Բաժիններ՝

Իրանը Եվրոպային ևս երկու ամիս է տվել միջուկային գործարքի պայմանները կատարելու համար

Իրանը կասկածում է, որ միջուկային գործարքի մասնակիցները պատրաստ են մոտ ժամանակներս վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պայմանների ամբողջական կատարմանը, ուստի Եվրոպային եւս երկու ամիս է տալիս պարտավորությունները կատարելու համար: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Մենք Եվրոպային եւս երկու ամիս ենք տալիս իր հանձնառություններին եւ միջուկային գործարքի շուրջ բանակցություններին վերադառնալու համար: Ես կասկածում եմ, որ այսօր կամ վաղը մենք արդյունքի կհասնենք եվրոպացիներից»,- նախագահի խոսքը մեջբերում է Mehr գործակալությունը: Ռոուհանին հավելել է, որ մոտ ժամանակներս Թեհրանը «կհայտարարի միջուկային գործարքի շրջանակում պարտավորությունների կրճատման երրորդ փուլի մասին, որն առանձնակի կարեւորություն ունի»:

Ռոուհանին, սեպտեմբերի 3-ին ելույթով ունենալով Մեջլիսում (իրանական խորհրդարանում), ասել էր, որ Թեհրանը սեպտեմբերի 5-ին կհայտարարի միջուկային գործարքի շրջանակներում իր պարտավորությունների կրճատման երրորդ փուլի մասին, եթե մինչեւ այդ ժամանակը Եվրոպայի հետ բանակցություններն արդյունք չտան: Նա հավելել է, որ «ամեն դեպքում Իրանը կշարունակի բանակցությունները»:

Օգոստոսի 30-ին The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ Եվրամիության երկրների դիվանագետները պաշտպանում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկությունը՝ Իրանին թույլ տալ որոշ ծավալի նավթ վաճառել մի շարք լուրջ պարտավորությունների դիմաց:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, քննարկվել է Թեհրանին օրական մոտավորապես 700 հազար բարել նավթի վաճառք թույլ տալու, ինչպես նաեւ երկրին շուրջ 15 մլրդ դոլարի չափով վարկ հատկացնելու հնարավորությունը: Դրա դիմաց Իրանից կարող են պահանջել ամբողջապես պահպանել միջուկային գործարքի բոլոր պայմանները, ինչպես նաեւ, հնարավոր է, ստանձնել նաեւ ինչ-ինչ այլ պարտավորություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս