Ամուլսարը` քաղաքական առևտրի հնարավոր առարկա

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը 168.am-ի հետ զրույցում խոսել է ներքաղաքական դաշտում վերաձևումների, վերաձևավորումների հնարավոր գործոններից:

Պարոն Քեռյան, ներքաղաքական դաշտում ինչպիսի՞ վերաձևավորումներ և զարգացումներ եք հնարավոր համարում այսօր։

– Կան իրողություններ, իրադարձություններ հիմա, որոնք թեժացնում են քաղաքական կյանքը` Ամուլսարի խնդիրը, որը հրապարակային շատ մեծ քննարկում և արձագանք է ստանում, երկրորդ` Ռոբերտ Քոչարյանի և բարձրաստիճան նախկին պաշտոնյաների դատավարությունը, երրորդ` հակակոռուպցիոն հերթական բացահայտումները, որոնք ևս լայն արձագանք են ստանում: Նրանք, որոնք կանխատեսում են թեժ աշուն` այս իրադարձությունների ֆոնին, ելնելով ոչ իշխանամետ եզրակացություններից, փորձում են եզրակացնել, թե այդ թեժ աշունը կբերի քաղաքական նոր իշխանության հիմքերի սասանման: Բայց ես` որպես մասնագետ, ենթադրում եմ, որ դժվար է կանխատեսել այնպիսի սասանում, որը կարող է բերել քաղաքական իշխանության՝ չասեմ՝ փոփոխության, բայց գոնե արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Փորձը ցույց է տվել, որ հեղափոխական շատ բարձր ալիքին միշտ հաջորդում է որոշակի ճահճացման, լճացման ժամանակաշրջան, իսկ այնուհետ` անկման: Եվ բավական երկար ժամանակ է պետք  քաղաքական նոր ակտիվության կամ հեղափոխական շարժումների համար: Եթե 2018-ի գարնանն այդ հեղափոխական ալիքն ապրել ենք, հիմա ներկա պահը կորակեմ՝ առավել սպասողական և անորոշ մի փուլ, որտեղ դեռ ընդդիմությունը չունի այնքան ուժ, ռեսուրս, որ կարողանա կազմակերպել ընդդիմադիր հզոր պայքար, իսկ իշխանություններն էլ դեռևս չունեն այն փորձը և կադրային ռեսուրսը` կարողանալու կտրուկ առաջընթաց արձանագրել: Բացի այս, որոշ խնդիրների շուրջ առաջացած դժվարություններն իրենցով լուրջ խնդիրներ են առաջացնում:

Իհարկե, իշխանությունները կարող են հակակոռուպցիոն պայքարը ներկայացնել՝ որպես լուրջ նվաճում, ինչը հասարակության կողմից շատ արագ ընկալվում է: Ցանկացած կոռուպցիոն նախկին երևույթների բացահայտումը, ուզենք թե չուզենք, բարձրացնում է իշխանությունների իմիջը: Եվ դրա համար է, որ միանգամից ամեն ինչ չի բացահայտվում: Կա  փաստերի տրցակ, որի ամբողջական հրապարակայնացումը կամ բացահայտումը քաղաքականապես ձեռնտու չէ, այսինքն` երբ այդ տրցակից փաստերը մեկ-մեկ ես հանում, ամեն ամիս ունենում ես քաղաքական իմիջի, հեղինակության բարձրացման լուրջ խթան:

Ըստ այդմ` այս հակակոռուպցիոն գործունեությունը ներկա իշխանության բարձր ռեյտինգն ապահովում է: Իհարկե, դժվար է ասել` նախորդ 70 տոկոս վարկանիշից իրականում որքանն է մնացել` իջե՞լ է, թե՞ նույնն է մնացել, քանի որ դեռ չեմ տեսել սոցիոլոգիական չեզոք հարցումներ և վերլուծություն, ուստի դժվար է կոնկրետ թիվ ասել, բայց այն, որ հակակոռուպցիոն փաստերի` ամիսը մեկ-երկու անգամ բացահայտումը հնարավորություն է տալիս իշխանությանը բարձրացնել վարկանիշը, դա կա:

– Ժամանակ առ ժամանակ հակակոռուպցիոն գործողությունների շրջանակում նախկին պաշտոնյաների մաս-մաս ձերբակալմամբ, կարո՞ղ ենք ասել, որ այսօր ՀՀ-ում գոյություն ունի կոռուպցիայի դեմ լրջագույն ու իրական պայքար: Արդյոք մանիպուլյատիվ պահեր չկա՞ն` ինչ-ինչ թեմաներից շեղելու նպատակով նաև:

– Այն, որ նախորդ իշխանությունները թաղված են եղել կոռուպցիայի մեջ, բոլորս գիտենք: Նախքան իշխանափոխությունը պարզ էր` կա համակարգային, զանգվածային կոռուպցիա, որը  պարզ կաշառակերություն չէ, երբ սովորական մեկն իր կատարած աշխատանքի դիմաց գումար է պահանջում, խոսքը սրա մասին չէ: Սա բոլոր երկրներում էլ կա: Խոսքը պետական միջոցների համակարգային վատնման մասին է, որն արվում էր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից` քաղաքական իշխանության թողտվությամբ: Այն, որ դա եղել է, բոլորս գիտենք, բայց հիմա դժվար է գնահատել` այդ հակակոռուպցիոն պայքարն ինչ տրամաբանությամբ կարող է ընթանալ: Ես նորից եմ կրկնում` հակակոռուպցիոն պայքարը, որի էությունը հիմնականում նախկին մեկ-երկու կամ բազմաթիվ պաշտոնյաների ձերբակալումն է, բաց թողումը, նրանց ապօրինի սեփականության պետականացումը, սա իշխանության քաղաքական իմիջի բարձրացումն է կամ դրա անկումը թույլ չտալը:

Եթե հավատանք վարչապետի խոսքին, ապա համակարգային կոռուպցիա այլևս չկա, իսկ եթե դա չկա, ապա ներկա հակակոռուպցիոն պայքարը միայն նախկինների դեմ է: Այո, հակակոռուպցիոն պայքարը ոչ թե ներկա կոռուպցիոներների վերացումն է, այլ նախկիններին իրավական դաշտ բերելը և ապօրինի ձեռք բերված գույքը խլելը:

Այսինքն` սա վերաբերում է միայն անցյալին, ներկա պաշտոնյաներից միայն Դավիթ Սանասարյանի լիազորությունների դադարեցումն է եղել, այլ բացահայտում չենք տեսել: Այստեղ երկու իրողություն կարող է լինել. կամ իսկապես վարչապետը ճիշտ է` համակարգային կոռուպցիա չկա, կամ իրենց դեռևս ձեռնտու է հին կոռուպցիոներների դիմակազերծումը, որը շահավետ է տնտեսական առումով, քանի որ բյուջետային որոշակի հավելումներ են լինում, այլ հարց է` որքանով է այն օգնում մեր տնտեսական կայունությանը: Ըստ այդմ` արդյո՞ք հակակոռուպցիոն պայքարն իսկապես հակակոռուպցիոն պայքար է` ներկա պետական համակարգը կոռուպցիայից զերծ պահելու համար, ես այս հարցին վերապահումով եմ մոտենում:

– Ամուլսարի հարցում իշխող ուժում կարծիքները տարբեր են, սա կարո՞ղ է հանգեցնել իշխող քաղաքական ուժի ներսում թևերի առաջացման, ինչպես ոմանք կանխատեսում են, և Նիկոլ Փաշինյանը ստիպված լինի պահուստային ուժ ստեղծել, որին կվստահի:

– Ամուլսարի հարցում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ղեկավար անձնակազմից ոչ բոլորն են ակտիվորեն վարչապետի կողքին: Կա նաև որոշակի պասիվություն խորհրդարանական խմբակցության անդամների կողմից, նրանք այդքան ակտիվ չեն Ամուլսարի հարցում վարչապետի նախաձեռնությունները պաշտպանելու առումով: Սա պարզ երևում է, այլ հարց է` այդ պասիվությունն արդյո՞ք կհասցնի նրան, որ ինչ-որ հատված կանջատվի և իր դիրքորոշումն առանձին կներկայացնի, և այդ անջատումն արդյո՞ք կբերի ՔՊ-ի կամ «Իմ քայլի» պառակտման, դա ոչ մեկը դեռևս չի կարող ասել, քանի որ ինչ-որ մի պահի ներկուսակցական քննարկումներում գուցեև տարբեր թևերը կարողանան գալ փոխզիջման, ու այդ պառակտումը չլինի:

Առայժմ միայն մեկ երևույթ է նկատվում, այն է` ՔՊ-ի պատգամավորների պասիվություն, ինչն անգամ վարչապետի որոշ խոսքերից է զգացվում, որ ծանրությունն  ամբողջությամբ իր վրա է ընկած: Նույնիսկ կառավարության ոչ բոլոր անդամներն են այդքան մեծ ոգևորությամբ Ամուլսարի շահագործման օգտին հանդես գալիս, ուստի հնարավոր են ոչ միայն տարաձայնություններ իշխող ուժի խորհրդարանական խմբակցության ներսում, այլև կառավարության անդամների միջև: Ես պառակտման մասին համոզված կասեի մեկ դեպքում, այն է` եթե լիներ մի քանի պատգամավորի կամ կառավարության մի քանի անդամի հայտարարություն, որ իրենք դեմ են, առանձին կարծիք ունեն: Նման բան դեռևս չի եղել:

– Քաղաքացիական հասարակությունը ունի՞ բավարար ուժ՝ պայքարելու Ամուլսարի հանք դառնալու դեմ: Այսինքն` կունենա՞նք ևս մեկ «Էլեկտրիկ-Երևան»:

– Այստեղ կարծես թե նման նախանշաններ կան, և շատ հնարավոր է, որ նրանց ակտիվացնեն և ոգևորեն ընդդիմադիր քաղաքական ուժերը, արտախորհրդարանական ուժերը: Այսինքն` լինի ստվերային աջակցություն: Մենք գիտենք, որ «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումը հօգուտ Ամուլսարի չէ, կուսակցության պատգամավորները մասնակցում են այն երթերին, որոնք Ամուլսարի շահագործման դեմ են: Այնպես որ, քաղաքական և արտախորհրդարանական ուժերի կողմից կարող են քաղաքացիական հասարակության որոշ կառույցներ ակտիվացվել և ընդգրկվել որոշ գործընթացների և միջոցառումների մեջ:

Այստեղ ամենից շատ մտահոգություն են ցուցաբերում Ջերմուկի բնակիչները, Վայոց ձորի մարզի: Բացի այս, Ամուլսարն այսօր դարձել է հարմար առիթ, որով  ընդդիմությունը կարող է ճնշում գործադրել իշխանության վրա և նրան ստիպել գնալ քաղաքական որոշակի զիջումների, ես նույնիսկ կասեի` տարբեր հարցերի շուրջ առևտրի:

Ընթացքը ցույց կտա, վարչապետն ասաց, որ «Լիդիանը» մինչև գարուն այնտեղ չի շարունակի իր գործունեությունը: Սա մի փոքր տարակուսելի է. եթե կա թույլտվություն, ապա ինչո՞ւ շահագործումը չի վերսկսվում:

– Ինչո՞ւ ենք մենք վախենում դատարան դիմելուց:

– Ինձ թվում է, որ այստեղ կան ստվերային գործընթացներ, որոնց մենք տեղյակ չենք: Կարող են լինել այնպիսի հզոր ֆինանսական կառույցների շահեր, որոնց դեմ գնալով՝ Հայաստանը կարող է տուժել: Այստեղ կարող է լինել նաև Արևմուտքի որոշակի շրջանակների քաղաքական ճնշում, իսկ մենք շատ փխրուն ենք, գտնվում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղության իրավիճակում, չունենք կոմունիկացիաներ, և էներգետիկ ու տրանսպորտային առումով հսկայական կախվածություն ունենք: Չունենք այնպիսի տնտեսական համակարգ, որ կարողանանք ազատ լինել, դիմադրել պատժամիջոցներին: Սրան գումարած՝ նաև պատերազմի ամենօրյա վտանգը, ստիպում էր նախկիններին, ինչպես նաև ներկաներին՝ լինել շատ զգույշ:

Իհարկե, Հայաստանի նման փոքր երկրում հանքարդյունաբերության նմանատիպ զարգացումը սխալ էր դեռ այն գլխից: Եթե մենք ունենայինք հսկայական տարածքներ, ռուսների նման սիբիրներ, այդ անմարդաբնակ տարածքներում, որտեղ չէր կարող լինել էկոհամակարգի վրա ազդեցություն, կարելի էր դա տնտեսական օգուտ համարել:  Բայց երբ ամեն մի 10 կմ-ի վրա քիմիական և ռադիոակտիվ ազդեցությունները կարող են կործանարար լինել, հանքի շահագործումը վտանգավոր եմ համարում` անկախ դրա տնտեսական էֆեկտից: Միաժամանակ՝ չեմ մեղադրում ներկա իշխանություններին, քանի որ նրանք ժառանգել են այդ խնդիրը նախորդներից:

– ՀՀ երկրորդ նախագահին ազատազրկելու հարցում Մարտի 1-ի դեպքերի համատեքստում լուրջ հետաքրքրություն ունի նաև Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցությունը, հնարավո՞ր է, որ այս իրադարձություններից օգտվելով՝ նրանք ակտիվանան և ստվերեն Նիկոլ Փաշինյանին` Քոչարյանի դեմ պայքարի ղեկն իրենց ձեռքը վերցնելով:

– ՀԱԿ-ը՝ որպես քաղաքական ուժ, շուրջ 10 տարի է՝ գործում է, և եթե ակտիվանալու շանսեր ունենար, կօգտվեր: Այդ հնարավորությունը նրան կարող էր տրվել միայն մեկ դեպքում, այն է` եթե ՔՊ-ն և ՀԱԿ-ը գնային երկկուսակցական դաշինքի, հատկապես, երբ երկուսին էլ միավորում է և՛ Մարտի 1-ի գործընթացը, և՛ հակաքոչարյանական դիրքորոշումը, և՛ միջանձնային հարաբերությունները:

Տեր-Պետրոսյանը, Զուրաբյանը, Փաշինյանը, Արամ Մանուկյանը քաղաքական նույն խոհանոցից դուրս եկած մարդիկ են: Ես սպասում էի, որ իշխանափոխությունից հետո ՀԱԿ-ը և ՔՊ-ն կարող է կազմեն երկկուսակցական դաշինք, որի շնորհիվ ՀԱԿ-ը կմտներ գործընթացի մեջ, որը տեղի չունեցավ: Ճիշտ է` դիրքորոշումները համընկնում են, բայց հավանաբար այստեղ կան միջանձնային որոշակի  հարաբերություններ, չլուծված հարցեր, չմոռացված պահեր, անհամաձայնություններ, նույնիսկ` նախկինում եղած կոնֆլիկտներ, ինչը հնարավորություն չտվեց միավորվելու:

Հայաստանում քաղաքական ուժերը մեծամասամբ անձնավորված են և կախված են մեկ կամ մի քանի մարդու կամքից: Բացի Դաշնակցությունից, չանձնավորված կուսակցություն չունենք. ՔՊ-ի դեպքում՝ Փաշինյանն է, ՀԱԿ-ի դեպքում` Տեր-Պետրոսյանը, ԲՀԿ-ի դեպքում` Ծառուկյանը: Դա ի սկզբանե է եղել, օրինակ` չեմ պատկերացնում «Լուսավոր Հայաստանը»՝ առանց Էդմոն Մարուքյանի, նա դուրս եկավ՝ կուսակցությունը բան չի անի: Այս խարիզմատիկ իրողությունը մեր ներքաղաքական դաշտի պայքարը դարձնում  է ոչ թե գաղափարական, այլ անձերի:

– Ամեն դեպքում, հնարավո՞ր է, որ կարիքից ելնելով՝ իշխանությունը դիմի ՀԱԿ-ի և «Սասնա ծռերի»  օգնությանը:

– Ամեն ինչ հնարավոր է: Պարզապես այդ անձերի միջև ամբիցիաները, քաղաքական հավակնություններն այնպիսին են, որ հիմա դրա հնարավորությունը չկա:  Դա կլինի միայն այն դեպքում, եթե լինեն արտահերթ ընտրություններ և այդտեղ ՔՊ-ն լրացուցիչ օգնության կարիք ունենա:

– Հայաստանի վարած այսօրվա արտաքին քաղաքականությունը կոմպլեմենտա՞ր,  «և՛, և՛ »-ի՞, թե՞  «կամ, կամ»-ի քաղաքականություն է։

Հայաստանը միջազգային քաղաքականության համար այդ կշիռը չունի, որ հզոր համաշխարհային ուժերը նստեն ու մտածեն` Հայաստանը ընկալելի՞  է, թե՞ ոչ, քանի որ այնպիսի գործընթացներ են գնում, այդ խաղերի մեջ այնպիսի պետություններ և կազմակերպություններ են ընդգրկված, որ այս հարցն արդիական չէ: ԱՄՆ-ի համար Հայաստանը հետաքրքիր է, որ մենք սահման ունենք Իրանի հետ, ՌԴ-ին՝ այնքանով, որ Պուտինը ցանկանում է վերականգնել հետխորհրդային տարածքում ռուսական ազդեցությունը, իսկ Հայաստանը դրա օղակներից մեկն է, ԵՄ-ին էլ հետաքրքրում է առհասարակ ամբողջ Հարավային Կովկասը` որպես էներգետիկ, տրանսպորտային կոմունիկացիաների տարածք:

Ինչ վերաբերում է մեր վարած քաղաքականությանը, ապա այն վեկտորները և կողմնորոշիչները, որոնք մշակվել են 90-ականներին, դրանք ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ էլ նոր իշխանությունը չեն փոխել: Իհարկե, իշխանության մեջ կան սորոսականներ, արևմտամետներ, բայց միևնույն ժամանակ՝ նրանք հոժարակամ գնում են և մասնակցում ռուսական ու եվրասիական միջոցառումներին,  համագործակցության ձևաչափերին: Գուցեև այդ գործիչները նախկինում եղել են արևմտամետ և պայքարել ռուսական կողմնորոշման դեմ, բայց այսօր ձեռք բերելով իշխանություն՝ հավանաբար հասկացել են, որ դա իրենց դիրքերը կարող է թուլացնել, և որևիցե քայլ հակառակ ուղղությամբ չեն անում: Եվ ասել, թե Արևմուտքը շատ ոգևորված է Փաշինյանի իշխանությամբ` որպես արևմտամետ, ոչ, դա այդպես չէ, քանի որ նա այսօր ավելի շատ համագործակցում է ՌԴ-ի և նրա դաշնակիցների հետ, քան Արևմուտքի:

Իհարկե, պահ-պահ ինչ-որ բաներ լինում են, որոնք ռուսներին վրդովվեցնում են, օրինակ` Իոաննիսյանին Արցախ գործուղելը, նրա արած արտահայտությունը, կամ Քոչարյանի դատավարությունը, բայց աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության մասին անիմաստ է խոսել: Ես կարող եմ ասել, որ երբեմն Փաշինյանը և նրա շրջապատն ավելի կաթոլիկ են ռուսամետության առումով, քան նախորդները: Ես գիտեմ, որ շատ հարցերում Քոչարյանը դուռը շրխկացնում էր ռուսների առջև, եթե Ղարաբաղի հարցում լուրջ զիջումների գնալ էին պահանջում:

– Ի դեպ, արցախյան հակամարտությունը որքանո՞վ է այսօր հետաքրքիր աշխարհին:

Արցախյան հակամարտությունը մասնակի սառեցված է, քանի որ ակտիվ ռազմական գործողություններ չեն ընթանում, բայց մյուս կողմից` գտնված չէ դրա լուծումը: Օրինակ` աբխազական, հարավ-օսական հակամարտություններն ավելի հիմնավոր են սառեցված, քանի որ չկան ռազմական գործողություններ և բանակցային գործընթաց, ինչպես նաև՝ թեժացման նախանշաններ: Վրաստանը դա թողել է ապագային, սերունդներին: Այս տեսանկյունից Արցախի խնդիրն իր հրատապությունը պահպանում է, բայց այն ստվերված է այլ իրողություններով` սիրիական ճգնաժամ, ուկրաինական իրադարձություններ, ՌԴ-Իրան-Թուրքիա համագործակցային ձևաչափ, ՌԴ-Արևմուտք հակամարտություն, պատժամիջոցներ, սպառազինության մրցավազքի նոր վտանգներ, քանի որ ԱՄՆ-ը դուրս է գալիս սահմանափակման համաձայնությունից: Չմոռանանք Չինաստան-ԱՄՆ-ԵՄառևտրային պատերազմները:

Արցախի կոնֆլիկտը մլմլացող կրակ է, ապրիլյան պատերազմը ցանկացած պահի կարող է կրկնվել: Քաղաքագիտական տեսանկյունից՝ արցախյան հակամարտությունը նմանեցնում եմ արաբաիսրայելական հակամարտությանը. այսօր Իսրայելի և Արաբական պետությունների միջև պատերազմ չկա, բայց տարվա ընթացքում հզոր բռնկումներ են լինում: Ըստ այդմ` հակամարտության սառեցման այնպիսի իրավիճակ պետք է ստեղծենք, որ դրա տաք բռնկման հնարավորությունը չլինի, երկրորդ` բանակցային գործընթացը պետք է դրվի ավելի արդյունավետ ռելսերի վրա, որ կողմերը հնարավորություն չունենան մարտական գործողություններ ծավալելու:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս