Բաժիններ՝

Եվրամիության 9 երկիր վարկ է խնդրել զենք գնելու համար

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Եվրամիության 9 երկիր արդեն պաշտոնապես խնդրել է նոր մեխանիզմի շրջանակներում վարկեր հատկացնել զենք գնելու համար: Այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թոմա Ռենիեն։

«Ես արդեն կարող եմ ասել, որ ինն անդամ պետություն պաշտոնապես հայտարարել են փոխառություններ ստանալու իրենց շահագրգռվածության մասին։ Դրանք են Բելգիան, Բուլղարիան, Կիպրոսը, Չեխիան, Էստոնիան, Իսպանիան, Ֆինլանդիան, Հունգարիան և Լիտվան։ Սա նախնական ցանկն է», – պաշտոնյայի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հավելել է՝ ակնկալվում է, որ ԵՄ մոտավորապես քսան երկիր կարող է դիմել նման վարկերի համար։

Եվրահանձնաժողովը մարտի 19-ին ներկայացրել է իր նոր պաշտպանական ռազմավարությունը՝ «Եվրոպայի վերազինումը»։ Ավելի ուշ փաստաթղթի անվանումը ԵՄ մի շարք անդամ երկրների բողոքի պատճառով փոխվել է և վերանվանվել «Պատրաստվածություն-2030»։ Ռազմավարությունը նախատեսում է չորս տարվա ընթացքում ներգրավել մոտավորապես 800 միլիարդ եվրո։

Ավելի վաղ Եվրամիության անդամ պետությունները նաև համաձայնեցրել են SAFE վարկային գործիքի ստեղծումը, որի միջոցով նախատեսվում է 150 միլիարդ եվրո ներգրավել զենքի արտադրությունը մեծացնելու համար։ Բացի այդ, Բրյուսելի պլանը նախատեսում է Եվրամիության պետությունների բյուջեներից մոտավորապես 650 միլիարդ եվրոյի հատկացում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս