ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան՝ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ
Հաշվի առնելով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի նկատմամբ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի դիրքորոշման վերաբերյալ հասարակության և լրատվամիջոցների մեծ հետաքրքրությունը՝ հայտնում ենք՝
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան պաշտոնական նամակ ստացել է սույն թվականի սեպտեմբերի 3-ին (N 1/02.1/12286), որով նա խնդրում է հանձնարարել Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտին 1-օրյա ժամկետում տալ կարծիք Ամուլսարի հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լիարժեքության վերաբերյալ:
Մինչդեռ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հայտարարության համաձայն, նախարարությունը Ամուլսարի ծրագրի գործընթացի վերաբերյալ վերջնական կարծիք պետք է ներկայացնի սույն թվականի սեպտեմբերի 4-ին: Հայտնում ենք, որ նախանշված ժամկետում հնարավոր չէ տալ լիարժեք գիտական հիմնավորում Ամուլսարի ծրագրին՝ հաշվի առնելով ծրագրի վերաբերյալ փաստաթղթերի մեծ ծավալը և խնդիրների լայն շրջանակները:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի մասնագետները, ի պատասխան ինստիտուտի տնօրենին ավելի վաղ՝ սույն թվականի օգոստոսի 29-ին ուղարկված ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանի (2/02.1/20160) նամակի, ուղարկել են Ամուլսարի ծրագրի առանձին խնդիրների վերաբերյալ իրենց գիտական ոլորտին առնչվող խնդիրների վերաբերյալ առանձին կարծիքները, եզրակացությունները:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան պատրաստ է գիտական հիմնավորում տալ Ամուլսարի ծրագրի փաստաթղթերին ողջամիտ ժամկետում:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
04.09.2019թ.