
«Անպիտան ռադիոլոկացիոն կայանի» գործով դատավորը հայտնի Մասիս Մելքոնյանն է․ վկաների թիվը մեծ է

«Անպիտան ռադիոլոկացիոն կայանի» գործը, որով անցնում են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը և ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ Արմեն Հարությունյանը, դատարանում է։
Գեներալի փաստաբան Հակոբ Ենոքյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց․
«Գրավոր ապացույցների հետազոտման փուլում ենք այս պահին, դատավորը Մասիս Մելքոնյանն է»։
Ինչ վերաբերում է վկաներին, ապա դրանց թիվը փոքր չէ։
«Հիմնականում ստորին օղակի, զորամասերի զինվորականներ են»,- նշեց փաստաբանը։
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015-2016թթ. զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով ոչ պատշաճ է կատարել իր պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Գեներալ Արմեն Հարությունյանի նկատմամբ էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. մայիսից զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով պետ և պաշտոնատար անձ, խախտելով «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջները, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք ոչ պատշաճ է կատարել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
168.am-ը գրել էր, որ 2018 թվականի հոկտեմբերի 6-ին «Զինուժի» ռեպորտաժում խոսվել է այդ կայանի առաջին անգամ կիրառության, առավելությունների և հնարավորությունների մասին:
«Զորավարժության ընթացքում առաջին անգամ կիրառվեց «Աիստյոնոկ» ռադիոլոկացիոն համալիրը: ՌԴ ռազմարդյունաբերության նորագույն այս սարքավորումը հայտնաբերելով և ավտոմատ հաշվարկելով հակառակորդի արձակած արկի արագությունն ու թռիչքուղին, հնարավորություն է ընձեռում բացահայտել այն արձակած ականանետերի, հրետանային միջոցների և շարժվող նշանակետերի կոորդինատները»,- ասվում էր «Զինուժի» ռեպորտաժում, որտեղ տեղեկացվում է նաև, որ սարքն ունի բազմաթիվ հնարավորություններ, ինչը թույլ է տալիս կիրառողներին արագ և ճշգրիտ կողմնորոշվելու և հակառակորդի կրակային դիրքերը խոցելու:
Մինչդեռ Հանրային հեռուստաընկերությանը Դատախազությունից հայտնել էին, որ 2017թ. այդ տեխնիկան մատակարարվել է ՀՀ ԶՈՒ և ՊԲ զորամասերին, սակայն, առաջին իսկ կիրառության ժամանակ այն չի կատարել առաջադրված խնդիրը, և, որ դրանից մեկ տարի անց հրավիրվել են ՌԴ մասնագետներ՝ վերացնելու թերությունները, աշխատանքները կատարվել են, բայց՝ թերի: