Կառավարությունը նվազեցրեց «Նաիրիտ-2» և «Մելիորացիա» ընկերությունների կանոնադրական կապիտալները
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց «Նաիրիտ-2» և «Մելիորացիա» ՓԲԸ-ների 2018 թվականի ֆինանսական արդյունքները հիմք ընդունելով՝ թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքը փոքրացնել և նվազեցնել «Նաիրիտ-2» և «Մելիորացիա» ընկերությունների կանոնադրական կապիտալները։
Այս նվազեցումով այդ ըներությունների կանոնադրական կապիտալները կհամապատասխանեցվեն 2018 թվականի տարեվերջի դրությամբ ընկերությունների զուտ ակտիվների արժեքին, որոնք կազմել են 9 522 184 հազար դրամ և 1 857 802 հազար դրամ:
Ըստ որոշման հիմնավորման՝ 01.01.2019թ. դրությամբ «Նաիրիտ-2» և «Մելիորացիա» ՓԲԸ-ների սեփական կապիտալները փոքր են կանոնադրական կապիտալներից, հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել դրանք համապատասխանեցնել սեփական կապիտալներին:
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով «Նաիրիտ-2» և «Մելիորացիա» ՓԲԸ-ների, համապատասխանաբար՝ 9 548 841 հազար դրամ և 1 958 516 հազար դրամ կազմող կանոնադրական կապիտալները բաժնետոմսերի անվանական արժեքների փոքրացման միջոցով նվազեցվում են, համապատասխանաբար՝ 26 657 հազար դրամով և 100 714 հազար դրամով, ու դրանք համապատասխանեցվում են ընկերությունների 01.01.2019թ. դրությամբ, համապատասխանաբար՝ 9 522 184 հազար դրամ և 1 857 802 հազար դրամ կազմող զուտ ակտիվների (սեփական կապիտալների) արժեքին:



