«Արմեն Աշոտյանին զրկում են բժշկական օգնություն ստանալու իր իրավունքից». Տիգրան Աթանեսյանն ահազանգում է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ այն, որ մինչև այս պահն Արմեն Աշոտյանին չեն կարողանում ուղեկցել ատամնաբուժարան, որպեսզի նա իր առողջական խնդիրները լուծի, վկայում է պետական ապարատի ընդհանուր կոլապսի մասին։

«Կան գործառույթներ, որոնք բաց են և չունեն պետական պատասխանատու մարմին։ Ինչպես տնային կալանքի տակ գտնվող անձինք, այնպես էլ ցանկացած քաղաքացի, այդ թվում՝ կալանավորները, իրավունք ունեն ստանալու որակյալ բժշկական օգնություն, սակայն դրա ապահովման եղանակը չկա։

Այսինքն՝ այդ անձին չի թույլատրվում ինքնուրույն մեկնել հիվանդանոց, խոսքը շտապ դեպքերի մասին չէ, այլ ընթացիկ խնդիրների։ Չկա մեխանիզմ, չկա պետական մարմին, որը դրա համար պատասխանատու է։ Դատարանը դիմում է ոստիկանությանը, իսկ ոստիկանությունն անգամ չի էլ պատասխանում դատարանին։ Այս պայմաններում տնային կալանքը դառնում է անմարդկային։

Սա արդեն մարդու նկատմամբ խոշտանգում է, երբ դու ունես լուրջ խնդիր և չես կարող գնալ բժշկի, այսօր սրա մասին դատարանը փաստեց»,- այս մասին Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տիգրան Աթանեսյանը։

Կարդացեք նաև

Փաստաբանը վստահ է, որ Արմեն Աշոտյանի գործը քննող դատավորի տիրույթում գտնվող գործերի դեպքում ևս կա նույն խնդիրը, հետևաբար՝ դատավորը փոխել է խափանման միջոց տնային կալանքը։ Բայց քանի որ Արմեն Աշոտյանի դեպքում գործ ունեն քաղաքական հետապնդման հետ, երբ ցուցում չկա, թե ինչ անել այդ դեպքում, ապա այսպես պետք է լինի։

«Աննորմալ է, չէ՞, մարդն իրեն վատ է զգում, պետք է մենք սպասենք Գառնու միլպետի պատասխանի՞ն։ Կարող է այդ մարդը չի հարգում Հակակոռուպցիոն դատարանին ու չի պատասխանում, վերջ, հա՞, Աշոտյանը պետք է տանջվի՞։

Սա քաղաքական հետապնդման ևս մեկ ապացույց է։ Բնականաբար, հաջորդ դատական նիստին կանդրադառնանք և հնարավոր է այլ դատական ատյանների դիմենք, որովհետև սա կլասիկ առողջապահական իրավունքի խախտում է, որն անթույլատրելի է բոլոր դեպքերում»,- հավելեց փաստաբանը։

Տիգրան Աթանեսյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ ի սկզբանե Արմեն Աշոտյանի գործով դատական նիստերը ոչ մի բանի մասին են։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս