Ադրբեջանին պատկանող իսրայելակսն արտադրության անօդաչու սարքի խոցման փաստը խոսում է Հայաստանի ՀՕՊ համակարգի զարգացման մասին. հրեա քաղաքագետ
Իսրայելը տարբեր երկրներ սպառազինություն մատակարարող առաջատար երկիր է, այդ թվում՝ Ադրբեջան: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց Իսրայելի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը՝ հավելելով, որ Ռուսաստանն առավել խոշոր մատակարար է, որը սպառազինություն է վաճառում և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին:
«Իսրայելն Ադրբեջանի հետ ունի մոտ 5 միլիարդ դոլար արժողությամբ երկարաժամկետ պայմանագիր, որի շրջանակում շարունակվում են մատակարարումները: Ես հույս ունեմ, որ մինչ այս պայմանագրի ավարտը կլինեն գլոբալ փոփոխություններ, որպեսզի այդ սպառազինությունը չօգտագործվի ՀՀ-ի և Արցախի դեմ: Կարդացի, որ խոցվել է Ադրբեջանին պատկանող իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարք: Սա խոսում է նրա մասին, որ Հայաստանի ՀՕՊ համակարգը զարգանում է, եթե կարողանում եք խոցել»,- նշեց նա:
Այս համատեքստում չմոռանալով Իրանի ղեկավարների՝ Իսրայելը ոչնչացնելու մասին հայտարարությունները, Ցինկերը շեշտեց՝ Իրանի շուրջ, նրա շրջակայքում կատարվող ամեն ինչ մտահոգում է Իսրայելին:
«Հայկական լրատվամիջոցներից մեկում կարդացի, թե ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի հետ սահմանին՝ Ադրբեջանում, փորձում են ինչ-որ վերահսկողական նպատակներ իրականացնել՝ հետախուզություն և այլն: Այո, թերևս, կա նման բան: Ավելին, Իսրայելը, բնականաբար, հետաքրքրված է մուսուլմանական երկրների հետ համագործակցությամբ, որի մեջ նաև Ադրբեջանն է մտնում: Նախորդ շաբաթ մեր ԱԳ նախարարն առաջարկել է ստորագրել համաձայնագիր մուսուլմանական երկրների հետ: Իհարկե, որևէ երկրի հետ համագործակցությունը չպետք է ուղղված լինի երրորդ երկրի դեմ: Ըստ այդմ՝ ես ուրախ կլինեի, եթե ադրբեջանաղարաբաղյան կոնֆլիկտը լուծվեր, ինչպես ուրախ կլինեի, եթե լուծված լիներ իսրայելապաղեստինյանը»,- ամփոփեց քաղաքագետը:
Մարիամ Պետրոսյան



