«Որևէ մեկը լուսնից չի իջել, ի՞նչ է՝ մինչև Փաշինյանի ի հայտ գալը, որևէ մեկը Վարդավառը չէ՞ր տոնում. մինչև Արցախի շրջափակումն այնտեղ խանութները պակաս առատ չէին, ինչպես այսօր Երևանում է». Կարինե Նալչաջյան

Ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանում ո՛չ ատելության մթնոլորտ կա, ո՛չ էլ լարվածություն՝ «ժողովուրդը սիրում է  իշխանությանը, իշխանությունն էլ՝ ժողովրդին»։ Նիկոլ Փաշինյանը նման եզրահանգման է եկել՝ տեսնելով, թե մարդիկ ինչպես են տոնում Վարդավառի տոնը։

«Հիմա նայում եմ Վարդավառի զանգվածային տոնակատարությունների կադրերը ու հարց տալիս ինքս ինձ. որտե՞ղ է լարվածությունը, ապատիան, ատելությունը։

Պսևդոէլիտար մի խմբակի ապատիան, լարվածությունը, ատելությունն ու հուսահատությունը պետք չէ վերագրել ժողովրդին։ 2021-ին ժողովուրդը հավատաց, որ ապագա կա՛, այսօր գիտակցում է, որ ապագան եկել է, ապագան այսօր է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը։

Հոգեբան Կարինե Նալչաջյանի խոսքով՝ սա Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիաներից է, քանի որ Հայաստանում ատելության այնպիսի մթնոլորտ կա, որը միայն կույրը կարող է չտեսնել։

Կարդացեք նաև

«Այսօր արդեն ատելության, զզվանքի այնպիսի կուտակում կա, այնպիսի մի խառնուրդ է առաջացել հասարակական գիտակցության մեջ, որն ուղղակի անհնար է չնկատել։

Եկեք Նիկոլ Փաշինյանին ուղղակի շատ միամիտ արարածի տեղ չդնենք, չնայած ժամանակ առ ժամանակ հրեշտակ է ներկայանում։ Նա շատ լավ տեսնում ու հասկանում է։ Մարդիկ նիրվանայից ու խաբեությունից արդեն դուրս են եկել, և սա շատ լավ հասկանում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց կա մեկ հատված, որ ինքը ներքուստ լավ գիտակցում է, որ իշխանության հետ մեղսակից է բոլոր հանցանքներին, ուղղակի չի ուզում ընդունել։ Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանի այս հայտարությունները ձեռնածություն են, միտումնավոր արված քայլ։ Որևէ մեկը լուսնից չի իջել, ի՞նչ է՝ մինչև Փաշինյանի ի հայտ գալը որևէ մեկը Վարդավառը չէ՞ր տոնում»,- 168.am հետ զրույցում նշեց Կարինե Նալչաջյանը։

Ըստ հոգեբանի, Նիկոլ Փաշինյանն իր բոլոր քայլերով միտումնավոր գլխատում է բոլոր արժեքները, մեկուսացնում հայրենասեր, ազգին նվիրված ու խիզախ մարդկանց, որոնք չեն տրվում այն վախի մթնոլորտին, որն ինքն է ստեղծել երկրում։ Այդ մարդիկ, որոնք ցուցաբերում են հայրենասիրության, եկեղեցասիրության ինչ-որ դրսևորումներ, նրանց միանգամից մասսայաբար լցնում է բանտեր։

«Եթե մենք տեղափոխվենք Հայոց ցեղասպանության տարիներ, կտեսնենք՝ հայտնի ու երևելի մարդկանց, որոնք կարողանում էին պայքարել, իրենց ձայնը բարձրացնել՝ հավաքում ու մեկուսացնում էին։ Այսինքն՝ սկզբում հավաքեցին մտավորականությանը, հետո՝ տղամարդկանց, իսկ կանանց ու երեխաներին էլ տարան դեպի անապատներ։

Հիմա սրանք մեր տղաներին տարան սպանդի ու չեն վարանի նոր սպանդ անելուց, նույն բանն է, ուղղակի մի քիչ ավելի ժամանակակից։ Նույն ժողովրդին կերակրում են «խաղաղության» քաղցր խոսքերով։ Նիկոլ Փաշինյանը դա էլ շատ լավ գիտի, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը չի հավատում այդ խաղաղությանը, որովհետև երբ ինքը մի բան է ասում, ժողովուրդը դրա հակառակն է հասկանում։ Այս մարդը ելնում է ատելությունից, նրա գլխավոր գերագույն հույզն ատելությունն է»,- հավելեց Կարինե Նալչաջյանը։

Հոգեբանը նաև շեշտեց՝ տպավորություն է, որ մինչև Նիկոլ Փաշինյանի ի հայտ գալը, ամբողջ Հայաստանից որևէ մեկը Սևան չէր գնում, ոչ ոք հանգստի չէր գնում։ Այսինքն՝ մարդիկ պետք է ուրախանան, որ հիմա Սևան են գնում հանգստանալու, քանի որ Հայաստանում իշխանության Նիկոլ Փաշինյանն է։

«Այսօր Հայաստանում ինչ-որ առումով արժանապատիվ կենսակերպ ապահովելու համար պետք է ջանք ու էներգիա ներդնես, ամբողջ օրն աշխատես, նախկինում այդ ամենն ավելի հեշտ էր տրվում։

Մենք իր օրոք շատ բաներ ենք կորցրել, այդ եռյակով՝ իր եղբայր-կոորդինատորներ Ալիևի և Էրդողանի հետ, աստիճանաբար օղակը սեղմում են Հայաստանի շուրջ։ Արցախի ճակատագիրն այն փոքր մոդելն էր, որը տեղի է ունենալու Հայաստանի հետ։

Ի դեպ, մինչև Արցախի շրջափակումը, Արցախում խանութները պակաս առատ չէին, ինչպես այսօր Երևանում է կամ այլ քաղաքներում։ Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը մեզ համար արդեն 7 տարի է՝ պարզ է, նրա տրամաբանությանը չպետք է հետևենք, որովհետև զբաղված է մարդկանց մոլորության մեջ գցելով»,- ընդգծեց Կարինե Նալչաջյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս