«Փաշինյանն ու իշխանությունը չունեն արտաքին գործընկերներ, չկան ներդրումներ, այս իշխանությունը վստահելի չէ». Ռուբեն Վարդանյան

«168 ժամի» հետ զրույցում պատմաբան, հրապարակախոս Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի պատճառներին և ուժային մյուս կառույցների ղեկավարների փոփոխման հանգամանքներին:

Ըստ Ձեզ` Արթուր Վանեցյանի հրաժարականն ի՞նչ սցենարների արդյունքում կարող էր լինել: Ինքը` ԱԱԾ նախկին պետը, իր հրաժարականի տեքստում ինչինչ եզրահանգումների հիմք տալիս է: Ի դեպ, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, թե Վանեցյանի հրաժարականը կարող էր ունենալ բազում պատճառներ` արտաքին գործոններ, Ղարաբաղի հարց, Սահմանադրական դատարան, «Մարտի 1»-ի գործ։

– Արամ Մանուկյանը ճիշտ է ասում՝ նշելով տարբերակները: Ըստ իս` այս պահի դրությամբ Վանեցյանի աշխատանքից ազատվելը կարող է հետևյալ երեք սցենարն ունենալ. 1) Վարչապետն ազատվեց իշխանության իր գլխավոր հենասյունից` նրան զոհաբերելով հակառակվող թիմին ու բևեռին` սպասվող գործընթացներում աջակցություն ստանալու համար: 2) ԱԱԾ տնօրենը կարող էր դիտարկվել առաջիկա խաղում՝ որպես հավակնորդ կամ առանցքային ֆիգուր այլ ուժերի կողմից: 3) Նիկոլ Փաշինյանն Արթուր Վանեցյանին մի հանձնարարություն է տվել, որը վերջինս հրաժարվել է կատարել: Եվ կար տևական անհամաձայնության մթնոլորտ:

Հաշվի առնենք` տվյալ ուժային կառույցը, որը պետության հետ ունի սերտ կապեր, երկրորդ` ուշադրություն դարձնենք Վանեցյանի կոշտ հայտարարության այս հատվածին. «Նման որոշումը ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը»: Վանեցյանի հայտարարությունը բավականին կոշտ էր, ինչին հետևեց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի ոչ պակաս կտրուկ պատասխանը` ուղղորդելով Վանեցյանին դեպի Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյան: Եվ սա արեց` ելնելով ԱԱԾ նախկին տնօրենի տեքստի գրագրությունից:

Կարո՞ղ ենք ասել, որ ԱԱԾ նախկին պետը քաղաքականություն մտնելու հայտ է ներկայացնում:

– Կարող ենք ասել, որ հայտ է ներկայացնում քաղաքականություն մտնելու, քանի որ դա բխում է իր հայտարարության մի հատվածից և տրամաբանական կլինի` հաշվի առնելով, որ Վանեցյանի վարկանիշը Փաշինյանին հաջորդում էր: Վանեցյանը կգնա այդ քայլին` ելնելով վերոնշյալից կամ պայմանավորվածություններից, եթե դրանք կան: Այսինքն` ամբիցիայի, պետության մասին մտահոգության կամ խաղի մաս կազմելուց պետք է հոսի մոտիվացիան:

Հնարավո՞ր է՝ Վանեցյանի հրաժարականին հաջորդեն ուժային մյուս կառույցների ղեկավարների ազատումները` Ոստիկանապետ, Պաշտպանության նախարար: Ո՞ր դեպքում սա կլինի, այսինքն` այս դեպքում Փաշինյանն ի՞նչ խնդիր կփորձի լուծել: Գուցե անգամ իր հրամանների դեպքում չի՞ համարում, որ իր վերահսկողության տակ են:

– Իհարկե հնարավոր են, քանի որ մյուս ուժայինները (ՊՆ, Ոստիկանություն) իրենց գործն անում են բավարար, բայց ավելի զարգանալու տեղ ունեն: Եթե պրոֆեսիոնալ դաշտից տեղափոխվենք քաղաքական, ապա հանդարտ ընթացքի դեպքում նշված կառույցների ղեկավարները հարմար են: Իսկ ներքաղաքական թեժ պայքարում, երբ վստահության բարձր աստիճան է պետք, ապա գործող պետերը չեն համապատասխանում, իրենք ամբողջովին յուրային չեն ու ֆորս-մաժորի դեպքում, չգիտես՝ ինչ վարքագիծ կունենան: Դիցուք` ՊՆ-ում ավելի շատ կենտրոնանանք ոչ թե նախարարի, այլ Գլխավոր շտաբի պետի անձի վրա և նրա շուրջ, միգուցե, զարգացող իրավիճակին:

Նիկոլ Փաշինյանը վերադասավորման կարիք ունի՝ իր կառավարող կյանքը երկարացնելու համար, ուստի պատահական չի պառլամենտ բերվել ուժայիների ղեկավարների նշանակման ձևի փոփոխության մասին օրենքը: Փաշինյանն ու թիմն այս կառույցների խորքերում չունեն իրենց մարդիկ, դրա համար խնդիր ունեն հիմնարկներ բերելու դրսից, ինչը բնական ու նորմալ է: Սա այն դեպքն է, որը նշանակում է` փաշինյանական իշխանությունը զգում ու տեսնում է վարկանիշի իջեցումը և կանխատեսում ռիսկերը, փորձում ամրապնդվել: Փաշինյանը ճիշտ կանի՝ ավելի շատ աշխատի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանավարման տարիների ու համաժողովրդական շարժման գործիչների, իր այդ ժամանակի պայքարի ընկերների հետ, և առաջին հերթին՝ ուժային հիմնարկների հետ աշխատանքում: Այդ գործիչները շատ բան են ապացուցել:

Փաշինյանն ի՞նչ խնդիրների առջև է կանգնեցրել ինքն իրեն, երկրորդ` երկրին: Մանևրելու ի՞նչ հնարավորություններ ունի Փաշինյանը, ի՞նչ վերադասավորումների կգնա:

– Փաշինյանն իրեն կանգնեցրել է բարդ իրավիճակի առաջ. ա) գլխավոր առաջ քաշված հարցերը չունեն առաջընթաց: Եթե մի քիչ խորքից գանք, ապա. «Հոկտեմբերի 27»-ի գործը, Վանո Սիրադեղյանի գործը, Սահմանադրության փոփոխությունը, տնտեսական հեղափոխությունը, «Մարտի 1»-ի ընթացքը, Ամուլսարը, անցումային արդարադատությունը, նախկին իշխանության քաղաքաիրավական գնահատականը և պատասխանատվության ենթարկելը, և այլն: Այս կարևորագույն կետերում չկան վճռական զարգացումներ: Սա բխում է նրանից, որ իշխանությունը օրակարգ չունի և համակարգային չէ, սա էլ գալիս է, որ պետական մտածելակերպ չունեն ու մնացել են ընդդիմադիրի հոգեբանության մեջ: Չեն հաղթահարել դա: բ) Պետությունը բարդ վիճակում է, քանի որ Փաշինյանն ու իշխանությունը չունեն արտաքին գործընկերներ, չկան ներդրումներ, այս իշխանությունը վստահելի չէ: Փաշինյանի մանևրելու տարբերակները փոքրանում են, բայց միշտ էլ հնարավորություն ունի նա, ով հավատում և աշխատում է: Վարչապետը պետք է հստակեցնի այն պետության ձևն ու էությունը, որն ուզում է կառուցել, լինի ավելի գաղափարական ու նպատակային: Պիտի գնա կադրային վերադասավորումների ու արտաքին ավելի լուրջ աշխատանքի:

Առհասարակ, ներքաղաքական դաշտում այլ քաղաքական ուժերի մասնակցությամբ ի՞նչ վերաձևումներ են հնարավոր:

Ներքաղաքական դաշտում զարգացումները կլինեն` թե անհատական, թե համընդհանուր: Այսինքն` քանի որ իշխանությունը տարավ սև ու սպիտակի քաղաքականություն ու փակվեց ինքն իր մեջ, շատերը փորձելու են դրսևորվել ինքնուրույն: Բաց խաղ կգնա: Կլինեն իքիբիր ուժեր, ֆալստարտներ ու նաև լուրջ հավակնորդներ: Դաշտն առանց բախումների դժվար խաղաղվի: Կայուն կլիներ, եթե իշխանությունը հենց սկզբից կոշտ մարտավարություն դրսևորեր և հարցերը լուծեր արագ: Հները վերադառնալու շանս չունեն, նորերը հնարավորություն չունեն մնալու նույն տեսքով և պահվածքով: Երրորդ ուժի ստեղծումը խիստ անհրաժեշտություն է մեզ համար: Ըստ իս` դա այն ուժը պիտի լինի, որը կհենվի 1988թ. Ղարաբաղյան շարժման արժեհամակարգի, գաղափարների, 1990-ականների իշխանության արժեքների և հաջողությունների վրա: Ես ուզում եմ տեսնել Վազգեն Սարգսյանին շարունակողին մեր մեջ:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս