«Ադրբեջանցիները գնում են Սիրիա կռվելու՝ հենց հայ խաղաղ բնակչությանը վնասելու համար». Փորձագետ
Ադրբեջանցիները ցանկանում են մասնակցել Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող ռազմական գործողությանը: Ադրբեջանի նախագահականի հասարակական կազմակերպություններին աջակցող խորհրդի անդամ Էմին Հասանլըն հայտարարել է, որ 1000-ից ավելի ադրբեջանցի երիտասարդներ թուրքական բանակին կամավոր անդամագրվելու համար դիմումներ են ներկայացրել: Հասանլըն իր ելույթում հույս է հայտնել, որ Սիրիա մտած թուրքական բանակի գործողությունները հաջողությամբ կպսակվեն և հաղթանակ գրանցեն։
168.am-ի հետ զրույցում ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան անդրադառնալով Սիրիայում թուրքական բանակի կազմում ադրբեջանցիների ներգրավվելուն՝ նշեց, որ իրականում ադրբեջանցիները Սիրիայում եղել են կոնֆլիկտի սկզբից՝ «Իսլամական պետության» կողմից կռվող։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանի 1000 քաղաքացիներ են կռվել Սիրիայում։
«Մի քանի անգամ ակնհայտ են դարձել փաստերը, որ ադրբեջանցիները գնում են Սիրիա կռվելու՝ հենց հայ խաղաղ բնակչությանը վնասելու համար։ Նրանք այս առումով նպատակաուղղված են գնում և հաճախակի դրա մասին հայտարարում, այսինքն՝ այստեղ նոր որևէ բան չկա»,- ասաց փորձագետը։
Միևնույն ժամանակ նա նկատեց, որ Սիրիայում կռվող ադրբեջանցի այդ քաղաքացիները նույնքան վտանգավոր են նաև Ադրբեջանի համար, քանի որ նրանք ստանում են մարտական պատրաստություն և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման քարոզչությունից հետո վերադառնում Ադրբեջան՝ մեծ Խալիֆաթի երազանքով երկրի ներսում ապակառուցողական, կրոնական ծայրահեղ գործողություններ կատարելու համար։
«Եթե նախկինում Ադրբեջանը նրանց ուղղակի Թուրքիայի տարածքով բաց էր թողնում դեպի Սիրիա, որպեսզի նրանցից ձերբազատվի, ապա այժմ 15 տարով նրանց նստեցնում է, որպեսզի հետագայում օգտագործի, հատկապես Արցախի սահմանում հայերի դեմ կռվելու համար։ Այսինքն, եթե վտանգները դիտարկում ենք, ապա նրանք ավելի բազմաշերտ են, քան Սիրիայի տարածքում»,- շեշտեց Ա. Էլիբեգովան։
Նա նաև տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ Ադրբեջանը պաշտոնապես արդեն հայտարարել է, որ աջակցում է Թուրքիային՝ նշելով, որ նա իր գործողություններով տարածաշրջանում խաղաղություն կբերի։
«Սա, իհարկե, երեսպաշտություն է և իրենց մեծ եղբորը սատարելու փորձ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Զվարթ Խաչատրյան