Բաժիններ՝

«Պատմություն այն մասին, թե ինչո՞ւ Եղիշե Չարենցը որոշեց բացել իր կնոջ՝ Արփենիկի գերեզմանը»

1937 թվականը հայ գրականության ամենաարյունոտ տարին էր։ Այդ թվականը կտրեց հայ գրականության պորտալարը։ Ու ամեն անգամ, երբ հիշատակում ենք 1937 թվականը, մեր աչքի առաջ գալիս է Եղիշե Չարենցը։ Նրա մասին շատ են խոսել, խոսում են և դեռ պիտի խոսեն։ Այս հզոր անհատականության, պոետի, հայի ու քաղաքացու կյանքը լի էր սկանդալներով, բախումներով ու պայքարով։

Մինչ օրս հանրությանը ներկայացվում են նրա կյանքից անհայտ էջեր, մինչ օրս խոսվում է, որ նրանից դեռ կան անտիպ ինքնագրեր։ Խոսակցությունները շատ են, սակայն դրանց հետ մեկտեղ՝ կան նաև փաստերը։ Որքան էլ Չարենցի կյանքում շատ են եղել սիրուհիները, սերերն ու մուսաները, սակայն այս մարդու կյանքի հավիտենական սերն Արփիկն էր։ Բավական է կարդալ Չարենցի այս տողերը, որ նա ձոնել է իր կնոջը, ու պարզ կդառնա, որ երևի թե դեռ ոչ ոք իր կնոջն այնքան շատ չի սիրել, որքան Չարենցն Արփենիկին.

«Ահա դեմը, պատին-Դանթեի
Սիլուետն է՝ Պետրարկան կողքին․-
Ելել են նրանք դժոխքից
Եվ մտել դրախտն այնտեղից․․․․
Դա Ջիոտտո կոչվող նկարչի
Հանճարեղ ֆրեսքի մի անկյունն է․-
Այսինքն՝ դրա կրկնությունը
Գունավոր, չքնաղ կատարած․․․․
Իսկ ներքևը-Լեոնարդո դա Վինչու
Թախծադեմ «Հիսուսն» է-կանացի,
Պատանու դեմքով «Հիսուսը»։-
Ես տեսնում եմ միշտ նրա ուսը,
Հենց որ աչքերս բացի․․․․
Իմ սենյակն է, իմ պատը հարազատ՝
Իմ սիրած «Հիսուսով», որ անչափ
Նմանում է Արփիկին,-մանավանդ
Երբ պառկած էր նա դագաղում․․․»։

Չարենցի գրվածքներում շատ են այնպիսի գործերը, որոնք մինչ օրս լրջությամբ չեն ուսումնասիրվել։ Այդ գործերի թվին է դասվում նաև նրա ամենահայտնի արձակ գործերից մեկը՝ «Երևանի ուղղիչ տնից» երկը։ Այս ստեղծագործության մեջ ծավալուն ինֆորմացիա կա ժամանակաշրջանի վարք ու բարքի, բանտային կյանքի, հայերի ու մյուս ժողովուրդների փոխհարաբերության մասին։ 1927 թվականին, երբ մահացավ Չարենցի հերոսական կինը՝ Արփենիկը, Չարենցը Երևանի ուղղիչ տանն էր։ Չարենցի կնոջ հուղարկավորության մասին հուշերն ու պատմությունները շատ են, սակայն մի կարևոր դեպք վրիպել է շատերի աչքից։ Իր «Երևանի ուղղիչ տնից» հուշ-ակնարկում Չարենցը անդրադառնում է բանտային շրջանի գրեթե բոլոր իրադարձություններին, բացի իր կնոջ մահվան թեմայից։ Մի քանի նախադասությամբ նա ուղղակի խոսում է այդ մասին։ Ու տրամաբանական է, քանի որ Չարենցի համար տիեզերական թվացող ողբերգությունը հեղինակի համար անհաղթահարելի էր, ու հետևաբար՝ անհնար էր գրել այդ մասին։ Ստեղծագործության վերջում Չարենցը խոսում է մի մարդու մասին, ով կալանավորներին խորհուրդ է տալիս իրենց սիրելի մարդու գերեզմանը չբացել, քանի որ հետագայում դա կդառնա վատ սովորություն, հիվանդություն, և մարդն անընդհատ կսկսի գերեզմաններ բացել և մահացած մարդկանց տեսնել․

«Հըբը՞ ես իշտը էդպես դարձա, երբ օր հերս մեռավ… Հորս շատ կսիրեի՝ ինիկ ամենաթանկ բանն էր ընձի համար: Մի անգամ հարբած գնացի, բացի գերեզմանը՝ իդտից հետև վրես սեր ընկավ, էլ ձեռք քաշել չկրցա… Իդիկ տեսակըմ սեր է, մեռելի սեր… Գիշերները կերթայի գերեզմնները կքնեի: Թեզ-թեզ կբանայի գերեզմանը՝ կաշեի… Իդիկ գիտե՞ս ինչղ կեղնի…

– Մեռնելեն իրեք շաբաթ էդև օր էրթաս բանաս՝ վրեն ճերմակ սալանդոստի պես բան կեղնի էկած. իդիկ պիտի հանես, որ նոր էրևա էրեսը… էրեսն էլ լխկած կեղնի` իչըղ օր մեջը ջուր լցած: Ես էնպես սեր ունեի աշելու, որ հեչ բան չէր օգնե: Երկու օր օր չաշեի՝ խելռածի պես կեղնեի… Հնգերներուս հետը դահուլ-զուռնով կերթայի գերեզմընները՝ կբանայի գուլայի… էդև օր ձեռք քաշեմ իդի բանեն՝ վրեն քար քաշել տվի, հըմը էլի չօգնեց: Հիմի էլ կողքեն կփորեի՝ կհանեի: Մի անգամ էլ փորի, գլուխը գուզեի քիչըմ առաջ քաշեմ՝ պոկվավ, ձեռքս մնաց… Հանի դրի քարին… Մեջեն – նռի հատիկները գիտե՞ս – էդպես կարմիր ճիճուներ թափան… Ինչըղ որ նռի հատիկ… Իշտը իդո՛նք են մեռելներուն ուտողը…»։

Թվում է, թե Ուղղիչ տան այս պատմությունը անհետևանք պիտի մնար Չարենցի, համար, սակայն երբ կարդում ենք Չարենցի մտերիմ ընկերներից մեկի՝ Միքայել Մազմանյանի հուշերը, տեսնում ենք, որ այս պատմությունը իրոք մեծ ազդեցություն էր թողել Չարենցի վրա․

«Արփիկի մահից հետո անցել էր վեց ամիս։ Չարենցը գնացել էր քարհանքերն ու մի շաբաթ այնտեղ մնալուց հետո մի հսկայական քար էր փոխադրում սայլով՝ Արփենիկի մահարձանի համար։ Ճանապարհին սայլը շուռ էր եկել ու Չարենցի ոտքը վնասել։ Մեծ դժվարություններով նա քարը հասցրել էր գերեզմանատուն (ներկայիս Կոմիտասի անվան հանգստի պարկը), որտեղ և մշակման էր ենթարկվում՝ համաձայն Չարենցի ցանկությամբ կազմած նախագծի։

Չարենցը խնդրեց ինձ իր հետ գնալ գերեզմանատուն՝ Արփիկի գերեզմանը տեղափոխելու համար․ նրան թաղել էին մի նեղ տեղ, ուր քար դնելու և ցանկապատ քաշելու հնարավորություն չկար։ Մեր ներկայությամբ սկսեցին փորել գերեզմանը։ Փորողը նիհար ու բարձրահասակ կին էր, հողագույն դեմքով գերեզմանատան պահակը։ Չարենցը կարգադրեց բանալ դագաղը։ Ես արգելեցի, սակայն նա կտրուկ պահանջեց իրենը։

Պահակը բարձրացրեց կափարիչն ու դրեց մի կողմ։

Խե՜ղճ Արփիկ․․․ ինչպես էր փոխվել․․․

Չարենցը լուռ նայում էր, կարծես ուզում էր ըմբռնել, թե ի՞նչ եղավ Արփիկը։

– Տես ի՜նչ է դառել,- ասաց Չարենցը վշտացած ու զարմացած։

Կափարիչը ծածկեցին։ Վերոհիշյալ կինը գրկեց դագաղն ու փոխադրեց նոր փոսը»։

Ուղղիչ տան դեպքերն ու դեմքերը Չարենցի գլխում էին անգամ այնտեղից դուրս գալուց հետո։ Բանտային կյանքն ու մարդիկ կարծես թե նրան ուղեկցեցին մինչև մահ։ Ու տեսականորեն Չարենցի ողբերգական կյանքը շարունակվեց առաջին բանտարկությունից հետո ևս։ Այս ամենը կենսագրական փաստեր են ու տեղեկություններ, որոնք նոր ճանապարհ են բացում ուսումնասիրողների ու Չարենցով հետաքրքրվողների համար։ Թվում է, թե Չարլզ Դիքենսի համար չկար պատճառ, որ նա յուրաքանչյուր նոր բնակավայր այցելելիս՝ սիրում էր գնալ դիահերձարան ու նայել դիակներին։ Միգուցե Դիքենսի այս սովորության հիմքում նույնպես կա մի իրական պատմություն։ Ուղղակի պետք է հասկանալ, որ կյանքում ոչ մի դեպք, իրադարձություն չի անցնում մեր կողքով առանց ազդեցության։ Սովորական պատմություններից ազդվում են շատ մարդիկ։ Սովորական պատմությունից ազդվում էին նաև Չարենցի նման հանճարները։

ԱՐԱ ԶԱՐԳԱՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս