Ռոբերտ Քոչարյանի ընդդիմախոսները բողոքի երթով շարժվեցին դեպի գլխավոր դատախազություն
Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով սահմանադրության համապատասխանելիության մասին որոշումը, որից հետո Քոչարյանի ընդդիմախոսները բողոքի երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն, քանի որ նրանց կարծիքով՝ նման որոշման հրապարակումն իրավաչափ չէ։
Մոտավորապես 30 րոպե Դատախազության մոտ սպասելուց հետո ակցիայի մասնակից Ջիվան Աբրահամյանը ներկաներին հայտնեց, որ դատախազությունը փոխանցել է, որ այս պահին ոչինչ չի կարող հայտնել ՍԴ-ի հետ կապված, քանի որ դեռ չի քննել և չի կարող ասել, թե կոնկրետ ինչ է ենթադրում ՍԴ-ի որոշումը։
«Հանդիպել եմ գլխավոր դատախազի օգնականի և ավագ դատախազի հետ, անուններ չտամ։ Հիմա հավաքվածների հետ կքննարկենք ու կհասկանանք, թե ինչ պետք է անենք, եթե ՍԴ-ն որոշում կայացրած լինի հօգուտ Քոչարյանի, ապա միանշանակ մենք պայքարելու ենք»,- ասաց նա։
Սահմանադրական դատարանը հրապարակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը, որի համաձայն, Քրեական դատավարության օրենսգրքի՝ նախկին նախագահի վիճարկած հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչեց երկրի Հիմնական օրենքին չհամապատասխանող և անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող:
Զվարթ Խաչատրյան