներին դասաժամերով ապահովելու համար ինչ-որ հայեցակարգ գրեցին, որպես պարտադիր առարկա այս առարկան մտցրեցին ու իրենց գործընկերների համար ապահովեցին դասաժամեր: Իրավագիտությունը նույնպես լավ որակի պետք է դասավանդվի 12-ամյա դպրոցում և քաղաքացին բազային գիտելիքով գա բուհ և ստանա մասնագիտություն»,-հավելեց Արայիկ Հարությունյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս