«Հնարավոր է, որ 1989թ. նման՝ բանվորներով մտնենք գործարան ու հոսանքն անջատենք: Մենք մեր ձեռքով հոսանքը կանջատենք». «Թեղուտի վերաբացում» նախաձեռնությունը քայլերթ է իրականացնում
«Թեղուտի վերաբացում» նախաձեռնությունը խաղաղ քայլերթ է իրականացնում՝ հանուն մեր տարածաշրջանի ամենամեծ աշխատատեղի պահպանման: Նրանց են միացել նաև Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցները, որոնք հույս ունեն՝ գոնե Թեղուտում աշխատանք կգտնեն:
Ցույցի մասնակիցների կարծիքով՝ հանքը կորցրած «Վալլեքս» ընկերությունն է կեղծ լուրեր տարածում Թեղուտի պոչամբարի վերաբերյալ, խոչընդոտում դրա վերաբացմանը:
«Վալերի Մեջլումյանը, տիրանալով քաղաքի կարևորագույն օբյեկտներին՝ դրանք ավերակների է վերածել՝ Ալավերդու ճոպանուղին, մարզադաշտը, կենտրոնական հյուրանոցի շենքը և մի շարք այլ շինություններ: Նա տապալել է Ալավերդու պղնձաձուլարանը, 25 տարվա մեջ ոչ մի ներդրում չի կատարել: Ալավերդցիների առողջության հաշվին միլիոններ է դիզել և աշխատող ժողովրդին վերաբերվել է իբրև ծառայի՝ նրանց կախվածության մեջ գցելով: Նա տապալել է Թեղուտի հանքավայրը և 15 ամիս արհեստական խոչընդոտներ է ստեղծել հանքավայրի վերաբացման գործընթացում»,- ասաց ընկերության գործադիր տնօրենի օգնական Կարեն Միքայելյանը:
Ներկաների հավաստմամբ՝ Թեղուտ ՓԲԸ-ն հաջողությամբ վերագործարկվել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում և նվազագույն բյուջեի սահմաններում:
Ս.թ. հունիսի 18-ին ընկերությունը Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ից ստացել է բացհանքի արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացությունը, որից հետո վերսկսվել է հանքի շահագործումը, իսկ հուլիսի 8-ին՝ հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարային տնտեսության արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացությունները, ինչից հետո պատշաճ կերպով վերսկսվել են նաև հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքները:
Քայլերթից հետո նրանք նաև ավտոերթ անցկացրեցին:
Հավելենք, որ հուլիսի 30-ին «Վալլեքս» խումբը հայտարարություն է տարածել՝ հայտնելով Թեղուտի պոչամբարի հնարավոր ինքնափլուզման ռիսկի մասին`նշելով, որ ընկերությունը ներկայում Թեղուտի համալիրի նկատմամբ որևէ վերահսկողություն չունի և չի կարող պատասխանատու լինել դրա հետևանքների համար:
Ավելի վաղ գրել էինք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցները Թեղուտում աշխատանքի տեղավորվելու մասին լուրի են սպասում:
«Անորոշ, սպասողական վիճակ է. ռեզյումեներն ու ցուցակներն ուղարկված են: Բնական է՝ այդքան էլ հեշտ չէ 200 հոգու միջև ընտրություն կատարելը: Իսկ վարկերի հարցն ընթացքի մեջ է, ամեն ինչ անում են, որ սառեցվի կամ մեղմ վերաբերմունք լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասել էին նրանք:
Հարցին՝ ինչո՞վ են զբաղվում այս ընթացքում, ինչպե՞ս են հոգում ընտանիքի առօրյա հոգսերը, պղնձաձուլարանի աշխատակիցներից մեկը պատասխանել էր.
«Աշխատանք չկա, բայց դե հայ ենք, ամեն մեկս ժամանակավոր մի բանով զբաղվում ենք: Կարող է՝ այսօր մոշ հավաքես, վաճառես, հաց առնես, մյուս օրը՝ դա էլ չլինի, այդպես, էլի…»:
Անդրադառնալով հնարավոր բողոքի ցույցերին՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցներն ասել էին, որ ենթադրվում է՝ այն լինելու է «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի դեմ:
«Հնարավոր է, որ 1989 թվականի նման՝ բանվորներով մտնենք գործարան ու հոսանքն անջատենք: Մենք մեր ձեռքով հոսանքը կանջատենք: Տեղեկացել ենք, որ ցեխերի ղեկավարներին կանչել ու ասել են՝ նախապատրաստվեք, որ էլի կրճատումներ ենք անելու: Մամուլի ասուլիս թող հրավիրեն, ու Վալերի Մեջլումյանը գա, խոսի. խոստումներ էր տալիս, որ մոտակա 10 տարում ամեն ինչ լավ պետք է լինի, ժողովուրդն այդ խոստումների հիման վրա վարկեր վերցրեց ու դրա տակ մնաց: Իր համար լավ եղավ` հա՛մ պետությունից գողացավ, հա՛մ հանքանյութից: Գեներալ Մանվելի տարած տուշոնկան ստից բան է սրա դեմ: Արցախում կարողանում է կառուցել միլիարդներ արժեցող հյուրանոց, բայց Ալավերդիում մի լումա չի ներդրել: Մի եկեղեցի է սարքել, ու ոչ թե իր գումարով, այլ՝ ալավերդցիների արյան ու քրտինքի հաշվին:
Նույնիսկ գործարանում աշխատողներից գումար է հավաքվել, որ եկեղեցին կառուցվի: Շատ են նաև տեխնոլոգիական խախտումներ եղել. սխալ տեխնոլոգիաներ էին մշակում: Երբ գլխավոր ինժեները խոսում էր, ասում էր՝ էս ի՞նչ եք անում, ասում էին՝ մի՛ խանգարի, երիտասարդներն աշխատում են»,- նշել էին պղնձաձուլարանի նախկին աշխատակիցները:
Անի Կարապետյան