Նիկոլ Փաշինյանն այլևս նախկինը չէ. Հիմա կառավարությունը չէ, որ պետք է մտածի քաղաքացու հոգսերը հոգալու մասին
Հասարակության շրջանում գնալով խորանում է հիասթափությունն իշխանությունների գործողություններից։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե իշխանափոխությունը որքանով չլուծեց այն խնդիրները, որոնք կային երկրում։
Մի պահ մարդիկ հույս ունեին, որ գալու է Նիկոլ Փաշինյանը և հոգալու է իրենց հոգսերը։ Եկավ Նիկոլ Փաշինյանը, բայց հոգսերը շարունակում են թակել մարդկանց դռները։
Ժամանակն անցնում է, իսկ երկրում սոցիալական իրավիճակը չի փոխվում։ Նիկոլ Փաշինյանն էլ այլևս նախկինը չէ։
Հիմա արդեն նա չի էլ ուզում լսել այն մարդկանց, ովքեր իրեն բերեցին իշխանության, ովքեր ոչ վաղ անցյալում Հայաստանի 3 միլիոն վարչապետներից մեկն էին և իրավունք ունեին ոտքով բացել պետական հիմնարկների դռները։
Հիմա արդեն ամեն մարդ ինքը պիտի հոգա իր հոգսը, դա այլև կառավարության խնդիրը չէ։
Հիմա արդեն վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը ոչ պակաս քամահրանքով է խոսում Հայաստանի հպարտ քաղաքացու հետ, ինչպես խոսում էին նախկինները։
Հիմա արդեն երկրում սոցիալական վատ վիճակի մեղավորը ոչ թե կառավարությունն ու քաղաքական իշխանությունն է, այլ քաղաքացիները, ովքեր չեն ուզում աշխատել և հոգալ իրենց հոգսերը։
Պարզվում է՝ Հայաստանում այլևս աշխատատեղի խնդիր չկա, պարզապես մարդիկ չեն ուզում աշխատել։ Աշխատանք կա, բայց աշխատող չկա։
«Շիրակի մարզում նույնպես ականատես եղանք բազմաթիվ դեպքերի, երբ գործարարները չեն կարողանում աշխատողներ գտնել, իսկ որոշ աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում»,- ասում է վարչապետը։
Թվում է, թե իշխանափոխությունից հետո Հայաստանում այնքան նոր աշխատատեղեր են ստեղծվել, որ աշխատողներն այլևս չեն բավականացնում։
Պարզ է, որ այդպես չէ։ Ավելին, այս ընթացքում գուցե Հայաստանում ավելի շատ աշխատատեղեր են փակվել, քան բացվել։ Ընդ որում, նաև կառավարության մեղքով։
Հիմա, երբ մարդիկ բողոքում են աշխատանք չունենալուց, դա ամենևին էլ չի նշանակում, թե աշխատանք կա, բայց նրանք չեն ուզում աշխատել։ Եվ պետք չի տպավորություն ստեղծել, թե կառավարությունը բոլոր պայմաններն ապահվել է, որպեսզի մարդիկ աշխատեն ու ինքնուրույն հոգան իրենց հոգսերը։
«Մենք միկրոբիզնեսն ազատում ենք հարկերից, հոգում ենք մինչև 18 տարեկանների, սոցիալապես անապահովների, ժամկետային և պայմանագրային զինծառայողների ընտանիքների անդամների կենսական առողջապահական կարիքները, շուտով ընտանեկան նպաստի համակարգը կվերափոխենք այնպես, որ երեխա ունեցող ընտանիքը ոչ մի կերպ չի զրկվի նպաստից և աշխատելու, եկամուտ ստանալու հնարավորություն կստանա: Մենք արտոնյալ վարկավորման տասնյակ ծրագրեր ենք իրականացնում, մենք ասում ենք, որ ոչ մի սովորող ուսանող ուսման վարձի պատճառով դուրս չի մնա բուհից, մենք պատրաստվում ենք կատարել աղետի գոտու բնակիչների նկատմամբ պետության ունեցած բոլոր պարտավորությունները:
Մնացած հոգսերն ամեն ընտանիք ինքը պետք է հոգա իր օրինական աշխատանքով: Եվ Հայաստանում կա աշխատանք: Հայաստանում հնարավոր է ստեղծել աշխատանք:
Բացի աշխատանքից, բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա։ Բոլոր նրանք, ովքեր այլ բան են ներշնչում մեր ժողովրդին՝ ուզում են նրան պահել մի քանի կոռուպցիոների նախընտրական որդնած բրնձի հույսին»,- իր ֆեսյբուքյան էջում գրում է Նիկոլ Փաշինյանը:
Ի՞նչ աշխատանքի մասին է խոսում վարչապետը։ Որտե՞ղ են այդ աշխատատեղերը։ Հեշտ է ասել՝ աշխատանք կա, իսկ մարդիկ չեն ուզում աշխատել։ Բա ինչո՞ւ է պաշտոնական վիճակագրությունը 20 տոկոս գործազրկության մասին խոսում։ Ավելի քան 200 հազար մարդ աշխատանք չունի։
Այնպես չէ, որ աշխատատեղերը թափված են, բայց մարդիկ չեն ուզում աշխատել։ Չկա նման բան։ Բոլորն էլ տեսնում են, որ Հայաստանում աշխատանք կամ պատշաճ վարձատրվող աշխատանք չկա։ 2-3 հազար թափուր աշխատատեղեր միշտ էլ եղել են, և դա նորություն չէ։ Բայց դրանք չափազանց ցածր են վարձատրվում կամ խիստ մասնագիտական են։
Եթե աշխատատեղերն այդպես թափված են, և մարդիկ չեն ուզում աշխատել, ինչո՞ւ են դա անում արտերկրում։ Մի՞թե այդքան հաճելի է կտրվել ընտանիքից ու հարազատներից, աշխատանք փնտրել դրսում, բախվել շատ ու շատ խնդիրների, բայց ներսում չաշխատել։ Դրա համար պատճառ պե՞տք է լինի, թե՞ ոչ։ Եթե որևէ մեկին թվում է, թե 50 կամ 60, նույնիսկ 100 հազար դրամով կարելի է ընտանիք պահել, ապա չարաչար սխալվում է։
Գուցե կառավարությունն ասի, թե իշխանափոխությունից հետո անցած 15 ամիսների ընթացքում քանի ձեռնարկություն է բացել, քանի նոր աշխատատեղ է ստեղծել։ Թե՞ դա այլևս կառավարության հոգսը չէ, և քաղաքացու խնդիրն է՝ մտածել իրեն աշխատանքով ապահովելու մասին։
«Մենք միկրոբիզնեսն ազատում ենք հարկերից»,- ասում է վարչապետը։
Ի՞նչ միկրոբիզնեսի մասին է խոսքը։ Այն միկրոբիզնեսի, որին կառավարությունը պատրաստվում է հարկերից իբր թե ազատել հաջորդ տարվանից։ Այսինքն` իշխանափոխությունից գրեթե երկու տարի հետո։ Ու դեռ մեծ հարց է, թե այն ինչ է տալու միկրոբիզնեսին։ Նախկինում էլ այդ նույն միկրոբիզնեսը գրեթե նույնպիսի արտոնություններ ուներ` մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Դրանից շատ բան չի փոխում։
Անիմաստ է խոսել մանր բիզնեսով զբաղվելու համար արտակարգ պայմաններ ապահովելու մասին։ Հատկապես որ, նույն միկրոբիզնեսը գործելու է բոլորովին այլ իրավիճակում և խիստ հարկային մամլիչի տակ։ Այդ դեպքում միկրոբիզնեսն իրականում կգտնվի ավելի ծա՞նր, թե՞ թեթև հարկային դաշտում, դեռ ժամանակը ցույց կտա։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը բազմաթիվ հարցերում այլևս այնպիսին չէ, ինչպիսին մինչև վարչապետ դառնալն էր։ Ու որքան էլ փորձ արվի տպավորություն ստեղծել, որ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ անում է հասարակության խնդիրները լուծելու համար, մարդիկ ոչ միայն լսում են, այլև տեսնում, թե ինչ է կատարվում իրենց շրջապատում։
Այնպես որ, հիմա արդեն դժվար է լինելու մարդկանց կերակրել դատարկ խոսքերով։ Հասարակությունը մանդատ է տվել այս իշխանությանը ոչ թե նրա համար, որպեսզի շատ արագ մոռանա իր հոգսերը, այլ լուծումներ տա դրանց։
Այսօր այդ լուծումները չեն երևում։ Կառավարությունը մոռացել է իր սոցիալական պատասխանատվության մասին և փորձում է հասարակության վրա դնել վատ ապրելու մեղավորությունը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ