Խնամատար ընտանիքները փոխարինելու են գիշերօթիկ դպրոցներին. Ի՞նչ է թաքնված նախագծի տակ
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն այսօր լրագրողների հետ քննարկում էր, թե ի՞նչ կապ կա Ստամբուլյան հայտնի կոնվենցիայի և գիշերօթիկների փակվելու միջև. իրականում ի՞նչ է թաքնված, դրա վտանգներն ու հետևանքները:
Բանախոսը, որպես նախաբան, ընդգծեց, որ գիշերօթիկների և Ստամբուլյան կոնվենցիայի կապը իրավական չէ, այսինքն՝ Ստամբուլյան կովենցիայում չկա գրված, որ գիշերօթիկները պետք է փակվեն:
«Հայաստանում ներդրվում է խնամատարության ինստիտուտի արևմտյան մոդելի համակարգ: Սա ենթադրում է, որ հավաքվում են խնամատար ընտանիքների, տարբեր ոլորտներում աշխատող պետական չինովնիկների, տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց մի խումբ, որոնք աշխատավարձ են ստանում պետությունից, գումարներ են ստանում միայն նրա համար, որ կա մի խոցելի երեխա, որը գտնվում է իրենց խնամքի տակ: Այսինքն, որքան շատ երեխա լինի իրենց խնամքի տակ, այնքան շատ գումար են նրանք ստանում պետությունից: Արդեն կառավարության որոշումը կա խնամատարության մասին: Որոշումը կայացվել և ստորագրվել է հունիս 20-ին»,- ասաց նա:
Բանախոսը նաև մեջբերեց օգոստոսի 26-ին Սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան էջի գրառումը, որում ասված էր.
«Չորս գիշերօթիկ հաստատություններում 260 երեխաների խնամքի համար պետությունը 2019 թվականի բյուջեով հատկացրել է շուրջ կես միլիարդ ՀՀ դրամ, այնուհետև նշել է, որ կես միլիարդ ՀՀ դրամը կբավականացնի հասարակական կազմակերպությունների և համայնքների հետ համագործակցությամբ, ցերեկային անհրաժեշտ ծառայություններ տրամադրել ՀՀ բոլոր մարզերում՝ շուրջ 4000 երեխաների»:
Այվազյանը, մեջբերելուց հետո Ժաննա Անդրեասյանի գրառումը, ավելացրեց.
«Այսինքն՝ գիշերօթիկների ֆինանսավորման փոխարեն՝ իրենք պատրաստվում են ինչ-որ հասարակական կազմակերպությունների այդ գումարը տրամադրել, որպեսզի նրանք ցերեկային խնամքի կենտրոններ բացեն, և, բնականաբար, խնամատար ընտանիքներին, քանի որ նրանք ևս գումար են ստանալու, որպեսզի այդ երեխաներին իրենց մոտ պահեն»:
Իսկ թե ի՞նչ հասարակական կազմակերպությունների մասին է խոսքը, Այվազյանը արձանագրեց մի քանի փաստ պաշտոնական աղբյուրներից:
«Հունիս 7-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը եռակողմ հուշագիր է ստորագրել, ընտանիքում բռնության ենթարկված, ընտանիքում բռնության կանխարգելման օրենքի կիրառմանը վերաբերող: Մասնավորապես՝ օրենքով սահմանված աջակցման կենտրոնների ստեղծմանը և դրանց կարողությունների զարգացմանը: Այդ եռակողմ հուշագրի ստորագրող կողմերից մեկը «Կանանց աջակցման կենտրոնի» ղեկավար Մարո Մաթոսյանն է, ով, բացի այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, նաև ԼԳԲՏ քարոզիչ է՝ ԼԳԲՏ պաշտպան: Այսինքն՝ ընտանիքում բռնության ենթարկված կանանց՝ երեխաներով, ապաստարան տալով զբաղվելու է միասեռականության քարոզիչը»,- ասաց բանախոսը:
Ավելի վաղ՝ մարտի 19-ին, Ժաննա Անդրեասյանը կրկին անգամ նախարարությունում ընդունել է մի շարք կազմակերպությունների, հատուկ խորհուրդ է ստեղծվել, քննարկվել է ընտանեկան բռնությունների կանխարգելման, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության հարցը:
Խոսելով այդ խորհրդի մասին՝ Հայկ Այվազյանը ներկայացրեց նաև այդ հանդիպման մի լուսանկար, որը հրապարակված է եղել նախարարության պաշտոնական էջում, և մեկնաբանեց.
«Մամիկոն Հովսեփյան, ինքը միասեռական է, նախկինում «Փինք Արմենիայի» տնօրենն էր, հիմա՝ այլ կազմակերպության, Աննա Նիկողոսյան՝ էլի ԼԳԲՏ պաշտպան, նաև Զարուհի Հովհաննիսյան՝ «Սորոսի» հիմնադրամի խորհրդի անդամ»:
Շարունակելով թեման՝ բանախոսը հավելեց նաև, որ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանը հաստատել է ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անհատական կազմը, որի մեջ ներառված են միասեռականության թվով 4 պաշտպաններ:
«Այսօրվա մեր Կառավարության և, մասնավորապես, Սոցիալական հարցերի նախարարության համագործակցության շրջանակը, այն, ինչ որ կապված է կանանց, երեխաների հետ, այդ շրջանակը միասեռականներն են, իրենց իրավունքների պաշտպանները, օտարերկրյա գործակալները»:
Այվազյանը նշեց նաև, որ 2017 թվականին, երբ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը քննարկվում էր, այն ժամանակ հարց էր բարձրացվում, որ այդ խորհուրդներում անպայման ներգրավվի նաև մի ներկայացուցիչ Հայ Առաքելական եկեղեցուց: Սակայն հիմա ոչ միայն չկա, այլ նաև այլասերման քարոզով զբաղվող կազմակերպություններն են շատացել: Հետևաբար՝ այստեղից պարզ է դառնում, որ կազմակերպությունների մասին է խոսքը:
Բանախոսը նաև հայտարարեց, որ սեպտեմբերի 7-ին՝ շաբաթ օրը, աշխարհի 17 երկրներում տեղի են ունենալու բողոքի ակցիաներ՝ ընդդեմ ընտանիքներից երեխաներին օտարման համաշխարհային հանցավոր կոռումպացված համակարգի: Օրենքով սահմանում են այնպիսի նորմեր, որոնք թույլ են կտան հեշտությամբ ներխուժել ընտանիք և կամայական պատճառաբանություններով երեխաներին ընտանիքներից օտարել և տեղափոխել ապաստարաններ:
«Երբ գիշերօթիկից երեխային հանում են, տեղափոխում են իր կենսաբանական ծնողի մոտ, իսկ կենսաբանական ծնողն ունի սոցիալական խնդիրներ, նշանակում է, որ այն սոցիալական ծառայությունները և այդ հ/կ-ները կարող են մտնել և ասել, որ երեխան խոցելի է, չեք կարողանում իր լիարժեք, ներդաշնակ զարգացումը ապահովել հետևաբար՝ երեխային տանում ենք խնամատար ընտանիք, իսկ ցերեկը նրանով պետք է զբաղվեն այս հասարակական կազմակերպությունները»:
168.am-հարցին՝ արդյոք Ստամբուլյան կոնվենցիան ընդունելուց հետո կարո՞ղ են միասեռական ընտանիքները խնամատար ընտանիքներ դառնալ, բանախոսը պատասխանեց.
«Այո, կարող են, քանի որ Ստամբուլյան կոնվենցիայում կա ընտանիք և ընտանեկան միավոր և նաև զուգընկեր: Զուգընկերների մեջ մտնում են միասեռականները: Զուգընկերները կարող են լինել նաև ԼԳԲՏ անձինք, կոնվենցիան պահանջում է, որ ընտանիքում բռնությունից պետք է պաշտպանված լինեն բոլորը, այդ թվում՝ նաև այլ սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ: Միջազգային չափանիշերով, եթե դու թույլ չես տալիս երեխա որդեգրել՝ դա խտրականություն է: Կոնվենցիան պարտադրում է, որ իրավունք չկա խտրականության: Խտրականությունը պետք է արգելվի:
ԳՈՀԱՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ