«Կարծում եմ՝ այստեղ դեր է խաղացել նաև դատավոր Աննա Դանիբեկյանի կին լինելը». Լիլիթ Մակունց
«Միջադեպն ինձ համար` որպես ՀՀ քաղաքացի, անընդունելի է, անկախ այն հանգամանքից, թե տվյալ դատավորն ով է և ինչ գործ է քննում։ Կարծում եմ՝ այստեղ դեր է խաղացել նաև դատավոր Աննա Դանիբեկյանի կին լինելը, որովհետև երբևէ նման դրսևորումներ չենք ունեցել դատավորների նկատմամբ։ Մի խոսքով՝ այս երևույթն ինձ համար անընդունելի է, իրավապահները դրանով զբաղվում են և, ըստ իս, նման դեպքերի հետ կապված՝ պետք է հետևողական լինել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպին։
Դիտարկմանը, Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպից և երկու երիտասարդների ձերբակալությունից հետո, նախկին կին պատգամավորներից շատերը, որոնց նկատմամբ նախորդ տարվա հեղափոխության օրերին տարբեր անձանց կողմից վիրավորանքներ էին հնչել, որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց, ակնարկում էին, որ այս ամենն արդարացի չէ, և նախորդ դեպքերի անպատժելիությունը բերեց այս միջադեպին, Լիլիթ Մակունցը նկատեց.
«Նախկին կին պատգամավորների հետ կապված նման տեղեկատվության չեմ տիրապետում։ Անկախ կին կամ տղամարդ լինելուց, եթե լինեին նման ապացույցներ, կարծում եմ՝ ոստիկանությունը կզբաղվեր նրանցով, ինքս նման տեղեկատվության չեմ տիրապետում»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը։
Հիշեցնենք, որ խոսքը պատգամավորներ Շուշան Պետրոսյանի, Արփինե Հովհաննիսյանի և մի շարք այլ պատգամավորների տների մոտ բողոքի ակցիաների, ինչպես նաև Երևանի փողոցներում Արմեն Աշոտյանի և Էդուարդ Շարմազանովի անուններով սև ժապավեններ կապելու մասին է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։ Աննա Դանիբեկյանը է քննում Ռոբերտ Քոչարյանի գործը, այսօր փաստաբանները նրան ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։
Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։
Միջադեպից հետո Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Աննա Դանիբեկյանի նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի համար ձերբակալվել է երկու անձ, որոնց առաջադրվել է մեղադրանք։
Ձերբակալվածներից մեկը Նարեկ Մութաֆյանն է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից։
Նշենք, որ մինչ իշխող կուսակցության պատգամավորներն անընդունելի ու դատապարտելի էին համարում դատավորի նկատմամբ տեղի ունեցածը, «իմքայլական» Անդրանիկ Քոչարյանը որոշել էր տարբերվել գործընկերներից։
Նա իր տված հարցազրույցներից մեկում անդրադառնալով ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին, ասել էր, որ Արփինե Հովհաննիսյանը՝ լինելով արդարադատության նախկին նախարար, փոխանակ իր հնարավորությունները կամ ռեսուրսները ներդնի իր՝ Հայաստանից փախած թիմակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, նա զբաղված է անհեթեթ, չփաստարկված հայտարարություններ աջ ու ձախ տարածելով», ապա թե՝ «Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»։
Այս ամենից հետո շատերը դատապարտեցին նրան և նրա փոխարեն ներողություն խնդրեցին Արփինե Հովհաննիսյանից, իսկ վերջինս հայտարարեց, թե չի պատրաստվում նախկին նախարարից ներողություն խնդրել։
Ի դեպ, «իմքայլական» որոշ պատգամավորների համար Անդրանիկ Քոչարյանի արտահայտությունները Արփինե Հովհաննիսյանի հասցեին վիրավորական որևէ բառ չեն պարունակում։ Օրինակ, Նիկոլ Բաղդասարյանի կարծիքով՝ գործընկերոջ խոսքը վիրավորական չէ.
«Ընդունեք, որ դուք իմ հորը նույնպես չեք ճանաչում, բայց մորս բոլորը ճանաչում են։ Հիմա ի՞նչ վիրավորական բան կա, որ ես լրագրողներից մեկի մամային ճանաչում եմ, բայց պապային չեմ ճանաչում։ Այդտեղ վիրավորական բան կա՞։ Նայած՝ ինչ կոնտեքստում եք ուզում ներկայացնել։ Եթե կոնտեքստից հանում եք, կարող է վիրավորական լինել»:
Մեկ այլ պատգամավոր էլ՝ Քրիստինե Պողոսյանը, վստահեցնում է, թե Անդրանիկ Քոչարյանը «բացառիկ հարգանք ունի կանանց և տղամարդկանց նկատմամբ», ինչը, սակայն, չի կարող ասել աղմուկ բարձրացրած մարդկանց մասին։
Զվարթ Խաչատրյան