«Ոչ միայն իշխանական թևի, այլև հասարակության կողմից դատական իշխանության վրա ճնշման փորձեր կան». ԲԴԽ նախագահ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին նամակին, որը նա ուղղել էր Դատավորների ընդհանուր ժողովին, Կառավարությանը և Ազգային ժողովին, ասաց, որ Դատավորների ընդհանուր ժողովի նախագահն այդ նամակն ուղղել է բոլոր դատավորներին՝ խնդրելով, որպեսզի բոլորն իրենց կարծիքը հայտնեն դրա վերաբերյալ։ Այս ամենից հետո ընդհանուր ժողովը կամփոփի բոլոր դատավորներից ստացած կարծիքները և կհայտնի իր դիրքորոշումը։

«Որպես դատավոր՝ իմ կարծիքը գրավոր կներկայացնեմ ընդհանուր ժողովին, երբ բոլորի կարծիքները կամփոփվեն։ Կարծիքս այժմ չեմ բարձրաձայնի, քանի որ որպես ԲԴԽ նախագահ՝ կարող է իմ կարծիքն ազդել այլ դատավորների կարծիքի վրա»,- շեշտեց նա։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահի դիմումների քննությանը, Ռուբեն Վարդազարյանն ասաց, քանի որ դատավորներն այս պահին խորհրդակցական սենյակում են, ապա կխուսափի որևէ կարծիք հայտնել։

«ԲԴԽ-ի իրավասությունների մեջ սահմանադրական արդարադատության վերաբերյալ չկա որևէ իրավունք, այդ պատճառով էլ սխալ է կարծիք հայտնել։ Կարծում եմ՝ իրավական դաշտում այդ հարցն իր հանգուցալուծումը կստանա»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական իշխանությունների վրա իշխանությունները ճնշումներ են գործադրում, Ռուբեն Վարդազարյանն ընդգծեց, որ ոչ թե ճնշում է գործադրվում, այլ փորձ է արվում ճնշել, ընդ որում, ոչ միայն իշխանական թևից, այլ այդ գործի շրջանակներում հասարակությունը երկու մասի է բաժանվել։

«Մամուլով տեսնում ենք, որ դատարանի առջև կանգնում են Քոչարյանի պաշտպանները և հակառակորդները, որոնք վանկարկում են բառակապակցություններ, որոնք, ըստ իս, ճնշման փորձ է։ Կարծում եմ՝ չկան դատավորներ, որոնք արդարադատություն են իրականացնում՝ հաշվի առնելով դատարանի առջև կանգնած մարդկանց բառակապակցությունները»,- նշեց նա։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս