Բաժիններ՝

«Կմտնենք գործարան ու մեր ձեռքով հոսանքը կանջատենք». Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներ

Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցները Թեղուտում աշխատանքի տեղավորվելու մասին լուրի են սպասում:

«Անորոշ, սպասողական վիճակ է. ռեզյումեներն ու ցուցակներն ուղարկված են: Բնական է՝ այդքան էլ հեշտ չէ 200 հոգու միջև ընտրություն կատարելը: Իսկ վարկերի հարցն ընթացքի մեջ է, ամեն ինչ անում են, որ սառեցվի կամ մեղմ վերաբերմունք լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասացին նրանք:

Հարցին՝ ինչո՞վ են զբաղվում այս ընթացքում, ինչպե՞ս են հոգում ընտանիքի առօրյա հոգսերը, պղնձաձուլարանի աշխատակիցներից մեկը պատասխանեց.

«Աշխատանք չկա, բայց դե հայ ենք, ամեն մեկս ժամանակավոր մի բանով զբաղվում ենք: Կարող է՝ այսօր մոշ հավաքես, վաճառես, հաց առնես, մյուս օրը՝ դա էլ չլինի, այդպես, էլի…»:

Անդրադառնալով հնարավոր բողոքի ցույցերին՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցներն ասացին, որ ենթադրվում է՝ այն լինելու է  «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի դեմ:

«Հնարավոր է, որ 1989 թվականի նման՝ բանվորներով մտնենք գործարան ու հոսանքն անջատենք: Մենք մեր ձեռքով հոսանքը կանջատենք: Տեղեկացել ենք, որ ցեխերի ղեկավարներին կանչել ու ասել են՝ նախապատրաստվեք, որ էլի կրճատումներ ենք անելու: Մամուլի ասուլիս թող հրավիրեն, ու Վալերի Մեջլումյանը գա, խոսի. խոստումներ էր տալիս, որ մոտակա 10 տարում  ամեն ինչ լավ պետք է լինի, ժողովուրդն այդ խոստումների հիման վրա վարկեր վերցրեց ու դրա տակ մնաց: Իր համար լավ եղավ,  համ պետությունից գողացավ, համ հանքանյութից: Գեներալ Մանվելի տարած տուշոնկան  ստից բան է սրա դեմ: Արցախում կարողանում է կառուցել միլիարդներ արժեցող հյուրանոց, բայց Ալավերդիում մի լումա չի ներդրել: Մի եկեղեցի է սարքել, ու ոչ թե՝ իր գումարով, այլ՝ ալավերդցիների արյան ու քրտինքի հաշվին:  Նույնիսկ գործարանում աշխատողներից գումար է հավաքվել, որ եկեղեցին կառուցվի: Շատ են նաև տեխնոլոգիական խախտումներ եղել. սխալ տեխնոլոգիաներ էին մշակում:  Գլխավոր ինժեները երբ խոսում, ասում էր՝ էս ի՞նչ եք անում, ասում էին՝ մի՛ խանգարի երիտասարդներն աշխատում են»,- նշեցին պղնձաձուլարանի նախկին աշխատակիցները:

Հիշեցնենք, որ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հուլիսի 9-ին հանդիպել է «Էյ-Սի-Փի» ՓԲ ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանի և նախկին աշխատակիցների հետ՝ քննարկելու հուլիսի 1-ից գործազուրկ դարձած 200 աշխատակիցների հարցը: Որոշել էին գործազուրկների ցուցակ կազմել, որպեսզի Թեղուտում աշխատանքի տեղավորեն:

Ինչ վերաբերում է վարկերի խնդրին՝ աշխատակիցների փոխանցմամբ՝ պատգամավոր Արեն Մկրտչյանը ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ է խոսել, փոխանցել է ավելի քան 10 բանկում ու վարկային կազմակերպությունում 152 վարկառու աշխատակցի 346 վարկերի ռեստրուկտուրիզացիայի (սառեցում, տոկոսի նվազեցում, ժամկետի երկարաձգում կամ այլ տարբերակ) մասով տվյալները: Հիմնականում աշխատանքը  կորցրած  մարդկանց խնդիրը կփորձեն առաջին հերթին լուծել:

Հիշեցնենք, որ 2018թ. հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է գործունեությունը, իսկ հոկտեմբերի 23-ից աշխատակիցներն աշխատանքից ազատվելու ծանուցումներ էին ստացել։ Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան բանկում» գրավադրված էր Թեղուտի հանքավայրի կառուցման համար Վալերի Մեջլումյանի կողմից բանկից վերցրած մոտ 500 մլն դոլար վարկի դիմաց: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ-Հայաստան բանկի» սեփականությունն է:

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս