«Ես նույնիսկ իմ պաշտպանյալի հետ կոնֆիդենցիալ հանդիպման հնարավորություն չունեմ». փաստաբան
Երեկ դատարանը կրկին մերժեց նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը: Այդ թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի հետ:
– Պարոն Մկրտչյան, ինչո՞ւ երեկ կրկին գրավով խափանման միջոց կալանքը փոխելու ձեր ներկայացրած միջնորդությունը մերժվեց:
– Կարծում եմ՝ գործադիրում նման թույլտվության իրավունք չկա, որպեսզի բավարարվի, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց կարծում եմ՝ հանրության մոտ արդեն կասկած չի հարուցում, որ դատարանը, ըստ էության, անկախ չէ՝ ստիպված է գործադիր մարմնից եկած մեսիջն իրականացնել:
– Որո՞նք են լինելու ձեր հետագա գործողությունները:
– Տեսնելով, որ զուտ իրավական դաշտում պայքարն անարդյունավետ է, և մենք բախվում ենք մի պատի, որտեղ մարդու իրավունքը, մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները, առողջ բանականությունը, մարդկությունը, հայասիրությունն այլևս չեն աշխատում, մենք, մասնավորապես՝ անձամբ ես, ինձ իրավունք եմ վերապահում միջազգային ատյաններում, արտասահմանյան կազմակերպություններում բարձրաձայնել այն խնդիրները, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահի դրությամբ քաղաքացու նկատմամբ սահմանադրությամբ երաշխավորված և Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված մարդու իրավունքները չեն պահպանվում, և իրականացվում է ընտրովի արդարադատություն: Բնականաբար, դա, հնարավոր է, որ զուգորդվի որոշակի ակցիաներով, որոշակի դրսևորումներով: Եթե մինչև հիմա ձեռնամուխ էինք եղել չբարձրացնել անձնավորված և քաղաքական ենթատեքստը Մանվել Գրիգորյանի հետապնդման, այս պահից սկսած մեզ իրավունք ենք վերապահում բարձրաձայնել և լուսաբանել հարցը նաև այդ լույսի ներքո:
– Դիմե՞լ եք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին:
– Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն ադեկվատ է: Բնականաբար, նա ինքն էլ է տեսնում՝ ինչ է կատարվում, ինչ ապօրինի, անհասկանալի, ֆաշիստական վերաբերմունք է դեպի Մանվել Գրիգորյանը, բայց, ցավոք, այստեղ օրենսդրական խնդիր ունենք. մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն օրենքով սահմանափակվում են, և իր միջամտությունը կարող է լինել բացառապես հայտարարություններով, կամ ինչ-որ վարույթների տեսքով, որոնց արդյունավետությունն այդքան բարձր չի, և շատ մեծ ակնկալիքներ դրանից, ըստ էության, չենք կարող ունենալ: Հաշվի առնելով, որ նմանատիպ դեպքեր եղել են, և թեկուզ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը ճիշտ տեղին է եղել և ճիշտ ժամանակին, բայց գործադիրի համար դա նշանակություն չի ունեցել, և գործադիրը դա շարունակել է: Մասնավորապես, ասեմ, որ այսօր Մանվել Գրիգորյանի անգամ պահման պայմաններն այնպիսին են, որ թեպետ և Եվրոպական դատարանը սահմանել է որոշակի նախապայմաններ՝ բուժում ստանա հիվանդանոցում, բայց մաքսիմալ հնարավորը, խոչընդոտներն իմ գործունեության մեջ անձամբ ես ստանում եմ:
– Որտե՞ղ է հիմա նա ստանում իր բուժումը:
– Մանվել Գրիգորյանն իր բուժումը ստանում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Պայմանները նորմալ են, որոնք որ նախատեսված են եվրոպական դատարանի որոշմամբ, բայց խնդիրը նրանում է, որ, ինչը հնարավոր է խոչընդոտ դարձնել, անպայման խոչընդոտ դառնում է: Պաշտպանության, դատավարության նյութերն ինձ երբեք չի թույլատրվել ներկայացնել իմ պաշտպանյալին, որպեսզի նա տեսնի՝ իր դատավարությունն ինչպես է անցել: Ցանկացած հանցագործի, ոչ հերոսի կենսագրությամբ, լինի թմրամոլ թե այլ հանցագործ, կալանավոր՝ կարելի է, Մանվել Գրիգորյանին չի կարելի, կամ իր դեպքում, եթե անգամ կարելի է՝ պետք է դառնա պրոբլեմ: Ես իմ պաշտպանյալի հետ նույնիսկ կոնֆիդենցիալ հանդիպման հնարավորություն չունեմ: Մենք դատարան հասկացողություն չունենք, մենք ունենք գործադիրի մասնաճյուղ, որը որ գործադիրից ստացած հրահանգներով կամ լայվերով ղեկավարվելով՝ Մանվել Գրիգորյանին պահում է կալանքի տակ: Ինչը որ կապված է քրեակատարողական հիմնարկի հետ, կենտրոնական հիվանդանոցի մասին է խոսքը, այդտեղ մեզ մաքսիմում թույլատրվում է անել այն, ինչ որ չի կարող արգելվել օրենքով: Որևիցե բան, որն օրենքով արգելվող չէ, բայց պետք է որոշի ադմինիստրացիան, նման բաների մասին մենք չենք էլ խոսում, չենք էլ երազում, թեպետև շատ ուրիշ կալանավորների համար դա կա՝ գործում է:
– Ինչպե՞ս է հիմա Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը:
– Առողջական վիճակը գնալով ավելի է վատանում: Քանի որ Մանվել Գրիգորյանը զրկված է նորմալ բուժում ստանալու հնարավորությունից՝ ոչ կալանավորված պայմաններում բուժում ստանալու հնարավորությունից: Կալանավորման պայմաններում նման ծանր հիվանդություններ ունեցող մարդու բուժումը չի կարող էֆեկտիվ լինել, որովհետև թոքը հեռացրած մարդը չի կարող մաքուր օդ չշնչել: Ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորություն չունի, կենցաղային կարիքները հոգում է խնամակալի օգնությամբ: Էլեմենտար կենցաղային խնդիրներն առաջացել են, զուտ նրա պատճառով, որ մարդը կալանքի տակ է, կալանքի պատճառով:
– Սեպտեմբերի 17-ին Մանվել Գրիգորյանը ներկա կգտնվի՞ դատական նիստին:
– Ես կարծում եմ, որ հաջորդիվ չի կարողանալու ներկա գտնվել նիստերին: Աբսուրդը հենց սրանում է կայանում, որ, երբ նախկինում, դատական նիստի ժամանակ միջնորդեցինք դատարանին՝ ասելով, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը պետք է փոխել, դատարանը պատասխանեց՝ քանի որ նա ի վիճակի է մասնակցել դատական նիստին, ուրեմն իր առողջությունն այդքան էլ վատ չի: Հիմա հինգ նիստ անընդմեջ մարդն ի վիճակի չէ մասնակցել դատական նիստին, այսինքն՝ դատավորի տրամաբանությամբ, ստացվում է, որ քանի դեռ չի մահացել, պետք է մնա կալանքի տակ: Սա է դատավորի տրամաբանությունը, որն իրականում այդպիսին չէ: Ես կարող եմ ենթադրել, որ այդպիսին է միայն իրեն տրված հանձնարարությունը, որը նա չի կարող չկատարել:
ԳՈՀԱՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ