«Նպատակն է՝ կրթել այնպիսի երեխաներ, որոնք հետագայում անհայրենիք կլինեն». Հայկ Այվազյան
Եվրասիա համագործակցության հիմնադրամի ֆինանսավորմամբ կատարվել է «Ազգային հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները ՀՀ միջնակարգ դպրոցներում դասավանդվող հայ գրականության դասագրքերում» հետազոտություն: «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի խոսքով՝ 350 էջանոց այդ ուսումնասիրությունն այն մասին է, որ «ազգ», «մենք», «մեր» բառերը, որոնք օգտագործվում են մեր գրականության մեջ, անհանդուրժողականության դրսևորումներ են:
««Ազգային հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները ՀՀ միջնակարգ դպրոցներում դասավանդվող հայ գրականության դասագրքերում» հետազոտությունը մասնագետների կողմից շատ խորը ուսումնասիրման կարիք ունի, որ վտանգները հասկանանք, հասկանանք, թե ո՞ւր են իրենք տանում:
Որպեսզի պարզ լինի իրենց նպատակները` կարճ ներկայացնեմ, թե ինչո՞վ են իրենք զբաղվում: Նախ` շատ հետաքրքիր է իրենց դոնորների ցանկը՝ ԱՄՆ Պետքարտուղարություն, Եվրամիություն, Նիդեռլանդների դեսպանատուն, Transparency international, դրանից արդեն պարզ է, որ «Սորոսի» հիմնադրամի հետ է կապված, արևմտյան գրեթե բոլոր հովանավորները հանդիսանում են Եվրասիա համագործակցության հիմնադրամի ֆինանսավորողները: Ոլորտներից մեկը, որով իրենք զբաղվում են, խաղաղարարությունն է, այսինքն՝ հայ-ադրբեջանական երկխոսություն, Հայաստան-Թուրքիա երկխոսություն և համագործակցություն:
Այսպիսի մի վերնագրով վերլուծություն ունեն հայ-ադրբեջանական երկխոսության մասին՝ «Ամրապնդելով խաղաղարարական գործունեությամբ զբաղվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կապը պաշտոնական օղակների հետ»: Այ, օրինակ, ինձ հետաքրքիր է՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամը կապ հաստատե՞լ է Ադրբեջանի պաշտոնական օղակների հետ, որովհետև վերնագրից դա է երևում, եթե հաստատել է, ապա պետք է դրանով զբաղվի ԱԱԾ-ն, հասկանա, թե այդ ի՞նչ կապ է հաստատվում: Խորհրդանշական է, որ գլխավոր հովանավորը Նիդեռլանդների դեսպանատունն է, այդ երկրում գործում է, օրինակ՝ Մանկապիղծների կուսակցություն»:
Հայկ Այվազյանը մտավախություն ունի, որ այս հետազոտության պարագայում կարող է աշխատել Օվերտոնի պատուհանը: Թեման բարձրացվել է և շուտով կսկսվի քննարկումը:
«Այս վերլուծությամբ իրենք ստեղծում են քննարկման դաշտ, որ ազգայինն անհանդուրժողականության դրսևորում է, աշխատում է Օվերտոնի պատուհանը, սկզբում ստեղծվում է քննարկման դաշտ, հետո այդ դաշտը մեծանում է, արդյունքում՝ բերում են նրան, որ անհրաժեշտ են իրավական կարգավորումներ անհանդուրժողականության դրսևորումները բացառելու համար, ինչն էլ կբերի դպրոցներում գրքերի փոփոխության: Նպատակն է՝ կրթել այնպիսի երեխաներ, որոնք հետագայում անհայրենիք կլինեն, հեշտ կլինի նրանց օգտագործել տարբեր քաղաքական նպատակներով, ինչպես ՔՊ կուսակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանն է ասում՝ «հայրենիք չկա, հայենիքն այնտեղ է, որտեղ մարդն իրեն լավ է զգում»:
Երբ այսօրվա օտարերկրյա պատվեր կատարող իշխանություններից մենք ազատվենք, աշխատանքի մեծ դաշտ է բացվում, որովհետև պետք կլինի՝ այն երիտասարդներին, ում ուղեղները լվացել են նման բաներով, վերադարձնել ազգային արժեհամակարգի տիրույթ: Կարին Տոնոյանը, ով Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել էր այս ուսումնասիրությանը, մեջբերել էր մի հատված Հովհաննես Շիրազից, որը հետազատողները համարել են անհանդուրժողականության դրսևորում՝
«Մենք միշտ խաղաղ ենք մեր լեռների պես,
Դուք ինչքան կուզեք վաճառվեք անհագ,
Մենք ձեր դեմ կելնենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ….. »»:
168.am-ի հարցին, թե ի՞նչ լծակներ ունեն այս հետազոտության հեղինակներն ու նրանց ֆինանսավորողները ԿԳՄՍՆ-ի վրա ազդելու ու գրքերի փոփոխության բերելու համար, Հայկ Այվազյանը պատասխանեց, որ ամենամեծ լծակը հենց նախարարն է:
«Հենց մեր ԿԳՄՍ նախարարն է ինքն իրենով արդեն լծակ, այսինքն՝ մեր սորոսական իշխանությունն արդեն լծակ է, իրենք դրա համար են բերվել, որ այս ծրագրերն իրականացվեն: Իշխանության են բերվել մարդիկ, ովքեր այս հետազոտությունը ֆինանսավորող կազմակերպություններում աշխատել են, պատրաստվել են, որ բերվեն իշխանության և կատարեն այս ծրագրերը»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ