«Այն, ինչ տեղի էր ունենում Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի հետ, տեղի է ունենում նաև Փաշինյանի հետ». Բրայզա

«168 Ժամի» զրուցակիցն է ԱՄՆ պետքարտուղարի նախկին փոխտեղակալ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզան:

– Պարոն Բրայզա, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից կարճ ժամանակ անց վերսկսվեցին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները. կայացան ոչ պաշտոնական և պաշտոնական հանդիպումներ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, արտգործնախարարների մակարդակով հանդիպումներ, որոնցից վերջինը՝ Միացյալ Նահանգներում: Ինչպե՞ս եք գնահատում այն բանակցային գործընթացը, որը վարում են ՀՀ նոր իշխանություններն այս մեկ տարվա ընթացքում:

– Անմիջապես հեղափոխությունից հետո՝ իշխանությունը ստանձնելու սկզբնական փուլում, որոշ դրական տեղաշարժեր էին նկատվում բանակցային գործընթացում, վերսկսվել էին հանդիպումները, բանակցությունները ղեկավարների և նախարարների մակարդակով, կային դրական փոփոխություններ:

Մի քանի ամիս առաջ այն հայտարարությունը, որն արեցին կողմերն ամիսներ շարունակվող բանակցությունների արդյունքում, հասարակություններին խաղաղության նախապատրաստելու, վստահությունն ամրապնդող միջոցառումներ իրականացնելու մասին, որոնք կամրապնդեին հրադադարի ռեժիմը շփման գծի ողջ երկայնքով, ինձ համար ամենաէական առաջընթացն էր վերջին տարիների ընթացքում: Ես գիտեմ, որ Բաքվում ամենաբարձր մակարդակով կա նոր մակարդակի վստահություն վարչապետ Փաշինյանի մտադրությունների հարցում: Ես գիտեմ, որ Բաքվի ամենաբարձր իշխանությունները ցանկանում են առաջ շարժվել վարչապետ Փաշինյանի հետ կարգավորման հարցում, բայց մշտապես կա կասկած՝ արդյո՞ք վարչապետ Փաշինյանը կկարողանա արդյունավետորեն կոնսոլիդացնել իր սեփական քաղաքական ուժը, քանի որ հին համակարգն աշխատում է իր դեմ, շարունակվում է մրցակցությունը, ճնշումները: Ուստի կարծում եմ, որ այս հարցն է ներկայումս դանդաղեցրել առաջընթացը և ճնշում է վարչապետ Փաշինյանին:

Սա միայն ներկայի խնդիր չէ, այլ անցյալ 20 տարիների, երբ Տեր-Պետրոսյանը մոտ էր բեկմանը և հայտնվեց հսկայական ճնշումների ներքո, որին հետևեց ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը, այնուհետև Սարգսյանի կառավարման օրոք մի քանի տարի առաջ ևս կար իրավիճակ, երբ կողմերը մոտ էին բեկման՝ Պուտինն ապրիլյան պատերազմից հետո ներկայացրել էր ուշագրավ առաջարկներ, որին հետևեց ՊՊԾ գնդի գրավման ճգնաժամը:

Նույնը, ըստ իս, ներկայումս է տեղի ունենում, երբ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն է շարունակվում, Ղարաբաղյան խումբը չափազանց ակտիվ է, և կարծում եմ՝ նրանց աջակցում են շրջանակներ ԱՄՆ-ում, ինչպիսին Հայ Դատի հանձնախումբն է, որը չի ցանկանում կարգավորում և միշտ է ընդդիմացել դրան՝ անկախ նրանից, թե մենք ինչպես ենք փորձել առաջընթաց ապահովել: Մշտապես եղել են հակահայկական ալիքի մեջ: Քեն Խաչիկյանը Սերժ Սարգսյանին նույնիսկ դավաճան էր անվանում: Կարծում եմ, նույնը տեղի է ունենում Փաշինյանի հետ, նորություն այս ամենում չկա:

– Եթե, ըստ Ձեզ, նկատվում էր տեղաշարժ, դրական առաջընթաց, կա՞ նաև փաստաթուղթ, որը քննարկվում էր: Պաշտոնապես չի հաստատվում, որ հանդիպումների ժամանակ տեղի են ունենում բանակցություններ, քննարկվում է կոնկրետ փաստաթուղթ, թեև Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների կողմից ամիսներ առաջ տեղեկություն տարածվեց, որ կոնկրետ առաջարկներ են քննարկվում:

– Ես չգիտեմ, թե ինչ փաստաթուղթ կամ առաջարկներ են քննարկվում: Բայց ես գիտեմ, որ Մադրիդյան փաստաթուղթը՝ 11 տարի առաջ համաձայնեցված, այսպես թե այնպես եղել է բանակցային սեղանին այս ողջ ընթացքում: Մադրիդյան սկզբունքներն ամենահամապարփակ, տրամաբանական, ամենալավ շրջանակն են, ըստ իս, ԼՂ հակամարտության կարգավորման համար, դա հիմնարար համաձայնագիր է նախագահ Սարգսյանի և Ալիևի միջև, որը նրանք այդպես էլ չկարողացան ավարտին հասցնել: Ամենակարևոր հարցն այն է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է հանրաքվեով, միևնույն ժամանակ՝ ԼՂ-ն ունենալու է ժամանակավոր կարգավիճակ:

– Հայկական կողմը նաև նշում է, որ Արցախը Հայաստան է, միևնույն ժամանակ հայկական կողմը ցանկանում է վերադարձնել Ստեփանակերտին բանակցային սեղան, քանի որ ՀՀ վարչապետը նշում է, որ չունի մանդատ՝ ներկայացնելու Ղարաբաղը բանակցային սեղանին: Ինչպե՞ս եք գնահատում նախ առաջին հայտարարությունը, և կա՞ հնարավորություն, որ Ղարաբաղը դառնա բանակցային կողմ:

– Փաշինյանի այդ հայտարարությունները հակասում են միմյանց, կարող եմ ասել, և դա նկատվել էր: Ինչևէ: Ինչ վերաբերում է հարցի մյուս մասին, ապա բանակցային գործընթացն անպտուղ է, երբ կողմերը պատրաստ չեն վճարել ինչ-որ բաների դիմաց: ԼՂ ներկայացուցիչներն անցյալում մասնակցել են բանակցություններին:

ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի օրոք դա փոխվեց, ներկայումս հայկական կողմը կրկին ցանկանում է փոխել այդ ձևաչափը, և Ադրբեջանը հավանություն չի տալիս: Բայց սա բանակցություն է, բանակցային գործընթացում պետք է տաս ու վերցնես, և, եթե ինչ-որ բան ցանկանում ես մյուս կողմից, ապա պետք է առաջարկելու բան ունենաս: Կարծում եմ՝ ներկայումս Ադրբեջանն ասում է. «Իսկ ի՞նչ կստանանք, եթե մենք անենք մի բան, որը չենք ցանկանում անել»: Այսինքն՝ կա գին, որը պետք է վճարել այդ կարևոր քայլի դիմաց: Բայց դա երկու կողմերի գործն է:

– Բայց Դուք գիտեք, որ 1994, 1995 թթ. համաձայնագրերը կնքվել են երեք կողմերի միջև և ունեն անժամկետ բնույթ: Եվ ստացվում է, որ բանակցային ձևաչափը վերականգնելու համար Հայաստանը պետք է վճարի՞:

– Ես կարող եմ ասել միայն այն, ինչ արդեն ասացի: Այո, Դուք ճիշտ եք: Սակայն այսօրվա իրականությունն այն է, որ Ղարաբաղի ներկայացուցիչները չեն մասնակցում այդ բանակցություններին: Եթե ցանկանում եք փոխել այդ իրականությունը, ցանկանում եք նոր հրադադարի պայմանագիր, պետք է վճարել դրա համար, սա է բանակցությունների մեխանիզմը:

– Ո՞րը պետք է լինի «վճարը», ըստ Ձեզ:

– Դա, կարծում եմ, կողմերն իրենք են որոշում: Կարևորն այն է, որ հասկանանք՝ սրանք բանակցություններ են, բոլոր հարցերը բանակցվում են:

– Առաջիկայում սպասվում է նախարարների մակարդակով ևս մեկ հանդիպում: Ընդհանրապես ի՞նչ եք ակնկալում բանակցային գործընթացից առաջիկայում՝ հաշվի առնելով վերջին միտումները:

– Ես չեմ տեսնում բեկման հնարավորություն առաջիկա ամիսներին: Եթե վարչապետ Փաշինյանը կոնսոլիդացնի իր ուժերը, եթե կարողանա դիմակայել ճնշումներին…

– Իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է:

– Ես կարծում եմ, որ բոլոր կողմերը, այդ թվում՝ Ադրբեջանը, առավել, քան երբևէ, լավ են դիրքավորված, քանի որ Փաշինյանը տարբեր է, թարմ ղեկավար է:

– Պարոն Բրայզա, օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով իր պաշտոնին հրաժեշտ տվեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Սա ի՞նչ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա:

– Ազդեցությունը կախված է նրանից, թե ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որոնք ես լսել եմ մի քանի աղբյուրներից: Այդ լուրերի իսկությունը հետևյալն էր՝ դեսպան Բոլթոնը հետաքրքրված է Հարավային Կովկասում հակամարտության կարգավորմամբ, և նա վերջապես ԱՄՆ նախագահին մոտ այն պաշտոնյան էր, ով հասկանում էր, թե որքան կարևոր է այս հակամարտության կարգավորումը հարավկովկասյան տարածաշրջանի համար: Չեմ կարող ասել, թե նա իր պաշտոնավարման օրոք ինչ ջանքեր է ներդրել հակամարտության կարգավորման համար, սակայն կարևոր է, որ Սպիտակ տանը նման կարծիք է եղել: Անձնապես այն համոզմանն եմ, որ հակամարտությունը չի կարգավորվի, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի զբաղվում դրանով, հարկավոր է ԱՄՆ-ի կողմից բարձր մակարդակի դիվանագիտական ներգրավվածություն և ուշադրություն:

Բայց սա նաև հնարավորություն է տարածաշրջանի համար, քանի որ դեսպան Բոլթոնն իր ձեռքում էր կենտրոնացրել իշխանությունը, թուլացրել էր, տապալել էր ազգային անվտանգության ոլորտում որոշումների կայացման գործընթացը՝ դժվարացնելով ԱՄՆ ադմինիստրացիային՝ որոշումներ կայացնել շատ հարցերով և լավ աշխատել: Բայց մեծ ազդեցություն սրանից տարածաշրջանը, կարծում եմ, չի զգա:

Տեսանյութեր

Լրահոս