Բաժիններ՝

Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հայաստանի առաջին Խելացի կանգառը

Խելացի կանգառը Հայաստանում արդեն իրականություն է։ Առաջին խելացի կանգառը տեղադրվել է Էջմիածնում և դարձել է նվեր քաղաքի տոնին։

Խելացի կանգառը տեղադրվել է «Խելացի կանգառ» ՍՊԸ-ի կողմից։ «Խելացի կանգառ» ՍՊԸ-ի հանրային կապերի պատասխանատու Զարուհի Մանուչարյանը 168.am-ի հետ զրույցում նշում է, որ մեկ տարվա ընթացքում Էջմիածնում կլինեն 6-8 կանգառներ։ Երևանում մեկ տարվա ընթացքում ևս նախատեսվում է տեղադրել կանգառներ։

Կարդացեք նաև

«Շնորհակալ ենք Էջմիածնի քաղաքապետարանին նախաձեռնողականության համար։ Մենք որոշեցինք սկսել Հայաստանի հոգևոր մայրաքաղաքից և կանգառի բացումն էլ համընկավ քաղաքի տոնի հետ։

Մենք բաց ենք առաջարկների համար և պատրաստ ենք գնալ այն քաղաքներ, որտեղ անհրաժեշտություն կա։

Նախագծի հեղինակները 4 ընկերներ են, ում անունները հանրությանը հայտնի չեն, բայց ովքեր հավաքվել են մեկ գաղափարի շուրջ՝ անել ինչ-որ լավ բան հանրության համար՝ դա համատեղելով բիզնեսի հետ»,- նշում է Զարուհի Մանուչարյանը։

Խելացի կանգառի ներդրումը ամբողջությամբ արվել է ՍՊԸ-ի կողմից, բայց այն սեփականության հիմքով տրվել է Էջմիածնի քաղաքապետարանին։ Հետագայում կանգառի հետ տեխնիկական խնդիրների կամ գույքի վնասման դեպքում վերանորոգման հարցերով զբաղվելու է ՍՊԸ-ն։

Խելացի կանգառը ունի հետևյալ առանձնահատկությունները՝

  • տեղեկացնում է մոտեցող ավտոբուսի համարի և ժամանման մասին
  • ունի wi-fi` անվճար ու անսահմանափակ
  • կանգառում կա տեղեկատվական վահանակ՝ զբոսաշրջիկների համար
  • սմարթֆոնների լիցքավորման հնարավորություն՝ ցանկացած պահի
  • անվտանգության համակարգ, ԱԻՆ կանչի կոճակ
  • բանկոմատներ, վճարային ապարատներ,
  • աղբի տեսակավորման հնարավորություն
  • օդափոխության և ջեռուցման հնարավորություն:

«Ունենք բազմաֆունկցիոնալ վահանակ, որը Հայաստանում միակն է։ Վահանակի վրա ցանկով տեղադրված են հանրային նշանակության վայրերը՝ թանգարաններ, սննդի կետեր, հիվանդանոցներ և այլն։ Ուղևորից պահանջվում է միայն նշել, թե ուր է նա ցանկանում գնալ, և վահանակը ցույց կտա, թե քանի կիլոմետր կա մինչև նշված հասցեն, որ տրանսպորտային միջոցն է գնում այդ հասցեով»,- նշում է Զարուհի Մանուչարյանը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս