Բաժիններ՝

Ինչ «ավարով» է Վարդան Ղուկասյանի եղբորորդին փորձել հիվանդանոցից ետ գնալ կալանավայր

168.am-ը գրել էր, որ սպանության և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց։

Մեզ հայտնի դարձավ, որ Ղուկասյանը երեկ Միքայելյանի անվան բժշկական կենտոնից ետ է վերադարձել «Արթիկ» ՔԿՀ, սակայն, ո՛չ ձեռնունայն։ Իր հետ Ղուկասյանը փորձել է կալանավայր տանել նաև հեռախոսներ, և ոչ միայն։

Սակայն «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խուզարկությունների սենյակում նրան անձնական խուզարկության են ենթարկել ու հայտնաբերել հիվանդանոցից իր  հետ բերած «ավարը»։

Նշենք, որ այս մասին հաղորդագրություն է տարածել  ՔԿՀ լրատվական ծառայությունը։

Կարդացեք նաև

«Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խուզարկությունների սենյակում անձնական խուզարկության են ենթարկել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտից «Արթիկ» ՔԿՀ վերադարձված դատապարտյալ Դ. Վ.-ին: Վերջինս մինչ խուզարկության ենթարկվելն ինքնակամ ներկայացրել է ձեռքի պայուսակում թաքցրած բջջային երեք հեռախոսը, որոնցից մեկը թանկարժեք՝ «Vertu» ապրանքանիշի, լյուքս դասի: Այնուհետ անձնական խուզարկությամբ դատապարտյալի գուլպայի միջից հայտնաբերվել է ևս մեկ բջջային հեռախոս, իսկ ձախ աճուկային հատվածից՝ քուղով կաշվե փաթեթ, որի մեջ եղել է հավանաբար թմրամիջոց հանդիսացող դեղնավուն, թանձր հեղուկով լի 10 մլ տարողությամբ սրվակ»,- ասված է հաղոդագրության մեջ։

Այն, որ հաղորդագրության մեջ մատնանշված դատապարտյալը նույն Վահե Ղուկասյանն է, մեզ հետ զրույցում հաստատեց նաև Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

«Վահե Ղուկասյանը «Արթիկ» ՔԿՀ է տեղափոխվել երեկ և հենց նրա մոտ են հայտնաբերվել հաղորդագրության մեջ մատնանշված իրերը»,- ասաց  Նավիկյանը։

Հարցին՝ իսկ «Արթիկ» ՔԿՀ-ից այլ կալանավորներ կա՞ն Միքայելյանի անվան բժշկական կենտրոնում, Նոնա Նավիկյանը պատասխանեց. «Ո՛չ, չկան»։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս