
Ի՞նչ արտահայտություն է արել Անդրանիկ Քոչարյանը. կարծում եմ՝ բոլոր լրատվականները փոխակերպել են. «Իմ քայլի» պատգամավոր

Ազգային ժողովի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը զարմանում է՝ որտեղ էին լրագրողները, երբ այսօր Արփինե Հովհաննիսյանին պաշտպանող Գևորգ Պետրոսյանը ԱԺ ամբիոնից ասում էր, որ՝ կանանց և երեխաներին պետք է դաստիարակչական ապտակ տալ, կամ՝ որտեղ էին լրագրողները, երբ Նաիրա Զոհրաբյանը, լինելով ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, մարդկանց դուրս էր հրավիրում ԱԺ-ից, ուստի խնդրում է լրագրողներին հավասարաչափ և ադեկվատ գնահատական տալ երևույթներին։
Պատգամավորը Արփինե Հովհաննիսյանի հարցազրոյցը համարում է խայտառակ ու կրկին զարմանում, թե լրագրողներն այդ ժամանակ ինչու աղմուկ չբարձրացրեցին։
«Մի հատ գնացեք Արփինե Հովհաննիսյանի հարցազրույցը նայեք, բա ինչի՞ չէիք գնում և նրան ասում՝ ինչո՞ւ եք մտնում անձնական դաշտ։ Արփինե Հովհաննիսյանն այն նախարարն է, որի օրոք մահացել է «Հաց բերողը»»,- ասաց իմքայլական կին պատգամավորը՝ ընդգծելով, որ, երբ տեսնում է, որ նախկին նախարարը գործող նախարարին տականք է անվանում, դրանից վիրավորվում է։
Խոսելով իր թիմակցի հարցազրույցի մասին՝ Քրիստինե Պողոսյանը նշեց, որ Անդրանիկ Քոչարյանը «բացառիկ հարգանք ունի կանանց և տղամարդկանց նկատմամբ», ինչը, սակայն, չի կարող ասել աղմուկ բարձրացրած մարդկանց մասին։
Պատգամավորը կրկնեց՝ այս աղմուկն առաջացել է այն բանի պատճառով, որ հասարակությունը երկակի ստանդարտներով է ապրում, իսկ լրագրողի հարցին՝ փաստորեն նման արտահայտությունն անող տղամարդը չպե՞տք է կնոջից ներողություն խնդրի, Քրիստինե Պողոսյանը պատասխանեց.
«Ի՞նչ արտահայտություն է արել. Կարծում եմ՝ բոլոր լրատվականները փոխակերպել են»:
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ