
Սահմանադրական իրավունքի իրացումն իմ դեպքում ո՞վ պիտի ապահովի՝ ոստիկանությո՞ւնը, թե՞ մեկ ուրիշ մարմին. Աշոտյանը՝ դատավորին

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը, որից 168․am-ը մի քանի դրվագներ է առանձնացրել։
Դատական նիստը մեկնարկեց շուրջ 30 րոպե ուշացումով, քանի որ տնային կալանքի ռեժիմում գտնվող Արմեն Աշոտյանին ուղեկցող ոստիկաններն ուշացել էին, ինչի մասին տեղեկացրել էին դատարանին։ Այս հանգամանքով պայմանավորված՝ ուշացել էր նաև Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որը տեղեկացվել էր ոստիկանների ուշացման մասին և սպասել էր իր պաշտպանյալի տեղափոխմանը։
Նկատենք՝ նախորդող դատական նիստիերից մեկի ժամանակ էլ պարզ էր դարձել, որ ՆԳՆ ծառայողների ծանրաբեռնվածության պատճառով Արմեն Աշոտյանն ուղղակի չէր ներկայացվել դատարան:
Այսօրվա դատական նիստին շարունակվեց մեղադրանքի կողմի վկա Ալեքսան Հովհաննիսյանի հարցաքննությունը։ Հիշեցնենք՝ վկան 2015թ. դրությամբ հանդիսացել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, ուսխորհրդի փոխնախագահ։ ՈՒ քանի որ վկան նախորդ դատական նիստի ժամանակ տարբեր դրվագներ չէր հիշում, դատախազն այսօր միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը։
Ցուցմունքը հանրայնացնելուց հետո պաշտպանական կողմի փաստաբան Տիգրան Աթանեսյանի մոտ տպավորություն էր ստեղծվել, թե նախաքննական հարցաքննությունը որոշակի լարվածությամբ է տեղի ունեցել․
«Քննիչի կողմից ինչ-ինչ հանգամանքներ են ներկայացվում ու տրվում են գնահատական․ ասում է՝ «ապօրինի» է փոխանցվել գումարը արհեստակցական միությանը։ …Կամ՝ ձեզ բացատրվե՞լ է սեփականության և կառուցապատման իրավունքների տարբերությունը»։
Ի պատասխան՝ Ալեքսան Հովհաննիսյանը մտաբերեց, որ լարվածություն չի եղել, իսկ իրավունքների տարբերության մասին հարցադրմանն արձագանքեց․ «Գուցե բացատրել է, չեմ հիշում»։
Տիգրան Աթանեսյանի՝ վկային ուղղված հաջորդ հարցադրման ձևակերպումը դուր չեկավ դատավոր Դոլմազյանին, նա հորդորեց «ճիշտ աշխատել»։
Ի պատասխան՝ փաստաբանը հիշեցրեց․ «Ճիշտ եմ աշխատում, 26 տարի է՝ աշխատում եմ, ավելի երկար, քան Դուք»։
Այսօր պետք է հարցաքննվեր նաև վկա Գրիգոր Ստեփանյանը, որն, ի դեպ, ներկայացել էր դատարան, սակայն դատավորի՝ այլ նիստ ունենալու հանգամանքով պայմանավորված՝ վկայի հարցաքննությունը թողնվեց հաջորդ դատական նիստին՝ օգոստոսի 6-ին։
Վկայի հարցաքննությունից հետո արդեն Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրեց՝ նախորդ դատական նիստի ընթացքում դատարանի որոշումից հետո այդպես էլ չի ապահովվել Արմեն Աշոտյանի՝ ատամնաբուժական կլինիկա այցը։
Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստին վկայի հարցաքննությունից հետո Արմեն Աշոտյանի պաշտպան Հաբեթ Մարտիրոսյանը միջնորդել էր դատարանին թույլ տալ, որ Արմեն Աշոտյանը կարողանա այցելել ատամնաբուժարան:
Դատարանն ասել էր՝ ինքը խնդիր չի տեսնում, պարզապես ուղեկցումների հարցը կա. ոստիկանությունը նման իրավիճակներում ուղեկցում այլևս չի կատարում:
«Այդ դեպքում մարդու՝ առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրացումն իմ դեպքում ո՞վ պիտի ապահովի՝ ոստիկանությո՞ւնը, թե՞ մեկ ուրիշ մարմին: Եթե ինձ չուղեկցեն, ու ես առողջական վիճակի սրացում ունեցա, ի՞նչ անեմ»,- արձագանքել էր Արմեն Աշոտյանը:
Ամեն դեպքում դատավոր Դոլմազյանը բավարարել էր միջնորդությունը, ասել՝ գրություն կուղարկեն՝ ինչպես կլինիկային, այնպես էլ՝ ոստիկանությանը:
Այսօր պարզ դարձավ, որ ոստիկանությունն այդպես էլ չէր արձագանքել դատավորի գրությանը, իսկ Արմեն Աշոտյանը փաստացի զրկվել էր առողջապահական աջակցությունից։
«Ձեր վերջին որոշումը կյանքի չի կոչվել ինձ համար անհասկանալի պատճառներով։ Ուղեկցում տեղի չի ուենցել․ 2-3 այց բաց եմ թողել, ինչը խնդիրներ է առաջացրել։ Ինձ համար սա զարմանալի է, քանի որ ՔԿՀ-ում, որտեղ, հասկանալի պատճառներով, շատ ավելի բարդ էր ստանալ բուօգնություն, նման խնդիրներ երբեք չեն ծագել»,- նշեց Արմեն Աշոտյանը՝ հիշեցնելով, որ խնդիրն էսթետիկ չէ ու հնարավոր է՝ բարդացումներ լինեն։
Տիգրան Աթանեսյանը դիմեց դատարանին, որպեսզի թույլ տա Արմեն Աշոտյանին առանց ուղեկցության գնալ ատամնաբուժարան՝ հաշվի առնելով ոստիկանության մոտեցումը, ինչը դատավոր Դոլմազյանը մերժեց՝ հիշեցնելով այդ պահանջի՝ տնային կալանքի ռեժիմի հետ անհամատեղելիությունը։
«Առողջության իրավունքը ենթակա չէ սահմանափակման և չի ենթադրում որևէ խափանման միջոց»,- հակադարձեց Արմեն Աշոտյանը։
Դատարանը, ամեն դեպքում, որոշեց սպասել ՆԳՆ ոստիկանության Գառնի համայնքի պետի գրավոր պատասխանին։
Մանրամասները՝ տեսանյութում